Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլնիսում

Դեկտեմբեր 11,2004 00:00

Բոլնիսում բոլ-բոլ խնդիրներ կան Չնայած վատ պայմաններին, բոլնիսցի մեր հայրենակիցները ոչ մի տեղից օգնություն չեն ակնկալում Վրաստանի Բոլնիս հայաբնակ գյուղում 1096 տնտեսություն կա, որից միայն 640-ում է մարդ ապրում: Երիտասարդներն հեռանում են գյուղից, քանի որ աշխատելու տեղ չունեն: Նրանք կամ Հայաստան, կամ Ռուսաստան են գնում: Բոլնիսի գյուղապետ Մարինե Անանյանի կարծիքով, այժմ երիտասարդներն ավելի շատ ՌԴ են մեկնում: Գյուղի տների մեծ մասն այժմ դատարկ է: Շատ քչերն են իրենց տները վաճառում, քանի որ այստեղ ամենալավ տունն անգամ 1000 դոլարից պակաս է գնահատվում: Բոլնիս գյուղում որեւէ արտադրություն չկա: Գյուղացիների միակ եկամուտը հողից կամ խոզաբուծությունից է ստացվում: Գյուղի գրեթե բոլոր բնակիչները գինեգործությամբ են զբաղվում կամ էլ ծիծակ են թթվեցնում: Ի դեպ, խաչենցիների ծիծակը հայտնի է ամբողջ Վրաստանում: Սպառողների մեծ մասը վրացիներ կամ ադրբեջանցիներ են: Գյուղի շրջակայքում մի քանի ադրբեջանական գյուղեր կան: Մ. Անանյանը նշեց, որ ադրբեջանցիների հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանվում են: Գյուղացիները բողոքում էին խմելու ջրից: Նրանք պատմում էին, որ ջուրը տարայում մեկ օր պահելուց հետո սարսափելի հոտ է բուրում: Ի դեպ, գյուղն օրական 4-6 ժամ հոսանք է ստանում: «Հոսանքը երեկոյան ժամը 6-ից հետո է լինում եւ այդ ընթացքում ոչինչ չենք հասցնում, օրերով հեռուստացույցի կարոտ ենք մնում»,- վրդովված պատմեց խաչենցի Նազիկ Հովհաննիսյանը: Ի դեպ, նա եւ ամուսինը Վրաստանից հեռանալու հնարավորություն չունեն, քանի որ ժամանակին չեն փոխել խորհրդային անձնագրերը (որոշակի խնդիրներ են ունեցել ծննդյան վկայականների եւ արխիվային այլ փաստաթղթերի հետ կապված): Իսկ այժմ դրա համար 170-200 լարի (մոտ 10 օր առաջ $1=1,76 լարիի) գումար է պահանջվում: Այսպիսով, նրանք չեն կարողանում այցելել Հայաստանում եւ Ռուսաստանում բնակվող որդիներին: Վրաստանաբնակ հայերից նրանք միակը չեն, որ անձնագրի հետ կապված խնդիր ունեն: Բոլնիս գյուղում նաեւ ծննդատուն չկա, նույնիսկ մանկաբարձուհի չունեն: Ծննդաբերող կանայք ստիպված են լինում տասնյակ կիլոմետրեր հեռու գտնվող հիվանդանոց հասնել: Շատերը փորձում են տնային պայմաններում, հարեւանների եւ բարեկամների օգնությամբ լույս աշխարհ բերել իրենց մանուկներին: Բոլնիս- Խաչենում ընդամենը մի փոքր բուժկետ կա, որտեղ մեկ ընտանեկան բժիշկ, 2 բուժքույր եւ 1 ատամնաբույժ է աշխատում: Մ. Անանյանն ասաց, որ եթե գյուղը որեւէ օգնություն ստանար եւ երիտասարդների համար զբաղմունք ու աշխատատեղ ստեղծվեր, ապա վիճակը կամաց-կամաց կբարելավվեր. «Սակայն դեռ ոչ մի տեղից սպասելիք չունենք»: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031