Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-Ի,

Մայիս 05,2005 00:00

ՆԱՏՕ-Ի, ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆԻ ԵՎ ՋԱՄԱԼԻ ՄԱՍԻՆ Երեւան-Թբիլիսի ճանապարհին Ապրիլի 25-28-ը Թբիլիսիում տեղի ունեցավ «2005 Partnership Action Plan on Defence Institutions Building» կոնֆերանսը եւ եռօրյա սեմինարը, որին մասնակցում էին պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպվել էր «Վրաց-շվեյցարական նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, ՆԱՏՕ-ի գրասենյակի, Զինված ուժերի հանդեպ ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի (DCAF) եւ Բուխարեստի ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի աջակցությամբ: Կոնֆերանսը տեղի էր ունեցել, ինչպես բազմիցս շեշտեցին բարձրաստիճան ՆԱՏՕ-ականներ, «պատմական վայրում»՝ Վրաստանի խորհրդարանում: Բայց մինչ այդ խորհրդանշական կետին հասնելը, մենք՝ Հայաստանի ներկայացուցիչներս, դեռ ճանապարհ ունեինք անցնելու: Հայ-վրացական սահմանի հատման կետում՝ Բագրատաշենի կամրջում վրաց սահմանապահը իմ հարցին ի պատասխան՝ ասաց, որ երկու երկրները կապող եւ ադրբեջանաբնակ Սադախլոյով անցնող այս հրաշալի ճանապարհի շինարարությունը ավարտվեց ճիշտ այն ժամանակ, երբ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը անցյալ տարի պաշտոնական այցով եկավ Վրաստան: Ու հենց այստեղ էլ նրան դիմավորեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Վերջինս տղամարդու իր խոստումները ի կատար ածեց՝ ճանապարհը, իրոք, շատ լավն է, եւ հայկական համարանիշներով մեքենաներից վրացիներն, իրոք, փող չեն վերցնում՝ բացառությամբ պետականորեն գանձվող գումարից. մասնավոր մեքենաներից՝ 40 լարի (մոտ 20 դոլար), հայկական կողմը վրացական համարանիշներով մասնավոր մեքենաներից գանձում է 43 դոլարին համարժեք դրամ: Թե ինչու է այդպես՝ մեր մաքսավորները չմեկնաբանեցին: Դեռ անցյալ տարի Վրաստանում մեզ հավաստիացրին, որ ոստիկանները այլեւս կաշառք չեն վերցնում, որովհետեւ մոտ 3000 ոստիկան հեռացվել Է համակարգից ՆԳ-ում իրականացվող բարեփոխումների արդյունքում, եւ վրաց օրինապահները վախենում են կորցնել իրենց աշխատատեղերը: Ոստիկանների աշխատավարձը 300-500 դոլարի չափ է, այնպես որ, իրոք, արժե վախենալ: Իսկ մերոնք, քանի որ կորցնելու բան չունեն (աշխատավարձի առումով), վրացական համարանիշներով մեքենաներից, հին ավանդույթը շարունակելով, համենայնդեպս երկու կետում՝ Աշտարակ, Ալավերդի (ինքս եմ ականատես եղել) կաշառք վերցնում են: Վրաց վարորդները գումարը գցում են ծխախոտի դատարկ տուփի մեջ եւ, մեքենայից անգամ չիջնելով, տուփը գցում են ոստիկանների ոտքերի տակ: Բագրատաշենի մաքսատանը, ինչպես խոստովանեց մեքենաների Հայաստան ներկրմամբ զբաղվող մի գործարար, հայրենակիցներին ժամերով պահում են, մինչեւ ապօրինի գումարը «գանձեն»: «Ախր, գոնե միանգամից փողը վերցնեն, թողնեն, չէ, պիտի ստորանաս, ժամերով սպասես, մինչեւ այդ փողը տաս»,- ասել էր, բնականաբար, ոչ խոշոր բիզնեսով զբաղվող գործարարը: Հայկական կողմը, չգիտես ինչու, պարտադրում է հայտարարագրեր («դեկլարացիա») լրացնել, ինչը, սակայն, ավելի շուտ ձեւական բնույթ է կրում. վարորդը պարզապես բերում է այդ թերթիկները եւ առանց լրացնելու պահում իր մոտ: Բայց դե, կարգ է, մեկ էլ տեսար՝ ստիպեն լրացնել: Նոր ճանապարհի շնորհիվ մեկ ժամում կարելի է Թբիլիսի հասնել, եթե որեւէ տեղ կանգ չառնես: Բայց մենք այստեղ՝ «դարի գործարքի» արգասիք նավթամուղի մոտ, իհարկե, չէինք կարող չկանգնել: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարը գրեթե հասել է մայրուղուն եւ շինհրապարակը՝ ամերիկյան տեխնիկայով, օրուգիշեր վառվող լուսատուներով, իրոք, շատ տպավորիչ է: Խողովակաշարն անցնում է Հայաստանի կողքով՝ ուղղակի եւ անուղղակի իմաստով, եւ խորհրդանշում է Վրաստանի քաղաքական կողմնորոշումն ու այդ երկրի ապագան: Այստեղ, ԲԹՋ-ի մոտ էլ ծանոթացա ազգությամբ ադրբեջանցի security-ի հետ: Ջամալը Մարնեուլիից էր, երկու զավակների հայր: Նավթամուղի պահակը ստանում է մոտ 500 դոլար աշխատավարձ: Եվ քանի որ կյանքից գոհ է, Հայաստանի հետ պատերազմել բոլորովին չի ուզում: Ջամալը վստահ է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները անպայման խաղաղ ճանապարհով կկարգավորվեն: Մյուս հիշարժան վայրը, ուր կանգ առանք, նախկին խորհրդային Վազիանի ռազմակայանն էր, որտեղից արդեն դուրս են բերվել ՌԴ ռազմական ստորաբաժանումները, բայց դեռեւս չեն ժամանել թուրք փորձագետները՝ Վազիանիում ռազմական ուսումնական կենտրոն ստեղծելու նպատակով: Տխուր եւ ամայի այս վայրը, ըստ ամենայնի, Վրաստանի անցյալն է: Շարունակելի ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել