Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՆ

Հուլիս 16,2005 00:00

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՄԱՆԿԱԳՐԻ Գյումրիի թիվ 22 ու 32 դպրոցների միավորման արդյունքում ձեւավորված թիվ 32 դպրոցի տնօրեն, մանկագիր Հակոբ Մուշի եւ որոշ ուսուցիչների միջեւ շարունակվում են կռիվները: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԿԳ նախարար Սերգո Երիցյանի հանձնարարությամբ վերոնշյալ դպրոցում ուսումնասիրություններ են սկսվել: Նման նախաձեռնության պատճառը նախարարությանը հասցեագրված մոտ 20 դիմում-բողոքներն են: Իսկ ինչի՞ց են դժգոհ ուսուցիչները, ինչո՞ւ են նրանցից ոմանք աշխատանքից ինքնակամ հրաժարվել: Նրանց ասելով, Հակոբ Մուշի նման տնօրենի հետ աշխատելը պարզապես անհնար է, քանի որ դպրոցում «37 թիվն է», որ տնօրենն աշակերտների ներկայությամբ իրենց անպատվում է, ուսուցիչների հետ «սա, դա» դերանուններով է խոսում, կոլեկտիվը բանակների է բաժանում՝ առաջնորդվելով «Ով իր հետ չէ, իր դեմ է» կարգախոսով: Ավելին՝ բողոքավորների պնդելով, վերջինս իր «ինտրիգներին» մասնակից է դարձնում նաեւ աշակերտներին՝ «փոքր հասակից տալով լրտեսության դասեր»: Ըստ բողոքող-ուսուցիչների, յուրաքանչյուր դասարանում Հակոբ Մուշն ունի իր լրտեսը. որոշ աշակերտներ, որպես կանոն, տնօրենի կողմից չսիրված ուսուցչի ամեն մի քայլը պարտավոր են տեղեկացնել՝ իհարկե դասղեկների միջոցով, որոնք, ըստ ներկայացնողների, բացառապես «Մուշի մարդիկ են»: Ուսուցիչները պնդում են նաեւ, որ միմյանց դեմ «շանտաժով» զեկուցագիր գրելը հասարակ երեւույթ է: «Մուշը կարող է կանչել եւ ասել՝ պետք է գնաս եւ էս ուսուցչի դասը լսես, բայց վատը պիտի գրես: Ում ինչ հրաման ուզում՝ տալիս է. ուզու՞մ եք ինձ համար մահվան վկայական ուզեք, ինքը 4-5 հոգով կսարքի, էդ 4-5-ն էլ աշխատանքը կորցնելու ահից կստորագրեն, որ իբր ինձ մեռած, դագաղում պառկած տեսել են»,- ասում է նախկին փոխտնօրեն Էմմա Հակոբյանը: Ուսուցիչները նաեւ վկայում են, որ դպրոցում կան այնպիսի աշխատողներ, որոնց երեսը իրենք երբեք չեն տեսել, օրինակ՝ Հակոբ Մուշի «բաջանաղի, քենու»: Ավելին, նույն աղբյուրների ասելով, օպտիմալացումը ոչ մի կերպ չի ազդել մասնագիտությամբ մաթեմատիկ, սակայն ներկա պահին պատմություն դասավանդող Քնարիկ Պետրոսյանի, ինչպես նաեւ՝ մասնագիտությամբ տեխնիկ, դարձյալ պատմություն դասավանդող Կարինե Աբրահամյանի վրա: Մաթեմատիկայի ուսուցչուհի Հռիփսիմե Աստեյանի վկայությամբ էլ՝ Մուշը դատարանի վճռի հետ նույնիսկ հաշվի չի նստում, ինքը աշխատանքի վերականգնման մասին վճիռը ձեռքին ներկայանում է, սակայն տնօրենն իրեն ընդամենը 17 ժամ է առաջարկում, իսկ նման ժամաքանակով հիմնական ուսուցիչ պահելու իրավունք բնականաբար չունեն: Բոլոր բողոքավորները պնդում են, որ ոստիկաններն ու շտապօգնությունը իրենց դպրոցի մշտական այցելուներն են: Նրանց ասելով, Հակոբ Մուշը «պատեհ-անպատեհ» հաճախակի է դիմում ոստիկանության օգնությանը կամ էլ ուսուցիչներին այնպես է վիրավորում, որ ժողովներին ուշաթափվելը արդեն «տրադիցիա» է դարձել: Այստեղ, ըստ բողոքողների, մշտապես կռիվներ են. Մուշը կամ աշակերտներին է ծեծում՝ ծնողներն են կռիվ գալիս, կամ էլ վիրավորված դասատուների ամուսինները: Այս հարցը փորձեցինք ճշտել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի անչափահասների գործերով բաժնի պետ Հայկ Զաքարյանից, որն այս կապակցությամբ ուսուցիչների մեղադրանքները համարեց հերյուրանքներ՝ խորհուրդ տալով ուսուցիչ-տնօրեն հարաբերությունները լուծել դպրոցից դուրս՝ իրավական դաշտում եւ երեխաներին մասնակից չդարձնել: Հոկտեմբերից այստեղ սկսվել են ոստիկանության ուսումնասիրությունները, կան ոստիկանությունում հաշվառված երեխաներ եւ պատճառը, ըստ պաշտոնյայի, եղել է դպրոցի բարոյահոգեբանական վիճակը: Ինչեւէ, արդյոք հասցեագրված բողոքների հետ համամի՞տ է դպրոցի տնօրենը: Բնականաբար՝ վերջինս էլ ունի իր արդարացումները: Տնօրենի խոսքերով, դպրոցում լարված մթնոլորտ չէ, որպես ապացույց նա մեզ ցույց տվեց 35 աշխատողների ստորագրությամբ պատրաստված նամակը առ այն, որ դպրոցում ամեն ինչ նորմալ է: «Մեկ-երկու ուսուցչի աշխատանքի հետ կապված հարցը դեռ չի նշանակում, որ դպրոցում լարված մթնոլորտ է, իրենք իրենց արտահայտություններով վիրավորում են մի ամբողջ կոլեկտիվի: Երբ նրանց թույլ տված սխալները հայտնաբերում ես, իրենց թվում է, թե լրտեսություն ենք անում, իսկ աշակերտների հետ ես ընդհանրապես պրոբլեմներ չունեմ, շատ քիչ եմ հարաբերվում»,- ասում է տնօրենը: Իսկ բողոքները, Հակոբ Մուշի ասելով, ոչ թե թվով 20 են, այլ նույն մարդիկ չեն ալարել ու մի քանի անգամ են բողոքել: Անգամ, ըստ տնօրենի, նախարարությանը հասցեագրված բողոքների տակ ստորագրել են այնպիսի մարդիկ, որոնք դպրոցում չեն աշխատել կամ գուցե իրականում գոյություն էլ չունեն: Նրա ասելով, բողոքավորների մեջ կա ե՛ւ աշխատելու ցանկություն չունեցող, տարին տասներկու ամիս իր հաշվին վերցնող ու բացակայող, ե՛ւ հիվանդության պատճառով անաշխատունակ (որին, ըստ տնօրենի, «հակացուցված» է դպրոցում աշխատել, ու այդ մասին իր ձեռքի տակ կա համապատասխան փաստաթուղթ»), ե՛ւ իր աշխատանքը չպատկերացնող ուսուցչուհի: Օրինակ, Հակոբ Մուշի ասելով, թիվ 22 դպրոցի փոխտնօրեն Ջուլիետա Հարությունյանին ինքը աշխատանք չի վստահել, որովհետեւ փաստաթղթային մասը ուսումնասիրելիս տեսել է, որ նրա աշխատանքում կան բազմաթիվ թերություններ: Իսկ դատարանի վճիռ, Հակոբ Մուշի ասելով, ինքը երբեք չի խախտել: Այլ հարց է, որ բողոքավոր Հռիփսիմե Աստեյանը հրաժարվում է իրեն հատկացվող 17 ժամը պարապելուց՝ պահանջելով 25 ժամ: «Իսկ ինչ մնում է իմ բարեկամների դպրոցում աշխատել-չաշխատելուն, նույն հարցով նույն մարդիկ ժամանակին դիմել էին դատախազություն, գոյություն ունի ստուգման ակտ. նրանք նման բան չեն հայտնաբերել: Իսկ այն երկու ոչ մասնագետները, օրինակ՝ մաթեմատիկոսը, որը պատմություն է տալիս, 15-20 տարի շարունակ աշխատում է այս դպրոցում, եւ նրանց ե՛ս չեմ ընդունել, կրթության վարչությունն էլ տեղյակ է», արդարանում է տնօրենը՝ միաժամանակ դժգոհելով, որ «անհիմն» բողոքների պատճառով իր կառույցում անընդհատ ստուգումներ են: Բողոքավորներն էլ բնականաբար նրա հետ ոչ մի հարցում չհամաձայնելով՝ ունեն իրենց հիմնավորումները: Ինչպե՞ս եւ ե՞րբ է ավարտվելու այս պատմությունը: Ստուգող հանձնաժողովի նախագահ Սամվել Պեպանյանը խոստացավ մանրամասնել մի քանի օրից, ստուգումների ավարտից անմիջապես հետո: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, դպրոցը զերծ չէ նաեւ կուսակցական խաղերից: Այստեղ խորհուրդ է ձեւավորվել երկու անգամ եւ խորհրդի 5 անդամներից 4-ը դաշնակցականներ են: Մեր տեղեկություններով, այս կուսակցությունը սպասում է հարմար առիթի՝ Հակոբ Մուշի աթոռին իր թեկնածուին նստեցնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031