Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ԼԻՆՈՒՄ»

Հունվար 11,2006 00:00

Ասում
է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը «Ազգային
վերածնունդ» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը գնահատելով 2006-ի
սկզբին առկա իրողությունները՝ երեկ մեր թերթին տված հարցազրույցում նկատեց. «Հայաստանում
վաղուց արդեն ոչ ստանդարտ իրավիճակ է, եւ դժվար է՝ ելնելով անցյալի փորձից, կանխատեսումներ
անել ապագա զարգացումների վերաբերյալ: Սակայն, կոալիցիայի առումով, կարծում եմ, այսօր
քաղաքական ուժերը միմյանց հետ համագործակցում են կամ՝ համախմբվում են ոչ այնքան գաղափարական
սկզբունքների թելադրանքով, որքան՝ ավելի շատ, իշխանության հանդեպ վերաբերմունքով:
Ակնհայտ է, որ կոալիցիան է պատասխանատու այսօրվա իրավիճակի համար եւ նրանց համախմբել
է այս րոպեի, այս տարիների շահը: Այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ նրանք կաշխատեն
պահպանել այսօրվա իրավիճակը, բայց յուրաքանչյուրն առանձին ունի իր նկրտումները՝ ավելի
մեծ դերակատարություն ունենալ իշխանության մեջ: Լիարժեք չեմ կարող ասել, թե տարեվերջին
ինչպիսի իրավիճակ կլինի, բայց կարծում եմ, որ կոալիցիան կփորձի գոնե արտաքուստ պահպանել
իր միասնականությունը»: Ըստ Ալբերտ Բազեյանի, գործարարների հետ հանդիպման ժամանակ
Ռոբերտ Քոչարյանի կողմից հնչեցրած հուսադրումները կայունության մասին՝ բացատրվում
են հետեւյալ կերպ. Հայաստանում սեփականատերերի, գործարարների գործունեության եւ անկախության
հանգամանքը ցավալիորեն պայմանավորված է քաղաքական գործընթացներով. «Նորմալ երկրում
որեւէ գործարար, որեւէ սեփականատեր չպետք է անհանգստանար, որ քաղաքական իշխանության
փոփոխության դեպքում կվտանգվեն իր ունեցվածքը, իր շահերը, գործարարությամբ զբաղվելու
իր իրավունքները: Հայտնվել ենք այսպիսի իրավիճակում. սա նաեւ իր մեջ գուցե այլ, հակառակ
միտումն ունի՝ վերահաս քաղաքական փոփոխությունների հանդեպ անհանգստության մատնել
գործարարներին, այսինքն՝ նրանց կարծես թե նախազգուշացնել, որ եթե իրենց չպահեն այնպես,
ինչպես հաճո է իշխանություններին, հնարավոր է նաեւ վտանգեն իրենց սեփականության իրավունքը»:
Նկատեցինք, որ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ փոփոխություններ,
վերադասավորություններ ակնկալվում է ոչ թե ընդդիմությունից, այլ՝ իշխանության ներսում:
Սա չի՞ նշանակում, որ հայաստանյան ընդդիմությունը իրեն սպառել է, եւ նոր, նախընտրական
տարվա ռեսուրսները այլեւս բավարար չեն կարող լինել: «Ազգային վերածնունդ» կուսակցության
նախագահն ասաց, որ իրենց պայքարը ուղղված է եղել սահմանադրական կարգի վերականգնմանը,
եւ որ իրենք, որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, միշտ կողմ են եղել իշխանափոխությանը.
«Բայց, ցավոք սրտի, ընդդիմադիր քաղաքական ուժերի մեր որոշ գործընկերներ ընտրեցին,
մեր գնահատմամբ, ոչ ճիշտ ճանապարհ կամ մարտավարություն: Կա արեւելյան մի շատ պարզ
ճշմարտություն՝ հալվա-հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա, հեղափոխություն-հեղափոխություն
ասելով՝ ինքն իրեն հեղափոխություն չի լինում: Եվ այն սպառնալիքները, որոնք հնչեցին
իշխանությունների հասցեին՝ համախմբեցին իշխանությանը, որը համախմբվեց միասնական թշնամու
դեմ, թողնելով ներքին սեփական տարաձայնությունները: Կար նաեւ մեկ այլ, ոչ պակաս կարեւոր
հանգամանք՝ հասարակության աչքից չվրիպեց, քանի որ խիստ ակնհայտ էր ընդդիմադիր քաղաքական
ուժերի եւ որոշ գործիչների շրջանում որոշակի մրցակցությունը: Եվ այս պարագայում հասարակությունը
անմասն մնաց քաղաքական գործընթացներից»: Այս իրավիճակում որո՞նք են լինելու
ընդդիմադիր դաշտի հետագա քայլերը, ի՞նչ պիտի անի ընդդիմությունը հասարակության վստահությունը
վերագտնելու համար: Մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ դա հիմա շատ ավելի դժվար է
լինելու, քանի որ գրեթե բոլոր՝ ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր ուժերը իրենց հոգու
խորքում համակերպվել են եւ նախապատրաստվում են հերթական ընտրություններին. «Ըստ էության,
բոլոր քաղաքական ուժերն էլ արդեն մտքում ունեն հերթական խորհրդարանական ընտրություններին
պատրաստվելու եւ մասնակցելու խնդիրը եւ պետք է այլեւս զբաղվեն դրա հետ կապված գործերով»:
Այնուամենայնիվ, ասվեց նաեւ, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտարարել են արդեն
հունվարի վերջից հանրահավաքային նոր փուլ սկսելու մասին, եւ այդ պատճառով մեր զրուցակիցը
զերծ մնաց այլ գնահատականներից՝ ասելով. «Ես չէի ուզի կանխակալ կարծիք արտահայտել,
որպեսզի այլ կերպ չգնահատվի: «Ազգային վերածնունդը» նոր ձեւավորված քաղաքական ուժ
է, ձմռանը դեռեւս ինքնուրույն հանրային ակտիվ միջոցառումներ չենք նախաձեռնելու, մենք
խնդիր ունենք մեր կառույցները ուժեղացնել, համապատասխանեցնել գործող օրենսդրությանը,
եւ կուսակցական կառուցման աշխատանքներով ենք զբաղված լինելու»: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել