Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉԻ՞Ց

Մարտ 31,2005 00:00

ԻՆՉԻ՞Ց Է ՍԿՍՎՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ «Մեր երկրի սահմանն այնտեղ է, մինչեւ որտեղ մենք կարողանում ենք պահել»,- ասում է Սերժ Սարգսյանը Երեկ ավարտվեցին «ԼՂ հիմնախնդիր, կարգավորման ուղիներ» թեմայով խորհրդարանական լսումները: Ներկայացնում ենք միայն պաշտպանության նախարարի պատասխանները գրավոր հարցերին: – Հնարավո՞ր եք համարում պատերազմի վերսկսումը եւ այդ դեպքում մեր բանակը, տնտեսությունը, պետությունը պատրա՞ստ են դիմակայել: – Ես նշեցի երեք սկզբունքներ, որոնք, իմ տեսանկյունից, պարտադիր են հարցի լուծման ժամանակ: Ես երբեք չեմ բացառել պատերազմի վերսկսման հավանականությունը: Չեմ բացառել ոչ 95-ին, ոչ 99-ին, եւ ոչ էլ այսօր: Այդպիսի հավանականություն մշտապես կա եւ որեւէ մեկը երաշխավորված չէ դրանից: Չեմ հասկանում այն քաղաքական գործիչներին, ովքեր հայտարարում են, թե պատերազմի վերսկսման վտանգ չկա: Կարելի է մտածել, թե այդ մարդիկ ունեն հատուկ ծառայություններ, ունեն հարյուր տոկոսանոց տեղեկություններ, թե ինչ է մտածում մեր հակառակորդը: Ինձ համար դա լուրջ չէ՝ անկախ նրանից, թե ով է այդ մասին ասում: – Դուք որպես զիջում նշեցիք ԼՂՀ-ում լրացուցիչ հանրաքվե անցկացնելու հնարավորությունը, այդ դեպքում չի՞ ենթադրվում ադրբեջանցիների վերադարձը ԼՂՀ եւ դրանից հետո միայն հանրաքվեի անցկացում: Ճշտվա՞ծ են ԼՂՀ սահմանները եւ հակամարտության սահմանները՝ ընդհանրապես: – Ոչ, այդպես չի նշանակում, որովհետեւ իմ զեկուցման մեջ ասացի, որ հանրաքվեն կընդունվի, եթե այն անցկացվի ԼՂ Ինքնավար Մարզի բնակչության շրջանում եւ նրանց այսօրվա բնակության վայրում: Ի՞նչ է նշանակում՝ ճշգրտված են արդյոք սահմանները, ո՞ւմ կողմից՝ միջազգային հանրությա՞ն, թե՞ մեր կողմից: – 2001-ից դուք պարբերաբար խոսում եք տարածք հանձնելու անխուսափելիության մասին, արդյոք դա չի՞ կարող մեկնաբանվել որպես ժողովուրդներին համոզելու Մինսկի խմբի հանձնարարության կատարում: – Ոչ, չի կարող այդպես դիտվել, որովհետեւ ես 2001-ից չեմ խոսում փոխզիջումների մասին, ես փոխզիջումների մասին խոսում եմ ընդհանրապես 90-ականների սկզբից, ես փոխզիջումների մասին խոսել եմ նաեւ այն ժամանակ, երբ մեր ջոկատներին, մեր տղաներին համոզում էի, որ անհրաժեշտ է վերացնել շատ կրակակետեր, եւ այն ժամանակ էլ ասում էի, որ այդ կրակակետերի վերացումը կամ անվտանգության գոտու ստեղծումը երբեք նպատակ չի ունեցել ավելացնել Ղարաբաղի կամ Հայաստանի տարածքը: Այնպես որ, ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա ես չեմ կատարել եւ չեմ կատարում Մինսկի խմբի հանձնարարությունները: Ես միշտ կատարել, կատարում եւ կատարելու եմ իմ ժողովրդի հանձնարարությունը: Եթե կան մարդիկ, ովքեր հաճույքով կատարում են այլ երկրների հանձնարարություններ, դա իրենց պրոբլեմն է, ես այդպիսի պրոբլեմ չունեմ: – Ինչո՞ւ պետք է հայ վերեւները գան այնպիսի համաձայնության, որը ցավոտ լինի հայկական կողմի համար, եւ ինչո՞ւ մենք պետք է մեր անվտանգությունը հանձնենք խաղաղարարներին: – Ես որեւէ անգամ չեմ ասել, թե մենք մեր անվտանգությունը պետք է հանձնենք խաղաղարարներին. ինչպ՞ես կարող է մարդը իր երկրի անվտանգությունը հանձնել որեւէ մեկին, միայն ֆիզիկապես ոչ լիարժեք մարդը կարող է այդպիսի մտքեր արտահայտել, իսկ ես ինձ համարում եմ լիարժեք մարդ: Ուղղակի ես գտնում եմ, որ անվտանգության ապահովման գործում խաղաղարարները կարող են շատ լուրջ դերակատարություն ունենալ: Խաղաղարարների՝ հակամարտության գոտի մուտք գործելը երբեք չի նշանակում, որ մենք մեր բանակը զինաթափելու ենք կամ ընդհանրապես բանակ չենք ունենալու: Ինչ վերաբերում է ցավոտ համաձայնությանը, այո՛, ասել եմ, որ խնդրի լուծումն իրոք ցավոտ է լինելու մեր ժողովրդի եւ ադրբեջանական ժողովրդի համար: Որովհետեւ փոխզիջում նշանակում է ունեցածից զիջել ինչ-որ բան: Իսկ որեւէ մեկը անցավ, կամավոր ոչինչ չի զիջում: Եվ խոսքը ոչ թե վերեւների կողմից ինչ-որ բան զիջելու մասին է, այլ հայ ժողովրդի կողմից ինչ-որ բան զիջելու: Սա առիթ է, որ անդրադառնամ բոլոր այն ասեկոսեներին, բոլոր այն հերյուրանքներին, որ, կախված քաղաքական իրավիճակից, մերթընդմերթ գցում են մեր հասարակությանը՝ թե տեսեք, արդեն վերեւները պայմանավորվել են, փաստաթուղթ են ստորագրել եւ այլն: Սա լուրջ մարդու պահվածք չէ: Որեւէ մեկը, լինի նախագահ, պաշտպանության նախարար, վարչապետ կամ ԱԺ նախագահ, կամ՝ բոլորը միասին, չեն կարող մի փաստաթուղթ ստորագրել, որը անհնար է իրագործել եւ որը համաձայնեցված չէ խորհրդարանի, կառավարության եւ ժողովրդի հետ: Ի վերջո, ինչպե՞ս կարելի է այդպիսի խնդիրը գաղտնի լուծել: Դա հո գրի՞չ չի, որ գաղտնի հանես եւ ընկերոջդ տաս: – Դուք ասել եք, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, այդ դեպքում այդ մասերում որտե՞ղ է անցնում մեր հայրենիքի սահմանը: – Ցանկացած երկրի, այդ թվում նաեւ մեր երկրի սահմաններն անցնում են այնտեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը: Սա հանրահայտ ճշմարտություն է, ես ուղղակի կրկնում եմ մեր հայտնի նախնիներից մեկի խոսքերը: Որտեղ կկարողանանք պահել, այնտեղ էլ լինելու է մեր սահմանը: Իսկ եթե ուզում եք, մեկ անգամ եւս կրկնեմ՝ այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀ. Գ. Լսումների բոլոր ելույթները կտպագրվեն առանձին գրքույկով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031