Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԲ ԴՈՒ ՇԱՏ ԵՍ ԽՈՆԱՐՀՎՈՒՄ»

Հունիս 06,2006 00:00

Մոսկվայում 2006-ին ազգային թշնամանքի պատճառով սպանվել է 6 հայորդի

Երեկ տասը հասարակական կազմակերպություն բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան, այնուհետեւ՝ արտաքին գործերի նախարարության առջեւ: Ակցիայի կազմակերպիչները մեղադրում էին մեր երկրի իշխանություններին՝ այդ իրադարձությունների նկատմամբ անտարբերություն ցուցաբերելու համար: Ակցիան սկսվեց լրագրողների եւ դեսպանատան անվտանգության աշխատակիցների վիճաբանությամբ: Վերջիններս դեռեւս հեռվից տեսնելով ակցիայի մասնակիցներին, լրագրողների տեսախցիկներն ու ֆոտոխցիկները՝ «հայրենիքը անձնվիրաբար պաշտպանողի խիզախությամբ» կասեցրին նրանց առաջընթացը: «Մի՛ նկարի, ապարատդ կվերցնեմ ու իմ արածին տեր եմ»,- ասում էր անվտանգության աշխատակիցը: Նման դրսեւորումը զարմացրեց «Հետքի» լրագրողին. «Ես բոլոր երկրներում նկարել եմ եւ ինձ ոչ մի տեղ չեն արգելել, ինչո՞ւ եք դուք արգելում»: «Դա իմ պրոբլեմը չի, թե ուրիշ տեղ ինչ ես անում»,- եղավ անվտանգության աշխատակցի պատասխանը: Ինչեւէ, ակցիայի նախաձեռնողները «STOP» պաստառներով փակել էին ՌԴ դեսպանատան մուտքի ճանապարհը: Ցուցարարները հայտարարություն ներկայացրին դեսպանությանը, որում մասնավորապես ասված է. «Խիստ մտահոգիչ են վերջին տարիներին Ռուսաստանում մոլեգնող ռասիզմի եւ այլատյացության դրսեւորումները: Միայն 2005-ին ռասիստական խմբավորումների կողմից սպանվել են 28, հարձակումներից տուժել 402 այլազգիներ: Հարձակումների զոհ են դառնում հատկապես Կովկասից եւ Միջին Ասիայից եկածները, որոնց մեջ մեծ թիվ են կազմում հայերը: Ռասիստական, ֆաշիստական խմբավորումների անարգել գործելակերպը եւ հանցագործությունների, սպանությունների անպատժելիությունը հիմք են տալիս ենթադրելու, որ վերոնշյալ խմբավորումները գործում են ՌԴ պետական որոշակի կառույցների հովանավորչությամբ: Մենք՝ Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս եւ Հայաստանի քաղաքացիներս խստորեն դատապարտում ենք Ռուսաստանում մոլեգնող ռասիստական խմբավորումների գործողությունները եւ նրանց նկատմամբ ՌԴ իշխանությունների ոչ համարժեք քայլերը եւ պահանջում ենք ՌԴ իշխանություններից՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել մարդասպաններին ձերբակալելու եւ պատժելու ուղղությամբ»:

Հայտարարության մեջ նշված ՌԴ պետական որոշակի կառույցների հովանավորչությունը կոնկրետ հայերի՞ նկատմամբ է թույլատրում նման դրսեւորումներ, թե՞ ընդհանրապես այլազգիների հարցին ի պատասխան՝ ակցիայի կազմակերպիչներից Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Բերեմ օրինակ. կոնկրետ՝ Սերգեյ Բաղդասարյանի դատավարությունը, որ լրատվամիջոցներում տարածվեց, թե իբր նա ուզեցել է բռնաբարել ռուս աղջկան, իրականում այդպես չի եղել: Եղել է դաժան սպանություն հարբած ռուս կնոջ՝ Իվանկովայի կողմից: Բայց այդ ամենը նրան արդարացվեց եւ նույնիսկ նրան տրվեց տարվա մարդու կոչում: Ամբողջ դատարանի շուրջ հավաքվածները, այդ թվում եւ՝ ռուսական լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամները, գոռում-գոչյուններ էին անում հակահայկական արտահայտություններով: Կարող ենք ասել, որ դատական իշխանությունը տվյալ դեպքում, եւ նրա վրա ազդեցություն ունեցող այլ ուժերը նպաստում են այդ այլատյացությանը»:

Իսկ կարելի՞ է ասել, որ նման երեւույթները մեր երկրի եւ ՌԴ արտաքին հարաբերությունների մանր դրսեւորումներն են, պարոն Իշխանյանը պատասխանեց. «Ես դրա մեջ մեծ տրամաբանություն եմ տեսնում: Երբ դու շատ ես խոնարհվում եւ շատ ես ստրկանում, դրանով հարգանքդ էլ ես կորցնում: Դրա մեջ ճշմարտություն կա: Եթե Հայաստանի իշխանությունները ժամանակին բողոքի լուրջ նոտա ուղարկեին, ապա իրավիճակը կմեղմվեր, մինչդեռ Հայաստանի իշխանությունը չի ուզում նեղացնել Ռուսաստանին, քանի որ վերջինից շատ բան է կախված, անգամ Հայաստանի իշխանությունը»:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամ Արսեն Խառատյանը եւս քննադատելով Հայաստանի իշխանությունների անտարբերությունը այդ իրադարձությունների կապակցությամբ, ասաց. «Ոչինչ չանելը եւս մեղք է, դիրքորոշում չարտահայտելը ինքնին հանցանքի մաս է: Հայաստանի իշխանությունների վախեցած պահվածքը ամոթալի է: Ունենալ այդպիսի պարտնյորություն, ինչի մասին այսքան երկար տարիներ խոսում ենք եւ ունենալով ռուսական բանակը Հայաստանում, որն իբր թե պաշտպանում է Հայաստանի Հանրապետությունը եւ քաղաքացիներին, բայց միաժամանակ նույն քաղաքացիները սպանվում են Ռուսաստանի Դաշնությունում, պետք է լուրջ մտահոգություն առաջացնի Հայաստանի իշխանությունների համար: Հայաստանում նորմալ է դարձել մտածելակերպը, թե Ռուսաստանը մեծ է, դե ինչ արած, նրանք էլ չեն ուզում, դա ռուս ժողովուրդը չէ, ռուսական իշխանությունները չեն: Մենք գտնում ենք, որ այդպես չէ: Եթե ռուսական իշխանությունները հետեւողական լինեին եւ պատժեին նման խմբավորումներին, այս դրսեւորումները չէին կրկնվի: Մենք երբեւէ չենք տեսել մեր երկրի արձագանքը այդ իրողությանը: Եթե բողոքի նոտա են հղել, մենք դրա տեքստին ծանոթ չենք: Մենք ուզում ենք կոտրել այն ստերեոտիպը, որ ռուսներին ոչինչ ասել չի կարելի: Խնդիրը պետք է բարձրացնել դիվանագիտական մակարդակի եւ այդկերպ ազդել Ռուսաստանի իշխանությունների վրա»:

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել