Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԸ՝ ՀՀ ԲՈՒՀԵՐՈՒՄ

Ապրիլ 08,2006 00:00

Ի
տարբերություն 70-ականների, այսօր ՀՀ բուհերում եվրոպացիների գրեթե չես հանդիպի Այսօր
ՀՀ բուհերում սովորում է 2500 օտարազգի եւ 2620 սփյուռքահայ ուսանող: Փաստերը ցույց
են տալիս, որ եթե տասնյակ տարիներ առաջ մեծ թվով երիտասարդներ էին գալիս Հայաստան
սովորելու նաեւ եվրոպական երկրներից (մասնավորապես՝ Գերմանիայից, Լեհաստանից), ապա
այսօր նրանց թիվը կտրուկ նվազել է, դրա փոխարեն աճել է Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից,
Սիրիայից ժամանածների թիվը: ԵՊՀ միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Ալեքսանդր
Վիրաբյանը փաստում է, որ 1970-1973թթ. մեծ թվով գերմանացիներ, լեհեր, չեխեր են եկել
սովորելու ԵՊՀ ֆիզիկայի, մաթեմատիկայի եւ կենսաբանության ֆակուլտետներում: Ա. Վիրաբյանը
այս առիթով նշեց, որ այդ տարիներին համալսարանի գիտական մեծ ներուժն է գրավել նրանց
ուշադրությունը: Մեզ հետ զրույցում նա հպարտությամբ ավելացրեց, որ տարիներ առաջ ԵՊՀ-ն
ԽՍՀՄ-ի 3-րդ լավագույն բուհն է եղել՝ իր գիտական պոտենցիալով: Ա. Վիրաբյանը դժվարացավ
պատասխանել, թե այժմ որ տեղն է զբաղեցնում Մայր բուհը՝ պատճառաբանելով, որ մյուս
երկրներից տեղեկություն չունի. «Չեմ կարծում, որ մեր մակարդակն այժմ ավելի ցածր է»:
ԵՊՀ-ում 1958-2005 թթ. կրթություն է ստացել 7012 ուսանող՝ 82 երկրից, որից
3209-ը՝ սփյուռքահայ, իսկ 3803-ը՝ օտարազգի: Ներկայումս ԵՊՀ-ի օտարերկրյա քաղաքացիների
նախապատրաստական ֆակուլտետում, բակալավրիատում, մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում
սովորում է 564 ուսանող: Նրանց մեծ մասը հետեւյալ երկրներից է՝ Վրաստան (264), Իրան
(148), ՌԴ (69), Սիրիա (20), Լիբանան (9) եւ այլն: ԽՍՀՄ փլուզումից հետո կտրուկ նվազել
է ԵՊՀ-ի օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետում սովորողների թիվը՝
1992-93 ուստարում հասնելով ընդամենը 14 ուսանողի։ «Պատճառը ոչ միայն ՀՀ-ի այդ տարիների
սոցիալ-տնտեսական դժվարին պայմաններն էին, այլ այն հանգամանքը, որ ԽՍՀՄ փլուզման
հետեւանքով վերացավ նաեւ օտարերկրյա ուսանողների ընդունելության կենտրոնացված համակարգը,
որը ոչ միայն կազմակերպում էր ուսանողների ընդունելությունը, այլեւ նրանց հետագա
ուսուցումը ԽՍՀՄ բուհերում։ 70-80-ականներին նախապատրաստական ֆակուլտետում ամեն տարի
սովորում էր 300՟500 ուսանող, որոնք այնուհետեւ մեկնում էին ԽՍՀՄ հանրապետությունների
բուհեր՝ հիմնական մասնագիտական ֆակուլտետներում ուսումը շարունակելու նպատակով»,-
ասաց Ա. Վիրաբյանը։ Նա նշեց, որ որոշակի դեր է խաղացել նաեւ այն հանգամանքը, որ 1992-93
ուստարվանից համալսարանում սկսեց գործել վճարովի ուսուցման համակարգը։ Նշենք, որ
ՀՀ որոշ բուհերում օտարերկրացիների վարձավճարները 2 անգամ թանկ են ՀՀ քաղաքացիների
վճարներից: Երեւանի պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր Երվանդ Սահակյանն
ասաց, որ այս բուհում 1600 օտարերկրացի է սովորում՝ հիմնականում Սիրիայից, Հնդկաստանից,
Իրանից, կան ուսանողներ նաեւ եվրոպական երկրներից՝ Հունաստան, Ռուսաստան: Ի
տարբերություն վերոնշյալ բուհերի, օտարազգիների համար նախընտրելի չէ Երեւանի տնտեսագիտական
համալսարանը: ԵՏՀ պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը փաստեց, որ այստեղ ընդամենը մեկ
սիրիացի է սովորում: Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում սովորում է 585
ուսանող՝ Իրանից, Վրաստանից, ՌԴ-ից եւ այլ երկրներից: Այս բուհում օտարերկրյա ուսանողները
կրկնակի ավելի գումար են վճարում: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել