Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Հունվար 29,2007 00:00

\"\"Կուսակցությունների եւ մարդկանց ջանքերով կարելի է սկիզբ դնել պարկեշտ քաղաքական մրցակցության նախադեպին:

Ինչպես հայտնի է, այսօր մեր պետությունը գտնվում է չափազանց կարեւորագույն փուլում, այն է՝ նախընտրական ժամանակահատվածում, որին ընդառաջ է՛լ ավելի են կարեւորվում քաղաքական ուժերի միջեւ քաղաքակիրթ մրցակցության, առողջ պայքարի եւ դրա արդյունքում իրական ընտրությունների անհրաժեշտության մասին մտահոգությունները: Այս առումով, վերոնշյալ ժամանակահատվածի համար ես առանձնապես կարեւորում եմ հետեւյալ 3 սկզբունքները. դրանք են՝ 1. քաղաքական հավասար մրցակցություն, 2. դրա համար առկա պոտենցիալի լիարժեք կիրառում, 3. այս սկզբունքներն իրականացնելու համար քաղաքական կամքի ցուցաբերում:

Անդրադառնալով քաղաքական մրցակցության խնդրին, հարկ եմ համարում ընդգծել, որ այսօր շատ բան կախված է հենց կուսակցություններից, ասել է թե՝ իշխանական, ընդդիմադիր եւ կենտրոնամետ երրորդ ուժերը կարող են եւ պետք է իրենց մեջ համարձակություն, ուժ գտնեն այդ մրցակցությունն իրականացնել առանց միմյանց վրա քար ու ցեխ շպրտելու, մեկմեկու վիրավորելու, կոմպրոմատներ գործածելու: Մենք իրավունք չունենք դարձյալ այդպես վարվելու. ժամանակն է, որ բոլորս հասարակությանն ու միմյանց ներկայանանք որոշակի ծրագրերով եւ գործերով, որոնք հիմնականում պետք է խարսխված լինեն գաղափարների, այլ ոչ թե փողի եւ անթույլատրելի լծակների օգտագործման վրա:

Սակայն այսօր արդեն քաղաքական գործընթացների տրամաբանությունն ինձ հուշում է, որ մենք դեռեւս հեռու ենք վերոնշյալ գրեթե իդեալական տարբերակով առաջնորդվելուց: Չնայած սրան, ես հեռու եմ այն մտքից, որ քաղաքական դաշտում ներկայացված բոլոր ուժերն են հակված իրականացնել անթույլատրելի եւ անգրագետ նախընտրական պայքար: Ոչ: Ես, եւ ոչ միայն ես, թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական դաշտում տեսնում ենք արդար ընտրությունների համար պայքարելու պոտենցիալը: Ես կարծում եմ, որ այդ կուսակցությունների ու մարդկանց ջանքերով կարելի է սկիզբ դնել պարկեշտ քաղաքական մրցակցության նախադեպին: Ոչ ոք չի կարող հերքել այն պարզ ճշմարտությունը, որ հենց նմանօրինակ նախադեպերի շարունակականությունը կարող է դառնալ այն երաշխիքը, որը կապահովի մեր պետության վաղվա օրվա անվտանգությունն ու արտաքին մարտահրավերներին դիմակայելուն ուղղված համարժեք քայլերն ու գործողությունները:

Այս խնդիրների լուծմանն ուղղված քայլերը ոչ թե սովորականի նման պետք է սկսվեն եւ ավարտվեն միայն մերկապարանոց հայտարարություններով եւ իմիտացիոն գործողություններով, այլ մեզանից յուրաքանչյուրն իր սեփական օրինակով եւ անհատական պայքարով պետք է նպաստի, որ ՀՀ-ում, ի վերջո, կայանան ժողովրդավարական կարեւորագույն սկզբունքները՝ հավասար մրցակցություն, գրագետ քարոզչություն եւ, ի վերջո, թափանցիկ ընտրական գործընթաց: Այս առումով չպետք է անտեսել նոր ընդունված «Ընտրական օրենսգիրքը», որտեղ ամրագրված մոտեցումները կյանքի կոչելու հանգամանքը հնարավորություն կընձեռի իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ: Այստեղ է, որ ես հանգում եմ հետեւյալ եզրակացությանը, որ լավ օրենսգիրք ունենալը դեռ բավարար նախապայման չէ նորմալ ընտրություններ իրականացնելու համար: Այստեղ է, որ բոլոր մտահոգությունների լուծման համար հանգում եմ քաղաքական կամքի դրսեւորման անհրաժեշտությանը, առանց որի՝ հնարավոր չէ իրականացնել այդքան չարչրկված ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ կոչվածը: Իսկ այդպիսի ընտրություններ չապահովելու դեպքում, ինչպես նշվել է բազմիցս, մեր պետության առաջընթացը վերջնականապես կդրվի լուրջ կասկածի տակ՝ ոչ միայն մեզ համար, այլեւ այն միջազգային հանրության համար, որին այդքան նպատակասլաց փորձում ենք ինտեգրվել նաեւ մենք:

Միաժամանակ, ցավով պետք է արձանագրեմ, որ քաղաքական դաշտում եղած մոտեցումներն ու գործելակերպը էականորեն տարբերվում են միմյանցից: Մասնավորապես՝ քաղաքական դաշտի առանցքային ուժերի մարտավարությունը վաղուց հայտնի է հասարակական լայն շերտերին. մի մասը շարունակ դժգոհում է, թմբկահարում միայն թերությունների մասին, ոմանք ինքնագոհ տեսքով զբաղված են պարբերաբար նոր հեծանիվներ հորինելով եւ իրենց ամբողջ գործունեությունը ծառայեցնելով սեփական հուշարձանը կառուցելուն, մյուսներն էլ անձնական շահը դարձնելով գերխնդիր՝ պարզապես չեն ուզում գիտակցել ու հասկանալ, թե ի՞նչ ասել է պետություն, պետական շահ եւ, ի վերջո, հայրենիք:

Այնուամենայնիվ, ես՝ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, եւ առաջին հերթին՝ որպես ՀՀ քաղաքացի, համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ ժողովրդավարությունը գեղեցիկ բառ չէ, որի «օգնությամբ» կարելի է միայն դրամաշնորհներ շորթել միջազգային կազմակերպություններից: Ժողովրդավարությունը՝ նախեւառաջ մտածողություն է եւ կենսակերպ: Հայաստանը ունի ժողովրդավար ապրելու պոտենցիալ, մնում է բոլորս միասին քաղաքական կամք դրսեւորենք, պատրաստ լինենք հավասար մրցակցության եւ ընտրությունների արդյունքում մեզ համար կերտենք ժողովրդավար երկիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031