Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու գործը հ/կ-ներն են անում

Հունվար 11,2007 00:00

Գյումրիի ավագանին բնակիչների մատից «փուշ չի հանում»

«Գյումրիի ավագանու վրա հույս դնել չի կարելի, մենք ունենք գորշ, անդեմք, բացարձակապես չերեւացող ավագանի: Մեկ տարուց ավելի է՝ նրանք ընտրվել են, բայց այդ ընթացքում թե ավագանին որեւէ տեղ որեւէ հարցում ինչ նախաձեռնությամբ է հանդես եկել՝ ոչ մեկին հայտնի չէ, բացառությամբ փոքրիկ ակցիաների, շարքային օգնությունների, որոնք ավագանու հիմնական խնդիրը չեն»,- օրերս տարեկան հաշվետվություն ներկայացնելիս ավագանու անգործությունից դժգոհեց Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի տնօրեն Սեյրան Մարտիրոսյանը: Նա այդ եզրակացությանն էր հանգել՝ իրենց կենտրոնին եւ այլ հ/կ-ներին ուղղված քաղաքացիների բողոքների հիման վրա:

Ս. Մարտիրոսյանի խոսքերով՝ ավագանու ամբողջ գործը ներկայումս մնացել է իրենց ու մյուս հ/կ-ների ուսերին. «Գյումրեցիների համար եթե մի բան էլ արվում է, ապա՝ հասարակական կազմակերպությունների միջոցով»: Ըստ Ս. Մարտիրոսյանի, ավագանին մատը մատին չի տվել անգամ, երբ կառավարությունը անօթեւան գյումրեցիներին այս տարի բնակարանով ապահովելու իր խոստումից հետ է կանգնել: Հիշեցնենք, որ կառավարությունը խոստացել էր, որ Գյումրիի 88 վթարայինների վերանորոգումն ու երկրաշարժից անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը մտցնել քաղաքաշինության նախարարության 2007-2009-ի միջնաժամկետ ծախսային ծրագրերում, սակայն, փաստորեն, կառավարությունը խաբել էր գործում ներգրավված Գյումրիի 67 հ/կ-ներին եւ պետական բյուջեն հաստատելիս այդ մասին իսպառ մոռացել:

«Երկու ենթադրություն կարելի է անել. կամ սկսվող 2007 թիվը ուրիշ 2007 թիվ է, դրանից հետո մի հատ էլ 2007 թիվ պիտի լինի, որը մտնում է միջնաժամկետի մեջ, սա հավանաբար 2007ա-ն է, մյուսը 2007բ-ն է, կամ մենք իսկապես ապրում ենք մի երկրում, որտեղ պաշտոնյաներին արտոնություն է տրվում՝ ասել մի բան ու անել մեկ այլ բան: Եթե քաղաքակիրթ երկրում ապրեինք՝ պաշտոնյան կամ պետք է հրաժարական տար, որովհետեւ իր ասածը չի համապատասխանել իրականությանը, կամ պետք է խոստովաներ, որ ինքը սլաքավար է, գործիք է, իրեն այդպես են հրամայել, ինքն էլ այդպես է գրել»,- բողոքեց մարդու իրավունքները պաշտպանող կենտրոնի նախագահը: Ըստ նրա, «Անօթեւանների խնդիրն արդեն վարչապետին էլ է զզվացրել, որը մի առիթով ասել է, թե մենք՝ գյումրեցիներս, զահլա տարանք: Ոչ, մենք զահլա չենք տարել, մեզ ամենեւին չի հետաքրքրում, թե վարչապետի ենթականերն անօթեւանների ինչ թիվ են ներկայացնում, եթե Գյումրիում թեկուզ մեկ անօթեւան ընտանիք կա, ուրեմն հիմնախնդիրը գոյություն ունի, եւ կառավարությունն էլ պարտավոր է խնդիրը կարգավորել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել