Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ՝ ԻՐԵՆՑ ԱՌԱՋԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Փետրվար 02,2007 00:00

\"\"Նրանք ասում են. կուսակցությունը կորոշի՝ իրենք կկատարեն

Երեկ ուժի մեջ մտավ նախագահի հրամանագիրը՝ մայիսի 12-ին ԱԺ ընտրություններ նշանակելու վերաբերյալ: ԿԸՀ-ն արդեն հաստատեց ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը, ըստ որի՝ պատգամավորության թեկնածուների առաջադրման փաստաթղթերը պետք է ներկայացվեն փետրվարի 26-ից: Մինչ այժմ մամուլում հրապարակվել է գերազանցապես լրագրողների հայթայթած տեղեկատվությունն առաջադրումների վերաբերյալ: Իսկ երեկ փորձեցինք «սկզբնաղբյուրներից»՝ պատգամավորներից ճշտել իրենց մտադրություններն առաջադրումների վերաբերյալ: Նախ դիմեցինք հանրապետական պատգամավորներին, որոնք ներկայիս խորհրդարանում 54-ն են: Նրանց մի մասին ուղղակի հռետորական բնույթի էր հարց տալը, թե արդյոք համամասնական ցուցակո՞վ են առաջադրվելու, թե՞ մեծամասնական: Ասենք, ՀՀԿ խորհրդի անդամ Սամվել Նիկոյանն ասաց. «Ո՛չ, մեծամասնական ընտրակարգով իմ ուժերը փորձելու խնդիր չկա: Իմ մտքո՛վ անգամ դա չի անցել»: ՀՀԿ խորհրդի մեկ այլ անդամ՝ Արմեն Աշոտյանն ասաց. «Իմ քաղաքական գործունեության շարունակությունն ամբողջությամբ կախված է կուսակցության քաղաքական որոշումից. նախ՝ կլինի՞ քաղաքական կարիերայի շարունակություն, թե՞ ոչ, եւ ինչպիսի՞ տեսքով այդ ամենը կարտահայտվի քաղաքական դաշտում: Ինքս բացառում եմ մեծամասնական ընտրակարգով քաղաքական հավակնություններիս դրսեւորումը: Երբեւէ նման խնդիր դրված չի եղել: Իսկ համամասնական ընտրակարգում այս կամ այն կերպ ընդգրկվելու հարցը կուսակցության որոշելիքն է»: ՀՀԿ խորհրդի անդամ Համլետ Հարությունյանը, որի նյութական միջոցները եւս ակնհայտորեն չեն բավարարում մեծամասնական ընտրակարգով պայքարի համար՝ հայտնեց. «Խորհուրդն ինչպես որ որոշի՝ այդպես կլինի: Ես կենթարկվեմ խորհրդի որոշմանը»: Կարգապահ կուսակցական է նաեւ հանրապետական Մկրտիչ Մինասյանը, որն արդեն իսկ հայտարարել է, թե իր փոխարեն կուսակցությունն է որոշելու՝ ինչ են անելու: Երեկ էլ մեզ հայտնեց, թե դեռ որոշում չկա: Մեծամասնականով առաջադրվելու ցանկություն ունեն, բայց կուսակցության որոշմանն են սպասում նաեւ Ռաֆիկ Պետրոսյանն ու Նահապետ Գեւորգյանը:

Թվում էր, թե անպայման համամասնական ընտրակարգով կառաջադրվի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Սակայն հրապարակումներ եղան, թե նրան գործադիրում պաշտոն է տրվելու, իսկ համամասնական ցուցակում տեղ է գրավելու նրա որդին՝ Արման Սահակյանը: Գալուստ Սահակյանը մինչ այժմ ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է այս լուրերը. ձախողվեց նաեւ մեր փորձը՝ ստանալու որոշակի պատասխան: «Բնականաբար, որպես քաղաքական գործիչ, քաղաքականությամբ զբաղվող մարդ, իմ ուրույն տեղը կունենամ,- ասաց նա:- Բայց այսօր պատրաստ չեմ որոշակի խոսել ցուցակների, դիրքերի մասին, քանի որ դեռ մեզ մոտ չի քննարկվել, ու խորհրդի որեւէ որոշում դեռեւս կայացված չէ»:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի մասին, որը նախորդ ընտրություններում ընտրվել էր մեծամասնական ընտրակարգով, այժմ արդեն իսկ լուրեր են հրապարակվել, թե Իջեւան-Դիլիջան-Բերդ հատվածում է իր թեկնածությունն առաջադրելու՝ մրցելով նորագիր ՀՀԿ-ական Արծրունի Ղալումյանի հետ: Գագիկ Մելիքյանը նշեց, թե այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը. «Ես դեռ որոշում չեմ կայացրել մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու վերաբերյալ»:

Նկատենք, թե էլի կան ընտրատարածքներ, որտեղ իրար հետ կարող են մրցել երկու հանրապետականներ: Այդպես է, ասենք, Երեւանի Էրեբունի համայնքում, որտեղ իրար հետ մրցելու են Արմեն Դանիելյանն ու Արմեն Պուրտոյանը: Մարտունիում մրցելու են նորագիր ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը եւ ՀՀԿ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը, Գավառում՝ Հրանուշ Հակոբյանն ու Տիգրան Արզաքանցյանը: Վստահ ենք, որ ՀՀԿ ղեկավարները առաջիկայում կգտնեն այս ընտրատարածքներում միայն մեկ հանրապետական թողնելու տարբերակներ:

Սակայն առայժմ ամեն ինչ անորոշ է: Եվ «մեծամասնակա՞ն ընտրակարգով եք առաջադրվելու, թե՞ համամասնական» հարցին՝ երեկ ամենաշատը հնչեց նույն պատասխանը՝ տարբեր ձեւակերպումներով: «Դեռ չեմ ճշտել»,- հայտնեց Մանվել Բադեյանը: «Դեռ ոչ մի բան չեմ որոշել»,- ասաց Արեգ Ղուկասյանը: «Շտապում եք այդ հարցը տալ»,- կշտամբեց Գագիկ Մինասյանը:

Այս ամենը լսելուց հետո չէինք կարող ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Մխիթարյանից չհետաքրքրվել, թե ինչպե՞ս է արդեն իսկ հայտարարում, որ ԱԺ է գալու կուսակցության ցուցակով, եւ այլեւս մեծամասնական ընտրակարգով չի առաջադրվելու Արաբկիր համայնքում: «Ե՛ս եմ այդպես որոշել»,- պատասխանեց պրն Մխիթարյանը: Միանշանակ կողմնորոշված էր նաեւ «Վեդի Ալկո»-ի սեփականատեր, ՀՀԿ-ական Մանվել Ղազարյանը, որը հաստատեց, թե առաջադրվելու է մեծամասնական ընտրակարգով: Լուրեր կան, որ նրա մրցակիցը լինելու է «Ավշարի» սեփականատեր, ՀՅԴ աջակցությունը վայելող Արամայիս Գրիգորյանը:

Ուշագրավ մրցակցություն է սպասվում նաեւ Սյունիքի մարզի 37 ընտրատարածքում, որտեղ առաջադրվելու է Սերժ Սարգսյանի եղբայրը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը: Ենթադրվում էր, թե նա այստեղ լինելու է միակ թեկնածուն: Սակայն լուրեր կան, որ «Դաշինք»-ի նախագահ Սամվել Բաբայանն էլ է մտադիր իր թեկնածությունն առաջադրել 37-րդ ընտրատարածքում: «Դաշինք» կուսակցության պատասխանատուները վստահեցնում են, թե առայժմ վերջնական որոշում չի կայացվել՝ Սամվել Բաբայանը հատկապես ո՛ր ընտրատարածքում կառաջադրի իր թեկնածությունը: Ըստ այդմ՝ բանակցությունները շարունակվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել