Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԴԻԿՆԵՐԸ ՈՍԿՈՒ ԲԻԶՆԵՍԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ

Հունիս 06,2006 00:00

Ըստ
նրանց, տարեկան 2 մլն դոլար հարկ են տալիս ու «ոչ մի կոպեկ տուն չեն տանում» «Արարատ»
ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» 300 խոշոր հարկատուների ցանկում ընդամենը
162-րդ տեղն է գրավում: Հաշվի առնելով ոսկու արդյունահանման ծավալները՝ այդ ցուցանիշը
նման խոշոր ձեռնարկության համար չափազանց համեստ է թվում: Այս կարծիքին են նաեւ իրենք՝
ձեռնարկության տնօրենները: «Մենք էլ երբ ցուցակը տեսանք՝ շատ զարմացանք, որովհետեւ
ցուցակում միայն երեւում էր մեր երկու ամսվա եկամտահարկը: Մենք ամսական միայն որպես
եկամտահարկ վճարում ենք 50 հազար դոլար՝ 25 մլն դրամ, 23-24 մլն դրամ էլ կենսաթոշակայինի
համար ենք տալիս: Ընկերությունները, որոնք իրենցից ոչինչ չեն ներկայացնում, հայտնվել
են ցանկի գագաթում, իսկ լուրջ ընկերությունները՝ տակում: Պետք է դիմել հարկայինին
ու հարցնել՝ էդ ո՞նց եք հաշվարկները կատարում»,- հարկայինի կազմած խոշոր հարկատուների
ցանկի մասին այսպիսի անվստահություն ու կասկած հայտնեց ոսկու արդյունահանման ձեռնարկության
տնօրեն Վարդան Վարդանյանը՝ շաբաթ օրը Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած
Սոտքի հանքավայր այցելության ժամանակ: Ընդհանրապես այս ձեռնարկության անվան
շուրջ բազմաթիվ խոսակցություններ են պտտվում, քանի որ ձեռնարկության սեփականատերերը
մեր կառավարության հետ, մեղմ ասած, լեզու չեն գտնում՝ հատկապես ՀՀ կառավարությունից
600 կգ ոսկի թաքցնելու մեղադրանքից հետո: Մինչդեռ «ԱՈԱՁ» գլխավոր տնօրեն Բ. Կ. Շարման
ձեւացրեց, թե մերոնց հետ ոչ մի խնդիր չունեն, ամեն ինչ նորմալ է, ոչ օրենսդրական
դաշտում, ոչ իշխանությունների հետ որեւէ պրոբլեմ չի առաջացել: Սա պարոն Շարմայի կողմից
ավելի շուտ դիվանագիտական պահվածք էր, քանի որ հնդիկներն իրենց առջեւ հայկական կողմի
սիրտը շահելու խնդիր են դրել՝ կապված մի շատ նուրբ հարցի՝ տարեկան 75 մլն դոլարի
հասույթ ստանալու հետ: Բանն այն է, որ արդեն ահագին ժամանակ է՝ հնդիկները մի «փորացավ»
ունեն՝ Սեւանի ավազանի մոտ ոսկու հանքաքար վերամշակող նոր գործարան բացել, որն իր
գերժամանակակից սարքավորումներով հնարավորություն կտա 1 տոննա հանքաքարից կորզել
ոչ թե 1-2, այլ 4-5 գրամ ոսկի, ինչի հնարավորությունը Արարատի գործարանը չի տալիս:
Սակայն այդ գործարանի կառուցումը անթույլատրելի է բնապահպանական առումով, քանի որ
լուրջ վնաս կարող է հասցնել թե՛ Սեւանին, թե՛ շրջակա միջավայրին, փոխարենը՝ գերշահույթ
կապահովի հնդիկների համար: Եթե հնդիկների ասածներին հավատալու լինենք՝ մի տարի էլ
Հայաստանի ստեղծած այս պայմաններում աշխատելու դեպքում ընկերությունը լրիվ տակ կտա
եւ հսկայական պարտքեր կկուտակի, քանի որ ոչ մի կոպեկ շահույթ չի ստանում, միայն վնասով
է աշխատում. «Միայն վերջին 4 ամիսների ընթացքում մենք ներդրել ենք 5 մլն դոլարից
ավելի գումար, որ կարողանանք բնականոն աշխատանքն ապահովել: Կարող եք դնել-հաշվել,
ոսկու իրացման ամբողջ հասույթը կազմել է 112 մլն դոլար, տարեկան 2 մլն դոլար հարկ
ենք տալիս, իսկ մեր բաժնետերերին դեռ ոչ մի կոպեկ չենք վճարել»,- ասաց Բ. Կ. Շարման:
Մինչդեռ տնտեսագիտական ամենահամեստ հաշվարկները ցույց են տալիս, որ ԱՈԱՁ-ն այնքան
էլ «ողբալի» վիճակում չէ, ինչպես ներկայացնում են հնդիկները, իսկ վնասով աշխատելու
մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող, քանի որ նույնիսկ այն ժամանակ, երբ ոսկու
գներն այդքան էլ բարձր չէին, հաշվարկված էր, որ հանքավայրի շահագործումն ամեն դեպքում
ընկերության համար շահավետ էր լինելու: Ահա թե ինչու լրագրողների բազմաթիվ փորձերը՝
հնդիկներից իմանալու, թե 1 գրամ ոսկու ինքնարժեքը որքան է, այդպես էլ անպատասխան
մնացին: Պարզից էլ պարզ է՝ եթե տեղում որեւէ թիվ ասեին՝ կամ այն խելքին մոտ չէր լինի,
կամ միանգամից ջրի երես դուրս կգար, որ ընկերությունը բոլորովին էլ վնասով չի աշխատում:
Ստացած շահույթի համեմատությամբ բավականին ցածր է ընկերության հայ աշխատողների
աշխատավարձերը: Պարզեցինք, որ անմիջապես հանքի մոտ՝ կեղտի ու փոշու մեջ գտնվող անվտանգության
աշխատակիցները ստանում են ընդամենը 40 հազար դրամ, մինչդեռ տնօրինությունը հավաստիացնում
էր, որ իրենց մոտ ամենացածր աշխատավարձը ստանում են հավաքարարները՝ 50 հազար դրամ:
Ձեռնարկության սեւ գործ անողները բացառապես հայերն են, իսկ հնդիկները ղեկավար պաշտոններն
են զբաղեցնում, ընդ որում՝ վարչական մասի աշխատակիցները հիմնականում հնդիկներ են:
Սա չի նշանակում, որ Հայաստանում չկային ոսկու հանքում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու
համար համապատասխան մասնագետներ, եւ ընկերությունը ստիպված է եղել նրանց Հնդկաստանից
բերել: Պարզապես, մեր տեղեկություններով, հնդիկները չեն ուզում, որ իրենց ներքին
խոհանոցին հայերն էլ տեղյակ լինեն ու իրենց իրական շահույթի մասին թեկուզ չնչին պատկերացում
կազմեն: Ինչ վերաբերում է աշխատավարձի չափին, ըստ ձեռնարկության գլխավոր տնօրենի,
«մենք դեռ ապրիլին ենք այն վերանայել ու բարձրացրել, մինչեւ նոր գործարանը չկառուցվի,
աշխատավարձերի մասին խոսելը լուրջ չէ. պետք է աշխատել, որ աշխատավարձ ստանալ, ոչ
թե դրսից ստանալ ու այն բաժանել մարդկանց»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930