Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուծումներ»

Հունիս 25,2005 00:00

«Լուծումներ» շարքից Ռուսաստանի ու առավել եւս՝ Հայաստանի տիպի երկրներում պետական համակարգը չսքողված սարսափով է սպասում նախագահական վերջին (իմա՝ երկրորդ) ժամկետի ավարտին: Սովորական, հերթական ընտրությունների անցկացման ու դրանց արդյունքում երկրի հերթական ղեկավարի ընտրության՝ օրենսդրությամբ նախատեսված հեռանկարն ուղղակի դուրս է այդ համակարգի մարմնավորումը հանդիսացող բազմաթիվ ֆունկցիոներների ինտելեկտուալ կարողությունների շրջանակից: Հանգամանք, որ վախի ու անորոշության տհաճ զգացում է ներշնչում նրանց: Ի՞նչ է լինելու հետո, ո՞վ կլինի հաջորդը, ո՞նց կարելի է երկիրը թողնել ընտրությունների հույսին, իսկ ինչպե՞ս կդասավորվի իմ անձնական ճակատագիրը. վերը նշված ժամկետի սպառմանը զուգընթաց, այս հարցերն ուղղակի բզկտում են «հետխորհրդային տիպի» պետական եւ քաղաքական գործչի ուղեղը: Այդ կարգի բզկտումների արդյունքում էլ, որպես կանոն, ծնվում են քաղաքական «հանճարի» այն փայլատակումները, որոնց, օրինակ՝ Հայաստանում անվանում են «համարժեք լուծումներ»: Նման մի լուծման «ուրվական» էլ վերջին օրերին շրջում է Ռուսաստանի Պետդումայի հարկաբաժիններում: Նպատակը, ինչպես արդեն կռահեցիք, նախագահ Պուտինի՝ երրորդ ժամկետով պաշտոնավարման համար օրենսդրական նախադրյալների, իսկ ավելի ճիշտ՝ սողանցքների ապահովումն է: Հենց այդպես են ռուսաստանյան լրատվամիջոցներն ընկալել ՌԴ «Ընտրական օրենսգրքի» բարեփոխման շրջանակներում կատարված որոշ ուղղումների շրջանառումը: Դրանց նախագծերը, ի դեպ, արդեն իսկ հավանության են արժանացել Դումայի համապատասխան փորձագիտական օղակների կողմից եւ ներկայացվել հունիսի 29-ին կայանալիք լիագումար նիստի քննարկմանը: Ո՞րն է խնդրո առարկա ուղղման էությունը: Բանն այն է, որ դրա՝ ուժի մեջ մտնելու արդյունքում հրաժարական տված «ընտրովի» պաշտոնյան (նահանգապետը, նախագահը) հնարավորություն կունենա կրկին առաջադրվել, եթե արտահերթ ընտրությունները ճանաչվեն չկայացած: Գործող օրենսդրությունը ժամկետից շուտ լիազորությունները վայր դրած նախագահին կամ նահանգապետին արգելում է մասնակցել արտահերթ ընտրություններին: Այդ սահմանափակումը ներմուծվել է Սամարայի նահանգապետ Տիտովի նախընտրական «հայտնագործության» արդյունքներով: Հիշեցնենք, որ վերջինս իր պաշտոնավարման ժամկետի լրանալուց մի քանի ամիս առաջ ինքնակամ հրաժարական տվեց, իսկ քիչ ավելի ուշ մեծ հաջողությամբ վերընտրվեց նախկին պաշտոնում: Այսպիսով, ստացվում է, որ ժամկետից շուտ հրաժարական տված նախագահը թեեւ չի կարող մասնակցել արտահերթ ընտրություններին, սակայն այդ նույն ընտրությունների չկայանալու դեպքում (ինչը հեշտությամբ կարելի է «կազմակերպել») նա այլեւս ազատ է առաջադրել իր թեկնածությունը: Ինչ խոսք, ճարպիկ է մտածված: Եվ անշուշտ՝ այս աճպարարության ընթացքին ուշի-ուշով հետեւում են ԱՊՀ «մենթալիտետակից» մյուս երկրները: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930