Լրահոս
Օրվա լրահոսը

Որկրամոլությո՞ւն,

Մայիս 25,2005 00:00 Share

Որկրամոլությո՞ւն, թե՞ բովանդակություն Այսօր հանրապետության 48 հազար շրջանավարտներ տոնում են իրենց «Վերջին զանգը» Մայրաքաղաքի մի քանի դպրոցներ այդ հարցում շտապողականություն են ցուցաբերել եւ դեռ անցյալ շաբաթ ավարտել բոլոր կարգի միջոցառումները: Այս անհամաձայնությունն առաջ եկավ, երբ ուսումնական տարվա ավարտին ԿԳ նախարարը ներքին կարգով տնօրեններին հրահանգեց տուրք չտալ ձեւին եւ դպրոցական ավարտական միջոցառումներն անցկացնելիս հավատարիմ մնալ օրվա խորհրդին: Երեկ էլ այս առթիվ մեր հարցին ի պատասխան, ԿԳ նախարարն ասաց. «Միջոցառումներն անցկացվում են այնպես, ինչպես դպրոցները ցանկանում են: Որեւէ սահմանափակում որեւէ դպրոցի համար՝ չի արվել: Ես ասել եմ, որ պետք է լինեն բովանդակություն արտահայտող միջոցառումներ»: Ասվածը՝ յուրաքանչյուր տնօրեն, ինչպես այս օրերին համոզվեցինք, հասկացել է յուրովի: «Վերջին զանգի» ավանդական մեծ միջոցառումների կազմակերպման հարցում որոշակի սահմանափակումներ մտան. առաջ եկավ նոր տերմին՝ «Վերջին դաս», որ կազմակերպվում է դասարաններում, սահմանափակվում կարճ ելույթներով եւ տասներորդցիների դժգոհության առիթ է դարձել: Որոշ տնօրեններ պարզապես արգելել են երեխաներին բեմ բարձրանալ: Գուցե նրանց համար դա լոկ ձե՞ւ է, իսկ ամենահեղինակավոր ռեստորանում քեֆ անելը՝ բովանդակությո՞ւն: Խմբագրություն եկած բազմաթիվ ահազանգերը վկայում են, որ ռեստորանների եւ տնօրեններին ու ուսուցիչներին տրվելիք նվերների համար հավաքված գումարը հասնում է մինչեւ 50 հազարի դրամի՝ կապված այն հանգամանքից, թե դպրոցը ծայրամասային է, թե, այսպես կոչված, «էլիտար», կամ՝ կապված տնօրենի բարեխղճության հետ: Փորձը ցույց է տալիս, որ, օրինակ, կենտրոնում գտնվող դպրոցներում թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների պահանջներն ավելի մեծ են: Որոշ դպրոցներ էլ «Վերջին զանգի» շնորհիվ առաջ են տանում իրենց սեփական բիզնեսը: Օրինակ, թիվ 22 դպրոցի տնօրենն առաջարկել է ավարտական երեկոն անցկացնել իր՝ Դավիթաշենում գտնվող «օբյեկտում»: Թիվ 137-ը, ինչպես եւ նախորդը, բոլոր ծախսերը գնահատել է 50 հազար դրամ, որից միայն 20 դոլարը հատկացնելու է «Մայամի» ռեստորանում յուրաքանչյուր անձին: Ի դեպ, նշված գումարի մեջ մտնում է նաեւ քննությունների ժամանակ ուսուցիչներին կերակրելը: Թիվ 27 դպրոցն այսօր, ավանդույթի համաձայն, «Վերջին զանգի» միջոցառումից հետո (որին, ի դեպ, Թաթայի հայտնի երգով հանդես են գալու նաեւ դպրոցի 60 ուսուցիչներն ու տնօրենը) եկեղեցում կկնքի նաեւ իր չկնքված շրջանավարտներին: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆՀ. Գ. Երեկ հանրապետության 24 շրջանավարտներ՝ ընտրված մարզային կրթության վարչությունների կողմից, ԿԳ նախարարի հրամանով ստացան շնորհակալագրեր՝ ուսման բարձր առաջադիմության եւ օրինակելի վարքի համար: Շնորհակալագրերը հանձնեց անձամբ նախարարը: Այս 24 հոգու շրջանում նախարարի անցկացրած հարցումից պարզվեց, որ այս տարի հեղինակավոր է «Թարգմանչական գործ» մասնագիտությունը: Բուհական մասնագիտություններին հատկացված տեղերի մասին՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել