Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 15,2006 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԳՆԱ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ Վստահ է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը – Այն բանից հետո, երբ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը, ըստ սեփական խոստովանության՝ «Արդարություն» խմբակցության նիստում ինքն իրեն առաջարկեց առաջադրել Մարդու իրավունքների պաշտպան, խորհրդարանում սկսեցին հնչել համաձայնության գալու, ընդդիմությանն այդ պաշտոնը զիջելու, միասին աշխատելու կոչեր: Հավատո՞ւմ եք այդ կոչերի իրականացման հնարավորությանը: – Ինձ միանշանա՛կ հնարավոր չի թվում դա: Դեռ ամենասկզբում էի մամուլում հայտարարել, թե շատ ավելի կարեւոր բաներ կան մեր երկրում, քան Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունն է: Այդ հայտարարության համար դարձա քննադատության թիրախ, ու հիմնավորումներն էին, թե փոքր հաղթանակներով են հասնում մեծ հաղթանակների: Սակայն մի երկրում, որտեղ դատական համակարգն անկախ չէ եւ գործադիր իշխանության ազդեցության տակ է՝ մարդու իրավունքների պաշտպանը, անկախ նրանից, թե ինչ անձնավորություն է եւ ինչ կերպար ունի՝ չի կարող անել որեւէ բան: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է իշխանությունը հրաժարվում Լարիսա Ալավերդյանից, նրա գործունեության ո՞ր հատվածն է, որ իրենց չի գոհացրել եւ դրա պատճառով այլեւս չեն պաշտպանում իրենց թեկնածուին: Թող Լարիսա Ալավերդյանը ներկայացներ իր զեկույցը, իշխանավորներն էլ ասեին, թե Պաշտպանն ա՛յ, սա չի կատարել՝ դրա համար նրան փոխարինում ենք: Ընդդիմությունը, հանձին Ռուբեն Թորոսյանի, ճիշտ օգտագործեց խորհրդարանական ամբիոնը՝ ցույց տալու համար, որ կարող ենք ասել, թե ինչ է մեր երկրում կատարվում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Ինչ վերաբերում է Հրանտ Խաչատրյանի առաջադրմանը՝ սա հետաձգեց իշխանական թեւի նախանշած ծրագրի կատարումը, ըստ որի՝ մեկ օրում պիտի արվեր ու ավարտվեր այդ ընտրությունը: Խնդիրը միայն սա էր: Եվ որ իշխանությունը չի գնալու ընդդիմության հետ համաձայնության ու անցնելու է այն թեկնածուն, որն արդեն նախագահականում որոշվել է, միանշանակ է՝ Ռոբերտ Քոչարյանի բնավորությունն է այդպիսին: Եթե այդ փոխհամաձայնությանը գնան էլ՝ դրանից իշխանությունը չի դառնալու լեգիտիմ: Եվ չի նշանակելու, թե խորհրդարանը դարձել է հասարակության համար ավելի ընկալելի ու պետության մասին ավելի մտածող: – Այնուամենայնիվ, եթե ընդդիմադիր առանձին գործիչներ պիտի այժմ իշխանությանն առաջարկեին աշխատել փոխհամաձայնության մթնոլորտում, ինչո՞ւ դա արվեց այնպիսի ոչ առաջնային հարցի առնչությամբ, ինչպիսին Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունն էր, եւ ոչ առավել կարեւոր խնդրի՝ երկրի հիմնական օրենքի դեպքում: – Ես նման կոչերի կողմնակից չեմ, առավել եւս՝ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի առնչությամբ: Ես իշխանական կոալիցիային սահմանադրական հանրաքվեի ժամանակ կոչ արեցի, թե ապահովենք արդար քարոզչություն եւ քվեարկություն ու դրանց արդյունքներից ելնելով էլ հետեւություններ անենք քաղաքականության մեջ մեր դերի եւ տեղի մասին: Նույնիսկ ասացի ավելին, որ եթե ապահովվի արդար քվեարկություն եւ ընդդիմության տեսակետն արժանանա ձայների փոքրամասնությանը՝ կհամարեմ, թե չեմ զգացել ժողովրդի զարկերակը եւ կհեռանամ քաղաքականությունից: Սակայն նման կարեւոր հարցի շուրջ արված առաջարկը մնաց օդում, եւ կոալիցիոն ուժերը չարեցին որեւէ հետեւություն: Ընդհակառակն՝ 1,5 մլն քվե նկարելուց հետո, մասնավոր զրույցներում իրենք էլ են դժգոհում մասնակցության այդ թվից, թե իրենց փչացրին, իսկ ԶԼՄ-ներում պաշտպանում են այդ տվյալը: Նման անարդարությունների գնացած թիմը չի՛ կարող կատարել որեւէ արդար քայլ: Եվ նման ապօրինություններ իրականացրած թիմի հետ համագործակցությունը որեւէ խնդրի, առավել եւս՝ մարդու իրավունքների պաշտպանի շուրջ, համարում եմ անհնարին: Իհարկե, կան խնդիրներ, որոնց շուրջ միանշանա՛կ պետք է փորձել իմանալ ընդհանուր տեսակետը եւ ձեռնարկել միասնական գործողություններ: Բայց այդ խնդիրներն առնչվում են միայն արտաքին քաղաքականությանը: – Ընդդիմադիր այլ գործիչներ եւս նշում են, թե Ղարաբաղի հարցը միակն է, հանուն որի արժե համադրել մոտեցումները: Այս առումով՝ շատ էին ակնկալիքները Ռամբույեի հանդիպումից, թե կարող է բեկում, դիվանագիտական ճեղքում լինել, սակայն չեղան արդյունքներ: – Ակնկալիքներն էին անհիմն: Նախ՝ նման ցավոտ խնդիրներ լուծելու ձեռնամուխ եղած անձինք պիտի ունենան համապատասխան ներուժ, լինեն վառ անհատներ, ընկալվեն հասարակության կողմից: Ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Իլհամ Ալիեւը չունեն ներուժ այդ խնդիրները լուծելու եւ հասարակությանը ներկայացնելու համար: Նրանք նաեւ դրա ո՛չ ցանկությունն ունեն, ո՛չ էլ հնարավորությունը: Երկուսն էլ իրենց երկրներում խեղդում են ժողովրդավարությունը: Եվ իրենք հիմա էլ են լավ ապրում՝ ԼՂ հիմնահարցի չկարգավորվածությունը չի խանգարում դահուկներով սահելուն: Ժողովրդին է պետք այդ խնդրի շուտափույթ լուծումը, որ տնտեսական իրական առաջընթաց լինի, հարեւանների հետ՝ բնականոն հարաբերություններ եւ այլն: – Արդյոք կարգավորման ցանկություն ունենալու օգտի՞ն չէ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի բացահայտումը, թե բանակցություններին 9 հարցից 7-ի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, եւ միայն 2-ի շուրջ՝ ոչ: – Բայց իրականում այդպես է, թե ոչ՝ ոչ մեկը չի կարող ապացուցել, քանի որ բանակցությունները խիստ գաղտնի են, նախագահները որեւէ բան չեն ասում: Իսկ նրանցից բացի՝ մնացածների հայտարարությունների մասին չենք կարող խոսել որպես իրական փաստի: – Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 11-ին կիսատ է թողել բանակցությունները՝ առաջարկել ամփոփել դրանք, եւ փետրվարի 12-ին ժամանել է Ծաղկաձոր: – Իրեն նման է բարդ խնդիրները կիսատ թողնելը՝ հետագայում լուծելու համար: Նայած թե ինչ իրավիճակում է կիսատ թողել: Բայց, իհարկե, նման բաները պատժվում են: Համաշխարհային հանրությունն առանց այդ էլ լուրջ խնդիրներ ունի մեր տարածաշրջանի հետ: Եվ այդ լավատեսությունը, որ նրանք արտահայտում էին 2006-ի առնչությամբ՝ բոլորիս համար էլ ակնհայտ է, որ պարտադրանք էր Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի նկատմամբ: Եվ երբ իրենք չեն գնում կարգավորման պարտադրանքին եւ ընդհակառակը՝ դադարեցնում են բանակցությունները, հուսահատեցնելով հանրությանը՝ կարծում եմ, դրանով մղում են առավել լուրջ ճնշումների: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728