Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՎԱՌՈՒՄ ԾՆՆԴԱԲԵՐԵԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Մարտ 05,2007 00:00

Գինեկոլոգներն իրենց «մաղարիչը» վերցնելուց հետո՝ հիվանդներին թողնում են բախտի քմահաճույքին

Արուսյակ Աբրահամյանը 19 տարեկան է, բայց Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ծննդատան բժիշկների ոչ պրոֆեսիոնալիզմի եւ անտարբերության հետեւանքով այլեւս զրկված է երեխա ունենալու հնարավորությունից:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ առաջնեկ երեխայի ծնվելուց չորս օր առաջ Արուսյակը որովայնի եւ աջ կողքի շրջանում ունեցել է սուր ցավեր: 2006թ. նոյեմբերի 15-ին, առավոտյան 7.30-ին տեղափոխվել է Գավառի հիվանդանոց: Սակայն ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Լեւինե Ղամբարյանը ցավերի պատճառը պարզելու համար ստուգում եւ հետազոտություն կատարելու փոխարեն՝ հիվանդին ուղարկել է տուն, պատճառաբանելով, որ վաղ է ծննդաբերության համար:

Մեկ օր հետո, գիշերվա ժամը 1-ին, որովայնի սաստիկ ցավերով Արուսյակին դարձյալ տեղափոխել են նույն հիվանդանոց: Հերթապահ բժշկուհի Գոհար Միրիբյանին հիվանդը բացատրել է, որ որովայնում չդադարող սուր ցավեր ունի, բայց նա առանց ստուգելու եւ հետազոտելու՝ ընդունել է ծնունդը: «Ծննդաբերության գիշերն իմ առողջական վիճակը ծայրաստիճան վատթարացավ, հենց հիվանդանոցի զուգարանում կծննդաբերեի, եթե սկեսուրս ինձ հետ չլիներ, իսկ բժիշկը ինձ հետեւելու փոխարեն այլ գործերով էր զբաղված,- «Առավոտին» պատմեց Արուսյակ Աբրահամյանը:- Սկեսուրս Միրիբյանին խնդրեց, որ ուշադրություն ցուցաբերի, սակայն այդ «վայ-բժշկուհին» երեխայի ծնունդն ընդունելուց ու «մաղարիչը» վերցնելուց հետո գնաց քնելու: Նրա օգնությունը միայն եղել է այն, որ ցավերը հանգստացնելու համար, գլխավոր բժշկի տեղակալի գիտությամբ, երեք անգամ դիմեդրոլ է ներարկել: Եթե նա լիներ մասնագետ բժիշկ եւ կատարեր ծննդաբերությունից առաջ պահանջվող բոլոր կանոնները, ապա կտեսներ, որ այդ ընթացքում սկսվել է պերիտոնիտ, իսկ կյանքիս սպառնում է լուրջ վտանգ»: Արուսյակի տեղեկացմամբ, այդ վիճակում նա հիվանդանոցում մնացել է եւս մեկուկես օր: Բժշկուհին նույնիսկ տեղյակ էլ չի պահել հիվանդանոցի գլխավոր բժշկին, որ իրենց մոտ այդպիսի հիվանդ է պառկած: Միայն նոյեմբերի 17-ին, առավոտյան ժամը 11-ին, գլխավոր բժշկի միջամտությամբ, մահամերձ վիճակում (գանգրենոզ պերֆորատիվ ապենդիցիտ՝ տարածքում թարախային պերիտոնիտ, ձվարանների եւ հավելումների երկկողմանի բորբոքում) Արուսյակը տեղափոխվել է Երեւանի Աջափնյակի պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի գինեկոլոգիայի բաժին, որտեղ էլ կատարվել է բարդ վիրահատություն:

«Ինձ հետ կատարվածն այլեւս անցյալ է, բայց ես անհանգստացած եմ բոլոր այն կանանց համար, ովքեր այդ տարածաշրջանում հետագայում գործ են ունենալու նման որակավորում ունեցող եւ Հիպոկրատի երդումը չհարգող «բժիշկների» հետ: Իմ դեպքն առաջինը չէ»,- ասում է Արուսյակ Աբրահամյանը: Նա կատարվածի վերաբերյալ տեղյակ է պահել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարին, ինչպես նաեւ ՀՀ առողջապահության նախարարին: Նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ Վ. Պողոսյանը Արուսյակին գրավոր տեղեկացրել է իրենց կատարած ուսումնասիրությունների մասին: Քննարկման արդյունքում պարզվել է, որ ծննդատուն ընդունվելիս՝ 2006թ. նոյեմբերի 16-ին, ժամը 1-ին, հիվանդի հետազոտում չի կատարվել, քանի որ ծննդատունը ապահովված չէ շուրջօրյա լաբորատոր ծառայությամբ, որը, ըստ նախարարության՝ նման իրավիճակում չէր կարող ունենալ որոշիչ նշանակություն:

Ինչ վերաբերում է ծննդաբերության եւ հետծննդյան շրջանի վարման գործընթացին, ապա, ըստ նախարարության ներկայացուցչի, ապենդիցիտը եղել է մինչեւ ծննդաբերությունը, համընկել է ծննդաբերության եւ հետծննդյան շրջանի հետ, որի ատիպիկ ընթացքը թույլ չի տվել անմիջապես ախտորոշել: Հիշյալ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են «որոշ գործելակերպային բացթողումներ» (նման մեղմ ձեւակերպում է ընտրել առողջապահության նախարարությունը). մասնավորապես՝ 15.11.06թ. առավոտյան ժամը 7-ին, ծննդատուն դիմելու ժամանակ, հերթապահ բժշկի կողմից հիվանդը պետք է հոսպիտալացվեր, իսկ հետծննդյան շրջանում բժիշկը նրա անհանգիստ վիճակի մասին պետք է տեղյակ պահեր տնօրինությանը, ինչը չի արվել: «Միաժամանակ ցանկանում եմ նշել, որ պերֆորատիվ ապենդիցիտը ծննդաբերության ժամանակ խիստ հազվադեպ հանդիպող ախտաբանություն է, որի ախտորոշումը ատիպիկ կլինիկական պատկերի ու ծննդաբերական ցավերի պատճառով մեծ դժվարություն է ներկայացնում: Ի դեպ, եթե անգամ Ձեզ մոտ պերիտոնիտը ախտորոշվեր ընդունվելուց անմիջապես հետո, կրկին ցուցված կլիներ արգանդի հեռացումը»,- Արուսյակին ուղղված նամակում գրել է վարչության պետ Վ. Պողոսյանը: Նա Գավառի ծննդատան տնօրենին առաջարկել է տույժի ենթարկել մանկաբարձ-գինեկոլոգներ Լեւինե Ղամբարյանին եւ Վազգանուշ Հովհաննիսյանին (ծննդատան բաժնի վարիչն է- Գ. Բ.)՝ թույլ տված բացթողումների համար, ինչպես նաեւ բարձրացնել բուժօգնության որակը՝ ապահովելով հղիների համար շուրջօրյա լաբորատոր եւ էխոսկոպիկ ախտորոշում:

Տուժողը, բնականաբար, այս պատասխանից դժգոհ է մնացել, քանի որ, ըստ նրա, լուրջ թերություններն ու սխալներն ակնհայտ են եղել, սակայն նախարարությունը դրանք մակերեսորեն է արձանագրել:

Հ. Գ. Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք, որ Գավառի ծննդատան տնօրենի՝ Հ. Չիչոյանի թիվ 2 հրամանով «Ա. Աբրահամյանի հղիության, ծննդաբերության եւ հետծննդյան շրջանում տեղ գտած բացթողումների կապակցությամբ» բժիշկ-մանկաբարձ Լեւինե Ղամբարյանին ու ծննդաբերական բաժանմունքի վարիչ Վազգանուշ Հովհաննիսյանին հայտարարվել է նկատողություն: Զգուշացվել է փոխտնօրեն Պարույր Կուռոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031