Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԵՍՊՐԵԴԵԼԻ ԵՆ ԱՆՑԵԼ»

Փետրվար 19,2005 00:00

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԵՍՊՐԵԴԵԼԻ ԵՆ ԱՆՑԵԼ» Այդպես են ԱԺ իշխանամետ խմբակցություններն արձագանքում ընդդիմության համանման մեղադրանքներին Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը 30 օրով կրկին հետաձգեց ԱԺ նիստերից անհարգելի բացակայած ընդդիմադիր պատգամավորների հարցի քննարկումը: Հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը այս որոշումը հրապարակելուց առաջ ասաց. «Հիմա լրատվամիջոցները կգրեն, որ հանձնաժողովը կրկին խախտեց ԱԺ կանոնակարգը»: «Եվ շատ ճիշտ կանեն»,- տեղից արձագանքեց հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ի դեպ, հենց Գալուստ Սահակյանն առաջարկեց հարցը հետաձգել: Իսկ Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարեց. «Պետք է համաձայնել Գալուստ Գրիգորեւիչի հետ, թեկուզ եւ մենք, այս անգամ ասում եմ, թույլ ենք տալիս կանոնակարգի խախտում»: Պատգամավորներից ոչ մեկը մտադիր չէր իր վրա վերցնել ընդդիմադիր «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցություններին մանդատից զրկելու հարցի պատասխանատվությունը: Արդեն մեկ տարի խորհրդարանի աշխատանքները քաղաքական նպատակներով բոյկոտող խմբակցությունների պատգամավորների բացակայությունները իշխանական կոալիցիայի անդամները չեն ուզում անհարգելի ճանաչել: Հարցը, ինչպես հանձնաժողովի երեկվա նիստում հայտարարեց ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը, քաղաքական է, եւ որոշումն էլ պետք է քաղաքական լինի: Իսկ քաղաքական որոշում առայժմ չի կայացվի: Բոլորն էլ վստահ են, որ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ԱԺ չորսօրյաների ընթացքում հարցը քննարկման չի դնի, թեպետ այն արդեն վաղուց է ԱԺ օրակարգում: Ուրեմն ինչո՞ւ պետաիրավականի անդամները կրկին վատամարդ լինեն: Մինչ հարցի քննարկումը հանձնաժողովում 30 օրով հետաձգելու մասին որոշում կայացնելը՝ Ռաֆիկ Պետրոսյանը ասաց, որ իրենք երեկվա նիստի մասին տեղյակ են պահել նաեւ ընդդիմադիր խմբակցություններին, բայց «Արդարություն» խմբակցությունը ընդհանրապես չի արձագանքել, միայն թերթերի միջոցով է հայտնել, որ իրենք չեն գալու նիստերին, իսկ «Ազգային միաբանությունը» պատասխանել է. «Մինչեւ փետրվարի 4-ը՝ ՀՀ նախագահի կողմից հունվարի 19-ին վավերացվել են վերը նշված փոփոխությունները, եւ մեր խմբակցության անդամների բացակայությունները հանձնաժողովի նիստում հարգելի կամ անհարգելի համարելու անհրաժեշտություն չի լինի»: Այս ամենը ներկայացնելով՝ Ռաֆիկ Պետրոսյանը հավելեց. «Սա շփոթ է, որովհետեւ հին հարցերը պետք է կարգավորվեն հին օրենքներով, այսինքն՝ այդ հարցը պետք է լուծվի նախկին կանոնակարգով»: Ավելի ուշ, մեր խնդրանքով մեկնաբանելով պետաիրավական հարցերի հանձնաժողովի որոշումը՝ բացակայությունների հարցի քննարկումը հետաձգելու մասին, «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը նկատեց. «Օրենքը խախտելը դարձել է պրակտիկա ինչպես խորհրդարանում, այնպես էլ՝ երկրում ընդհանրապես»: Իսկ հանձնաժողովը պարտավոր էր հարցն առաջին անգամ քննարկելու ժամանակ առաջնորդվել ԱԺ Կանոնակարգ-օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ կետով, որը փաստում է. «Հանձնաժողովը հերթական նստաշրջանի առաջին չորսօրյա նիստերի քննարկմանն է ներկայացնում եզրակացություն եւ որոշման նախագիծ՝ նիստերի կեսից ավելիին պատգամավորների բացակայության մասին»: ՄԱԿ խմբակցության նախագահ Գուրգեն Արսենյանը թեպետ հանձնաժողովի անդամ չէ, բայց ռեպլիկի կարգով նկատեց. «Գալուստ Գրիգորեւիչ, երեք կոճակ կա, կորոշենք, թե որը կսեղմենք, հանձնաժողովի կայացրած որոշումը շատ օրինական էր, նաեւ օրինական էր ԱԺ նախագահի կողմից իրականացվող գործառույթը, որովհետեւ ԱԺ նախագահն է որոշում քննարկվող հարցերի հերթականությունը»: ՄԱԿ-ի դիրքորոշումը ներկայացնելով՝ Գուրգեն Արսենյանն ասաց, որ ճիշտ կլինի «վիճահարույց հարցը անվերջ շրջանառությունից գար, մտներ, կքվեարկեինք, բացակայությունների պատճառը կհամարեինք հարգելի, կվերջանար, կգնար»: Գալուստ Սահակյանը, որը նստած տեղից արձագանքել էր՝ «գուցե 30 օրից խելքի գան», ավելի ուշ ասաց, որ կատակ է արել. «Նախ կատակ արեցի, բոլորս էլ ուզում ենք, որ անհարգելի բացակայողները մասնակցեն նիստերին, առավել եւս, ասեմ, որ դեռեւս որոնվում են քաղաքական լուծումներ, իսկ հարցը պիտի լիագումար նիստում քննարկվի: Համոզված եմ, որ որեւէ մեկը չի ցանկանում, որպեսզի ընդդիմության ներկայացուցիչները մանդատից զրկվեն»: Ստացվո՞ւմ է, որ կոալիցիան Կանոնակարգի ձեռքը կրակն է ընկել: Ոչ, Գալուստ Գրիգորեւիչը այս կարծիքին չէ. «Ոչ թե Կանոնակարգի ձեռքն ենք կրակն ընկել, այլ ավելի շատ ընդդիմության վերաբերմունքի ձեռքն ենք կրակն ընկել: Գոնե այս ամիսների ընթացքում բոյկոտ հայտարարեին, որ հանձնաժողովների նիստերն են բոյկոտում, բոյկոտ անեին, որ աշխատավարձերը ուղարկում են որբանոց, այսինքն՝ ընթացքը ընթացք չունի: Դրա համար ես կարեւորում եմ, որ հարցը պետք է քննարկվի լիագումար նիստում: Հարցը ԱԺ նախագահի լիազորությունների շրջանակում է, բայց միայն ես եմ պնդողը, որ լիագումար նիստում պետք է քննարկվի: Առավել եւս մեղադրում եմ այն խմբերին ու խմբակցություններին, որոնք չեն պնդում, որ Կանոնակարգն իրագործվի»: Ընդունենք՝ հարցը քննարկվեց լիագումար նիստում, ինչպե՞ս կքվեարկի ՀՀԿ-ն: Այս դեպքում քվեարկությունը պարոն Սահակյանը երկրորդական է համարում. «Այսօր որեւէ մեկը տրամադրված չէ մանդատը ետ վերցնել, մանդատը տվել է ժողովուրդը»: Իսկ եթե հարցը կրկին չդրվի լիագումար նիստում, ո՞րն է լինելու անելիքը. «Հետեւանքը կլինի, որ բեւեռացում կառաջանա քաղաքական դաշտում»: Մեր զրուցակցի կարծիքով՝ ընդդիմությունը «Քաղաքական «բեսպրեդելի» է անցել, այսինքն՝ երբ ուզենանք՝ կգանք, երբ չուզենանք՝ չենք գա»: Ընդդիմությունն էլ նույնը իշխանության հասցեին է ասում. «Ասում են, թող ասեն, բայց երբեք հետեւանքն այն չէ, որ մենք խորհրդարան չգանք»,- եղավ Գալուստ Գրիգորեւիչի պատասխանը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել