Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹԱՔՈ՞ՒՆ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻՆ

Ապրիլ 04,2006 00:00

Բելառուսում
դիտորդական առաքելություն իրականացրած «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ
Աղասի Արշակյանը պնդում է, թե ունի այդպես կարծելու հիմքեր: Մարտի 19-ի ընտրությունից
հետո մինչ այժմ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել են Վլադիմիր
Պուտինը, Ֆիդել Կաստրոն եւ եւս 2-3 երկրների նախագահներ: Ռոբերտ Քոչարյանն առայժմ
ձեռնպահ է մնացել Լուկաշենկոյին պաշտոնական շնորհավորանք հղելուց. այս հանգամանքը
մատնացույց արեցինք «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Աղասի Արշակյանին,
որը Բելառուսի պետական hեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր. «Ձեր
հպարտ ժողովուրդը կատարեց իր ճիշտ ընտրությունը: Կարող եմ միայն շնորհավորել ձեզ
այդ ընտրության առթիվ, հայտնել իմ գոհունակությունը եւ ցանկանալ, որ մեր երկրում
կայանան նման ընտրություններ»: Սակայն պրն Արշակյանի կարծիքով՝ «Ըստ երեւույթին,
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է, բայց միեւնույն ժամանակ՝ հրահանգել է լրատվամիջոցներով
չտարածել այդ շնորհավորանքը»: Մեր ճշտող հարցին՝ դա ենթադրությո՞ւն է, թե՞ տեղեկություն՝
արձագանքեց. «Ես կարծիք եմ ասում, ինչը զուրկ չէ հիմքերից: Ուղղակի կարծում եմ, թե
հնարավոր չէր մի կողմից «Հազարամյակի մարտահրավերների» ողորմությանը ձեռք պարզել,
մյուս կողմից՝ հրապարակայնորեն շնորհավորել մի գործչի, որն իրենից անհամեմատ լեգիտիմ
է, սակայն, ցավոք, այդ գործչին չեն ընդունում մարդիկ, որոնք թույլ են տալիս փող մուրալ
իրենցից»: Փորձեցինք պարզել, թե արդյոք Աղասի Արշակյանը չի՞ փոխել Բելառուսի
ընտրությունների մասին իր դրական կարծիքն այն բանից հետո, երբ Գրոդնոյի մարզի բնակիչ
Սերգեյ Օտրոշչենկոն օրերս մահացավ հանրահավաքի ժամանակ ստացած վերքերի հետեւանքով:
Նրան դաժան ծեծի էին ենթարկել հանրահավաքը ցրող ՆԳ հատուկ ջոկատայինները: Մինչդեռ
պրն Արշակյանն ԱԺ ճեպազրույցում հայտարարել էր, թե «Բելառուսում մեկի քթից անգամ
մի կաթիլ արյուն չի հոսել», սակայն «տագնապի համաշխարհային շեփոր են հնչեցնում»:
Այժմ Օտրոշչենկոյի մահվան կապակցությամբ ասաց. «Կարծում եմ, այդ լուրն իրականությանը
չի համապատասխանում, սո՛ւտ է: Եվ իմ տեղեկություններով, Բելառուսի իրավապահ մարմիններն
իրենք էլ են ման գալիս, տեսնեն՝ հլը դա ո՞վ է, որ իրենք տեղյակ չեն: Հերյուրանք է,
տարածել են, դե հիմա, արի, «ապացուցիր, որ ուղտ չես»: Անգամ Բելառուսի գլխավոր
դատախազ Պյոտր Միկլաշեւիչը պաշտոնապես հայտնեց, թե ընտրություններից հետո կայացած
«չարտոնված» հանրահավաքներին մասնակցելու համար ձերբակալվել է ավելի քան 500 մարդ:
Մեր այս հիշեցմանը պրն Արշակյանն այսպես արձագանքեց. «Իսկ Հայաստանո՞ւմ քանի հազար
էին ձերբակալվածները: Ո՞վ էր հաշվում այդ թվերը (հայտնեցինք, թե հաշվողներ կային,
եւ ձերբակալվածները դարձյալ մի քանի հարյուր էին.- Ա. Ի.): Միեւնույն է, մնում եմ
իմ կարծիքին: Քանի որ երբ 2,5 միլիոնանոց Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ օրերով
մնում էին փողոցներում ու նրանց առջեւ հանում էին մահակներով, մինչեւ ատամները զինված
ոստիկաններ, ջրցան մեքենաներ, պայթուցիչ ականներ եւ էլեկտրաշոկ էին կիրառում թրջված
մարդկանց նկատմամբ՝ որեւէ մեկն այդ մասին չուզեց խոսել: Իսկ 10 միլիոնանոց Բելառուսում,
իմ տվյալներով, հանրահավաքում հավաքվել է ընդամենը 4 հազար մարդ, որից կեսը եղել
են անվտանգության, ոստիկանության աշխատակիցներ: Նորից եմ ասում՝ որեւէ մեկի քթից
արյուն չի եկել, նույնիսկ մահակ չի գործածվել այն օրերին, երբ ես այնտեղ էի: Բայց
սա սարքեցին մի մե՜ծ պատմություն»: Անպատասխան մնաց հարցը, որ եթե հանրահավաքների
մասնակիցների կեսն իրավապահներ էին՝ ինչո՞ւ է այժմ Բելառուսի դատախազությունը նախագահի
ընդդիմադիր թեկնածուներ Ալեքսանդր Կոզուլինի եւ Ալեքսանդր Միլինկեւիչի դեմ գործ հարուցել
հասարակական կարգը խախտող խմբակային գործողությունների կազմակերպման համար: Արդյոք
այս ամենը չի՞ հիշեցնում Հայաստանում 2003-2004-ին կատարվածը՝ հարցին «Ազգային միաբանության»
անդամը պատասխանեց. «Ո՛չ, չի հիշեցնում»: Եվ անհասկանալի որակեց այն աղմուկը, որ
հետեւեց Բելառուսում կատարվածին, եւ այն լռությունը, որով ուղեկցվեց Հայաստանում
այդ տարիներին կատարվածը. «Չեմ հասկանում այս կրկնակի չափանիշները»: Հիշեցմանը, թե
հայաստանյան իրադարձությունների կապակցությամբ էլ միջազգային կառույցները հանդես
եկան դատապարտող հայտարարություններով՝ Աղասի Արշակյանը հակադարձեց. «Դրանք շատ մեղմ
բաներ էին: Փորձում էին դրանց միջոցով իրենց «ժողովրդավարական» դեմքը փրկել: Հետեւանքների
առումով ես տեսնում եմ կրկնակի չափանիշներ: Եվ ավելի լավ կլիներ, եթե նրանք հիմա
իրենց ուշադրությունը շեղեին ֆրանսիական ժողովրդավարության եւ այնտեղի մի քանի միլիոնանոց
ցույցերի վրա: Թող հանգիստ թողնեն Բելառուսին»: «Ազգային միաբանության» փոխնախագահ
Ալեքսան Կարապետյանը պրն Արշակյանի նման գնահատականները բացատրել էր «Բելառուսի ժողովրդի
եւ իշխանությունների կողմից նրան ցուցաբերած լավ ընդունելությանը երախտագիտությամբ,
ինչպես ասում են՝ պատասխան կենաց խոսքով»: Ի պատասխան Աղասի Արշակյանն այժմ ասաց.
«Իմ գործընկերը դարձել էր ձեր՝ լրագրողներիդ արած սադրանքի զոհը»: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել