Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊՈՐՏԸ ՀԱՂԹԵՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆԸ

Օգոստոս 11,2006 00:00

Դիմորդների հետաքրքրությունը սպորտաձեւերի նկատմամբ աճել է, իսկ փողային եւ էստրադային գործիքների նկատմամբ՝ նվազել:

Վերջինի պատճառը, որոշ մասնագետների կարծիքով, երեխաների «ուրիշ գործերով զբաղված լինելն է»: Մինչ Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ռեկտոր, ընդունող հանձնաժողովի նախագահ Վահրամ Առաքելյանը մտածում է ԿԳ նախարարությանը առաջարկել դիմորդների հետաքրքրությամբ պայմանավորված լրացուցիչ, առանց տարկետման իրավունքի տեղեր տրամադրել, Հայկական պետական մանկավարժական համալսարանի փողային եւ ժողգործիքների բաժիններում մտահոգված են դիմորդների թվի նվազմամբ: Եթե փողային եւ էստրադային նվագախմբերի ղեկավարի մասնագիտությամբ տարիներ առաջ 15 տեղի համար դիմում էր 40, այսօր նույն 15 տեղի համար մրցում է 17 հոգի: «Մեր մասնագիտության գծով դիմելու համար պիտի 7 տարեկանից երեխան հաճախի երաժշտական դպրոց: Իսկ այսօր դրանք դարձրել են վճարովի, եւ ծնողները դրա հնարավորությունը չունեն»,- ասաց առարկայական հանձնաժողովի նախագահ Կարլեն Թոփչյանը: Մանկավարժական համալսարանի փողային եւ էստրադային նվագախմբերի ղեկավարի բաժին ընդունվելու համար դիմորդները հանձնում են մասնագիտական գործիք, սոլֆեջիո (երաժշտության տեսություն) քննությունները: Գրանցված ամենաբարձր արդյունքը 15 միավորն է: Դիմորդներն էլ կարծում են, որ իրենց ընտրած մասնագիտության նկատմամբ երկրում անտարբերություն է նկատվում: Այս բացը լրացնելու միակ ճանապարհն առարկայական հանձնաժողովի անդամ, երգահան Արա Գեւորգյանը համարում է քարոզչությունը. «Նախկինում կային փողային նվագարանների խմբակներ, որտեղ երեխաները սովորում էին նվագել շեփոր, տրամբոն, ալտ: 20 տարի հետո օդանավակայանում այլ երկրի նախագահի դիմավորելիս, հնարավոր է, փողային նվագախումբ չլինի: Համերգների, փառատոների միջոցով կարելի է լուծել այս հարցը»,- ավելացրեց նա:

Երեւանի պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը վստահորեն խոսում է իր բուհի հեղինակության մասին, քանի որ այս տարի ինստիտուտի դիմորդների թիվը 740 է, որը 150-ով ավելի է նախորդ տարիների համեմատ: Բարձր է նաեւ դիմորդների սպորտային վարպետության մակարդակը: Սակայն սա բնորոշ չէ մարզերից եկած դիմորդների մեծամասնությանը. «Պատճառը մարզադահլիճների վատ վիճակն է, սակայն դրական աճ կա, քանի որ երկրի ղեկավարությունը լուրջ աշխատանքներ է կատարում մարզաբազաների վերանորոգման, դրանք այսօրվա պահանջներին համապատասխան գույքով կահավորելու ուղղությամբ»,- վստահեցրեց Վ. Առաքելյանը:

Մարզական բարձր պատրաստվածությամբ, Եվրոպայի առաջնություններում տարբեր մարզաձեւերում 1-3-րդ տեղեր զբաղեցրած 9 մարզիկ հարցազրույցով ընդունվել է ինստիտուտ՝ շախմատի, ըմբշամարտի տարբեր ձեւերի, բռնցքամարտի մասնագիտություններով: Իսկ առավելագույն միավորները՝ 18-20, վաստակել են հանրապետության հավաքականների լավագույն մարզիկները: Դիմորդները հիմնականում նախընտրում են ըմբշամարտի բոլոր ձեւերը, ֆուտբոլը, բռնցքամարտը, մարզական լրագրությունը: Ֆիզկուլտ ինստիտուտում վարձերը տատանվում են 240.000-ի սահմաններում: Չնայած այն այլ բուհերի համեմատ բավականին ցածր է, այնուամենայնիվ, շատ դիմորդներ վճարովի համակարգ անցնելուց հետո չեն ցանկանում սկսել ուսումը: Իսկ 129 անվճար տեղերը, ռեկտորի հավաստմամբ, արժանի մարդիկ են զբաղեցրել: Երեւանի պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ ընդունվողները հանձնում են երկու քննություն՝ մասնագիտություն եւ ընդհանուր ֆիզիկական պատրաստվածություն: Ընդունելության քննություններն այս բուհում արդեն ավարտված են: Այստեղ էլ դրանք առանց բողոքների չեն ընթացել: Ռեկտորը նշեց, որ այս տարի բողոքներն ընդամենը երկուսն են եղել՝ մարզախաղերի, հատկապես վոլեյբոլի բաժնից: Սակայն զարմանալիորեն ծնողներն են պնդել բարձրացնել երեխաների գնահատականները, այն դեպքում, երբ իրենք՝ դիմորդները փորձել են ծնողներին համոզել հանձնաժողովի ճշմարտացիության մեջ:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031