Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ

Ապրիլ 13,2005 00:00

ԵԹԵ ՎԱՂԸ ՊԱՏԵՐԱԶՄ ԼԻՆԻ «Ղարաբաղյան հիմնախնդիր. 17-ամյա անավարտ պատմություն» խորագրի ներքո Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի անցկացրած սոցհարցման արդյունքները, որոնք երեկ ներկայացվեցին կենտրոնում, բավականին մտահոգիչ են։ Օրինակ, հարցման մեջ տեղ գտած «բայղուշությանը»՝ եթե պատերազմը վերսկսվի, ի՞նչ կանեք՝ հարցվողների համապատասխանաբար 7,9 եւ 6,6%-ը պատասխանել են՝ «ոչնչով չեմ օգնի» եւ «կհեռանամ Հայաստանից»: Ռազմական գործողություններին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել հարցվողների ընդամենը 24,8%-ը, իսկ ռազմաճակատին օժանդակող այլ աշխատանքների է պատրաստ 41,8%-ը: Եվս 25,5%-ը կաջակցի նյութապես: Հարցին՝ «Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանը կվերսկսի՞ պատերազմը», հարցման մասնակիցների 21%-ը տվել է դրական պատասխան, 34,5%-ը՝ բացասական, իսկ 44,5%-ը դժվարացել է պատասխանել: Սոցհարցմանը մասնակցած տարբեր սեռի, տարիքի, կրթության եւ զբաղմունքի 1900 մարդկանց մեծամասնությունը՝ 50,6%-ը դժգոհ է ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացից: «Գոհ եմ»՝ պատասխանել էր 11,3%-ը, «շատ դժգոհ եմ»՝ 11,9%-ը, իսկ 25,9%-ը դժվարացել էր պատասխանել: Թերեւս հարկ է նշել, որ այս սոցհարցումը կատարվել է ինչպես շարքային քաղաքացիների շրջանում, այնպես էլ փորձագետների: Եվ եթե շատ հարցերում հանրության եւ փորձագետների կարծիքները գրեթե չէին տարբերվում՝ միայն տոկոսային հարաբերություններն էին, ապա «Արցախի՝ Ադրբեջանին չպատկանելու ամենահիմնավոր պնդումը ո՞րն է» հարցին տրված փորձագետների եւ հանրության պատասխանները խիստ տարբեր էին: Այսպես, փորձագետների մեծամասնությունը՝ 41,7%-ը գտնում է, որ դա «ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ ինքնորոշման իրավունքով անկախացել է» պնդումն է: Իսկ ահա հանրային կարծիքով, ամենահիմնավորը հետեւյալ պնդումն է՝ «Նախկինում երբեք չլինելով Ադրբեջանի կազմում՝ այն ԽՍՀՄ-ի օրոք բռնակցվել է Ադրբեջանին»: Սոցհարցման արդյունքները ՌԱՀՀԿ փորձագետ Ստեփան Սաֆարյանի կողմից ներկայացվելուց հետո, «Ի՞նչ եւ որքա՞ն գիտենք մենք ղարաբաղյան հիմնախնդրի մասին. քարոզչական ռազմավարություն» զեկույցով հանդես եկավ կենտրոնի մյուս փորձագետը՝ Ալվարդ Բարխուդարյանը: Տիկին Բարխուդարյանը վերջերս մասնավոր հարցում է անցկացրել շարքային քաղաքացիների շրջանում եւ վհատեցնող եզրակացությունների է հանգել: ԵՊՀ որոշ դասախոսներ նույնիսկ չեն իմացել, թե ով է ԼՂ նախագահը, ե՞րբ է կնքվել զինադադարը եւ այլն: Ըստ բանախոսի, այստեղ փոքր չէ լրատվամիջոցների դերը, որոնց համար աշխարհը պարփակված է մայրաքաղաքում. «Եթե պատերազմի ժամանակ ինչ-որ տեղ հասկանալի էր, որ ԶԼՄ-ները անմիջապես տեղից՝ Ղարաբաղից լրատվություն չէին հաղորդում, գործուղումներ չէին լինում, ապա այժմ դա ուղղակի անհասկանալի է: Շատ դեպքերում թերթերի էջերում հսկայական տեղ է հատկացվում ինչ-որ 10-րդ կարգի գործիչներին, այնինչ Ղարաբաղից՝ ամիսներ շարունակ ոչ մի տեղեկություն, միայն՝ միջադեպային, այն էլ՝ չճշտված»: Բազում օրինակներով Ա. Բարխուդարյանը, որ հայտնի է տարիներ շարունակ ղարաբաղյան խնդրի մանրամասն լուսաբանումներով հանրապետական մամուլում, ապացուցեց, թե որքան թույլ է Հայաստանը քարոզչական ոլորտում, եւ հակառակը՝ ինչպիսի շահեկան դիրքերում է գտնվում այդ առումով Ադրբեջանը: Մի զավեշտական օրինակ. «Թըրքիշ ջըրնըլի» ինտերնետային տարբերակում Ղարաբաղը ստուգաբանված էր որպես Ղարա դաղ՝ սեւ լեռ, որն էլ դարձել է՝ մոնտե նեգրո: Եվ Ղարաբաղին վերաբերվող բաժնում տեղադրված է եղել Մոնտե-Նեգրոյին՝ Չեռնագորիային վերաբերվող տվյալներ: Իսկ ամերիկյան ԶԼՄ-ներում վերջին շրջանում պարբերաբար Ղարաբաղը եւ հարակից շրջանները ներկայացվում են որպես անվերահսկելի տարածք, որտեղ ծաղկում է թրաֆիքինգը: Ինտերնետային որոնումների ամենահայտնի Google էջում Հայաստանի մասին հիմնական տեղեկությունները բերվում են day.az-ից կամ որեւէ թուրքական սայթից: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930