Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը պարզաբանում է Սահմանադրության նախագծերի քննարկման ձգձգման պատճառները:
Տեւական ժամանակ է, ինչ չեն կայանում այս հանձնաժողովի նիստերը: Մեր խնդրանքով ներկայացնելով, թե որոնք են սահմանադրական քննարկումների ձգձգման պատճառները՝ Տիգրան Թորոսյանն ասաց. «Սկզբում (եւ սա գաղտնիք չէր՝ ցանկացած մեկը, որ դիմել է հանձնաժողովին, ստացել է այդ պատասխանը) պատճառը մեկն էր. կոալիցիոն կառավարություն ձեւավորած կուսակցություններն անհրաժեշտ էին համարել լրացուցիչ քննարկումներ անցկացնել սահմանադրական փոփոխությունների նախագծի առնչությամբ: Այդ պատճառով խնդրել էին հետաձգել հանձնաժողովի հերթական նիստը»:
Կոալիցիայի այդ խնդրանքի մասին առավել մանրամասն զրուցեցինք քիչ անց: Իսկ մինչ այդ՝ հանձնաժողովի մարտի 9-ի նիստի չկայանալու մասին, որտեղ պիտի քննարկվեին նախագահին վերաբերող փոփոխությունները: Այս առնչությամբ մամուլում հրապարակվեց, թե հանձնաժողովում ներկայացվել է, որ ՄԱԿ խմբակցության նախագծի զեկուցող Գրիգոր Ղոնջեյանը բացակայում է՝ մեկնել է Ստրասբուրգ: «Այստեղ պրն Ղոնջեյանը բացարձակապես կապ չունի,- պարզաբանեց Տիգրան Թորոսյանը:- Նա իրոք պետք է պատգամավորների խմբի հետ մեկներ Ստրասբուրգ՝ Մարշալի կենտրոնի կազմակերպած քննարկումներին մասնակցելու համար: Եվ ի պատիվ իրեն՝ պետք է ասել, որ հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով նա հրաժարվեց մեկնելուց: Սակայն նիստի հետաձգումը շատ պարզ բացատրություն ունի. հանձնաժողովն ունի 9 անդամ: Նրանցից 2-ը, որ ներկայացնում են ընդդիմությունը, երբեք չեն մասնակցում նիստերին: 7-ից 2-ը՝ Արարատ Մալխասյանը եւ Մկրտիչ Մինասյանն այս օրերին Ստրասբուրգում են: Գուրգեն Արսենյանը եւս քաղաքում չէ: Կարծում եմ, պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ Երեւանում էին հանձնաժողովի ընդամենը 4 անդամ, եւ թվաբանությունից քիչ թե շատ տեղեկություններ ունեցողների համար պետք է ակնհայտ լինի, որ հնարավոր չէր ապահովել քվորում: Շատ զարմանալի է, որ թերթերից մեկն անգամ գրել էր, թե հանձնաժողովի անդամներից միայն Գրիգոր Ղոնջեյանը Երեւանում չէ եւ ինչպե՜ս կարող է քվորում չլինել: Անգամ իրենց նեղություն չէին տվել պարզելու, որ Ղոնջեյանը հանձնաժողովի անդամ էլ չէ, եւ նույնիսկ նրա բացակայությունը որեւէ կերպ չէր անդրադառնա քվորումի վրա»:
Խնդրեցինք մանրամասնել, թե ինչո՞վ էր պայմանավորված կոալիցիայի խնդրանքը՝ քննարկումները հետաձգելու վերաբերյալ: Ակնհայտ է, թե հանձնաժողովի նման տեմպով աշխատելու դեպքում քննարկումները չեն ավարտվի այն ժամկետներում, որ հանրաքվեն տեղի ունենա նախատեսվածի պես՝ ամռանը: Ուստի՝ արդյոք այս հետաձգմամբ կոալիցիան խնդիր չէ՞ր ունեցել իրականացնել Ռոբերտ Քոչարյանի չբացառած տարբերակը, որ սահմանադրական հանրաքվեն համատեղվի տեղական ինքնակառավարման մարմինների՝ աշնանը կայանալիք ընտրությունների հետ: «Նախ՝ եթե ինչ-ինչ ձգձգումներ եղել են՝ հանձնաժողովի հետ կապված չէ: Միայն այս մի դեպքում էր, որ մի քանի անդամների բացակայության պատճառով քվորում իսկապես չեղավ: Այլ որեւէ դեպք չի եղել, որ հանձնաժողովը չցանկանա նիստեր գումարել,- ասաց պրն Թորոսյանը:- Իսկ կոալիցիոն կառավարություն ձեւավորած կուսակցությունները լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն էին տեսել այն պարզ պատճառով, որ փորձ անեն ճշտել մոտեցումներն այն առաջարկների վերաբերյալ, որոնք Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է կոալիցիայի նախագծի կապակցությամբ: Ինչ վերաբերում է հանրաքվե անցկացնելու ժամկետին՝ կարծում եմ, որ եթե արդյունավետ աշխատանք իրականացվի, ապա ապրիլին կայանալիք քառօրյայի ընթացքում առաջին ընթերցմամբ կքննարկվեն նախագծերը: Եվ հնարավոր կլինի մինչ նախանշված ժամկետն ամեն ինչ ավարտել ու հիմք ընդունված նախագծի վրա աշխատելուց հետո՝ այն ներկայացնել հանրաքվեի»:
Սակայն առավել հեշտ տարբերակ էլ կա. Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության մեջ առկա բոլոր տարբերակներից նախապատվությունը տվել է 2001-ին մշակվածին: Եվ եթե կոալիցիան իրոք ցանկություն ունի իր դիրքորոշումը համադրել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը՝ կարող է ուղղակի հրաժարվել սեփական նախագծից եւ շրջանառության մեջ դնել 2001-ի նախագիծը: Այս առնչությամբ հիշեցրինք, թե կոալիցիայի նախագիծը քննադատել է անգամ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը: Այս մասին մեր հիշեցմանը Տիգրան Թորոսյանն արձագանքեց ճշտմամբ, թե ՍԴ անդամի հետ մեր թերթում հրապարակված հարցազրույցում նշվել է, որ ինքը պնդել է, թե այս փոփոխություններում ամրագրված է իշխանության տարբեր թեւերի միջեւ հավասարակշռումների եւ զսպումների մեխանիզմը. «Մի բան, որ բացարձակապե՛ս, երբե՛ք չեմ ասել: Ճիշտ հակառակը՝ առիթներ եղել են ասելու, որ այդ համակարգը բարելավման անհրաժեշտություն ունի՝ ընդ որում, ե՛ւ կոալիցիայի, ե՛ւ ՄԱԿ-ի նախագծերում: Ավելի՛ն՝ այլ հարցեր էլ կան, որոնք նույնպես ունեն լրամշակման կարիք, եւ այս մասին ասվել է հանձնաժողովի նիստերում քննարկումների ժամանակ: Կարծում եմ, որ մատնանշելով 2001-ի նախագիծը՝ Վենետիկի հանձնաժողովը պարզապես փորձել է օգնել նախագծերի վրա աշխատողներին եւ ոչ թե ասել, թե միակ տարբերակը դա է, եւ միայն այդ դեպքում է, որ իրենք կտան դրական եզրակացություն»:
Վերջում փորձեցինք ճշտել, թե մարտի 14-ին նախատեսվածի պես նիստ կգումարի՞ Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովը, թե՞ քննարկումներն էլի կհետաձգվեն: Տիգրան Թորոսյանն ի պատասխան հույս հայտնեց, թե հանձնաժողովի անդամներից գոնե 5 հոգի ներկա կլինեն, եւ նիստը կկայանա:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ