Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՑԵՐ

Հունվար 12,2005 00:00

ՀԱՐՑԵՐ «ԿՈՆՍՈԼԻԴԱՑՆԵԼՆ» ԷԼ ԴՐԱԿԱՆ ՔԱՅԼ Է Ըստ ադրբեջանական աղբյուրների, երեկ Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակը: Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ Պրահայում՝ Չեխիայի ԱԳՆ Տոսկանա պալատում տեղի ունեցավ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որտեղ վերջիններս քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: Այդ հանդիպման վերաբերյալ Բաքվի «525-րդ թերթը», վկայակոչելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովին, գրում է, թե՝ «ԼՂ շուրջ բանակցություններն ընթանում են հակամարտության փուլային կարգավորման տարբերակին համապատասխան ուղղությամբ»: Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ այդ տարբերակը ներառում է մինչ օրս տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունները: «Իսկ Հայաստանը տարիներ շարունակ չէր համաձայնում բանակցությունները շարունակել այդ սկզբունքների հիման վրա: Այժմ բանակցություններն ընթանում են այդ հունով, որոշում է կայացվել գործընթացը շարունակելու վերաբերյալ: Հուսով ենք, որ փուլային տարբերակին համապատասխան, այս տարի լուրջ քայլեր կձեռնարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- կարծիք է հայտնել Ն. Մամեդովը՝ միաժամանակ հերքելով փարիզյան եւ քիուեսթյան սկզբունքների գոյությունը: Այն, որ երեկ կայացած հանդիպման քննարկման համար հիմք է համարվում հակամարտության կարգավորման փուլային տարբերակը, վկայում է նաեւ ադրբեջանական «dayaz» էլեկտրոնային թերթը՝ մատնանշելով, թե երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում «բանավեճը կընթանա կոնկրետ հարցի՝ հակամարտության լուծման փուլային տարբերակի շուրջ»: Ավելի վաղ Մինսկի խմբի ռուս համանախագահող Յուրի Մերզլյակովն էր հայտարարել, թե հայկական կողմը համաձայնել է հակամարտության փուլային կարգավորման հետ, ինչը, մասնավորապես, ենթադրում է «գրավյալ շրջանների» (բացի Լաչինից) ազատում՝ Հայաստանի հաղորդակցական ուղիների բացման դիմաց: Հիշեցնենք, սակայն, որ ՀՀ ԱԳ նախարարը երբեք առիթը բաց չի թողել հերքելու համար ՀՀ իշխանությունների՝ ԼՂ հարցը փուլային տարբերակով լուծելու պատրաստակամության մասին տեղեկությունները: Թեեւ մինչ հանդիպումը Վ. Օսկանյանը հայտարարում էր բանակցային գործընթացի առաջխաղացման մասին, այդուհանդերձ, երեկ պատասխանելով «Ազատություն» ռ/կ հարցին՝ խոստովանեց, թե երեկ խոսքը գնացել է միայն ընդհանուր հարցերի շուրջ՝ առանց կոնկրետացումների: Ըստ նրա, ընդհանուր հարցերի շրջանակը հստակեցված է, բայց դեռեւս «այդ հարցերի կոնսոլիդացման կարիք է զգացվում», ինչը եւ փորձել են անել երեկվա հանդիպման եւ, թերեւս, կանեն նաեւ առաջիկա հանդիպումների ընթացքում եւս: Իհարկե, անգամ այդ ընդհանուր խոսակցությունների շուրջ ընթացած հանդիպումը Վ. Օսկանյանը «դրական» գնահատեց՝ հույս հայտնելով, որ եթե համաձայնություններ լինեն արդեն կոնկրետ հարցերի շուրջ, դրանց մասին կամաց-կամաց կարելի կլինի խոսել, «բայց այս պահի դրությամբ այս հանդիպումը ակնհայտ դարձրեց, որ, թերեւս, այդ հարցերն առավել պետք է կոնսոլիդացվեն: Այս հանդիպումը հիմնականում փորձեց դա անել»: Պրահյան բանակցությունների առաջին փուլում, ըստ Օսկանյանի, խոսվել էր կարգավորման ընդհանուր սկզբունքների մասին: Համաձայնություն կա՞ այդ սկզբունքների շուրջ: «Ազատություն» ռ/կ-ի այդ հարցին Վ. Օսկանյանը բացասական պատասխան տվեց: Ու չնայած, որ հերթական հանդիպումը այդպես էլ կոնկրետ հարցեր չի շոշափել, այդուհանդերձ, նոր հանդիպման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Թե՝ ե՞րբ եւ որտե՞ղ այն տեղի կունենա, առայժմ հստակեցված չէ: Հանդիպումից հետո ավելի սակավախոս է եղել Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը: Նա միայն ասել է, թե իր հայ գործընկերոջ հետ քննարկման հարց չեն եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ տարածքային փոխանակման հարցերը: Իսկ մինչ երկու երկրների նախարարները հերթական անգամ կհանդիպեն, արդեն մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական անգամ կայցելեն տարածաշրջան՝ հստակեցնելու ԵԱՀԿ փաստահավաք առաքելության այցի մանրամասները, որ ծրագրված է հունվարի վերջին: Ինչպես արդեն հայտնել ենք, առաքելության կազմում են լինելու ադրբեջանական եւ հայկական փորձագետներ, Մինսկի խմբի համանախագահներ, Գերմանիայի, Իտալիայի, Շվեյցարիայի եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչներ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել