
վատ «ավանդույթի» ուժով՝ «Արդարություն» դաշինքի գործիչներից եւ ոչ մեկը
երեկ ներկա չէր դատական այն նիստին, ուր քննվում էր Գրիշա Վիրաբյանի բողոքը,
որով նա պահանջում էր պատասխանատվության ենթարկել իրեն խոշտանգած ոստիկաններին:
Իր ոտնահարված իրավունքներն արդեն 3-րդ ատյանում՝ Վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերի պալատում ապարդյուն պաշտպանել փորձող Գրիշա Վիրաբյանի կողքին էր միայն ՀԺԿ անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը, որն իր պայմանական պատիժն է կրում Գյումրիի միջադեպին մասնակցելու համար, ու նաեւ՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իրավախորհրդատու Ժորա Խաչատրյանը:
Դեռ հունիսի 6-ին էր Վիրաբյանի պաշտպանը դիմել դատախազություն՝ Գրիշա Վիրաբյանին ծեծի ենթարկած Արտաշատի ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրգործ հարուցելու միջնորդությամբ: Միջնորդությունը մերժվել էր՝ որակվելով անհիմն այն պատճառաբանությամբ, թե իբր Գրիշա Վիրաբյանի նկատմամբ հարուցված գործի նախաքննության ընթացքում քննվել են նաեւ ոստիկանների գործողությունները եւ չի հայտնաբերվել նրանց կողմից պաշտոնական լիազորությունների սահմանազանցման հանգամանք: Կարելի էր եզրակացնել, թե Գրիշա Վիրաբյանին խոշտանգելը՝ նրա կրծքավանդակը, կողերը եւ ամորձիները վնասելը ոստիկանների լիազորությունների շրջանակում է: Սակայն նախաքննության մարմինը գտել է, թե այդ խոշտանգումներն իրականացրածներից մեկը՝ Քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովհաննես Մովսիսյանը, «գործել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում», ուստի եւ «չի իրականացվել քրեական հետապնդում»: Այդ որոշումը Վիրաբյանի պաշտպանը բողոքարկել էր Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան, որն առանց քննության էր թողել այն՝ հիմնավորելով, թե պաշտպանի միջնորդությունը մերժելու վերաբերյալ քննիչի որոշումն ընթացակարգային է եւ ՔԴՕ-ի համաձայն՝ ենթակա չէ դատական բողոքարկման: Երեկ էլ Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ հաստատեց այդ մոտեցումը:
Սակայն դատավարության ընթացքում պալատի անդամներից մեկը՝ դատավոր Դավիթ Ավետիսյանը (հայտնի է «Վահան Հովհաննիսյան+30» գործով) մասնավորապես հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Վիրաբյանն առաջարկում քրեական հետապնդում սկսել ոստիկանների դեմ, երբ հարուցված է եղել քրգործ. «Դուք, փաստորեն, դժգոհ եք նախաքննության ընթացքից եւ արդյունքներից»: Ակնարկը պարզ էր՝ վիճարկեք գործը կարճելու որոշումը, ինչն, ի դեպ, Գրիշա Վիրաբյանը դարձյալ արել է՝ բողոք հղելով դատախազություն:
Մարդու իրավունքների պաշտպանի իրավախորհրդատու Ժորա Խաչատրյանը դատավարությունից հետո հաստատեց, թե առանձին քրգործ հարուցելու մասին միջնորդության մերժումը բողոքարկելն այն խնդիրը չէր, որ ի սկզբանե պետք էր վիճարկել. «Հարկ էր բողոքարկել տվյալ քրեական գործում ոստիկանության դեմ կատարված քննության վերաբերյալ որոշումը, որով հետապնդում չիրականացվեց ոստիկանների դեմ: Այսինքն՝ այն իբր իրականացվել էր ու դադարեցվել: Մենք գտնում ենք, որ տվյալ քրգործով ոստիկանության դեմ կատարվել է ոչ օբյեկտիվ քննություն, եւ փոխանակ Գրիշա Վիրաբյանին վերագրեին ինքնապաշտպանություն՝ այն վերագրվել է ոստիկաններին»:
Գրիշա Վիրաբյանը հայտնեց, թե քրգործը կարճելու որոշման դեմ իր բողոքին դեռ պատասխան չի ստացել դատախազությունից: Հեշտ է կանխատեսելը, որ այն եւս բացասական կլինի: Սակայն նա եւս մեկ անգամ հայտարարեց. «Գնալու եմ մինչեւ վերջ՝ ընդհուպ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ես հույս չունեմ, որ Հայաստանում կարող եմ հասնել արդարության»:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. Իսկ թե ինչպես է նախաքննության մարմինը «քննել» Գրիշա
Վիրաբյանի նկատմամբ իրականացված խոշտանգումները՝ գործի նյութերի հիման վրա
կանդրադառնանք առաջիկայում:


















































