Լրահոս
Օրվա լրահոսը

Միտումնավոր խեղաթյուրում՝ չար դիտավորությամբ

Մարտ 05,2007 00:00

Փետրվարի 17-ի «Աքորեցի հանրապետականի թափանցիկությունը» հրապարակման կապակցությամբ «Առավոտը» պատրաստակամություն էր հայտնել լսել նաեւ Աքորիի գյուղապետ Կամո Սիմոնյանին:

Նրա մեկնաբանությունները հրապարակում ենք մասնակի կրճատումներով՝ նախորդ նյութի չափերին համապատասխանեցնելով:

«Ես հպարտ եմ, որ անդամագրված եմ Հանրապետական կուսակցությանը, որի ծրագրերն ինձ առավել քան հոգեհարազատ են եւ դա բացարձակորեն չի կապվում՝ որպես գյուղապետի, իմ պաշտոնավարման հետ:

Իսկ «Աքորեցի հանրապետականի թափանցիկությունը» հոդվածի հեղինակը ընդդիմադիր կուսակցության (ՀԺԿ) տեղային լիդերն է (խոսքը Ալավերդու ՀԺԿ կառույցի նախագահ Լարիսա Փարեմուզյանի մասին է- խմբ.), ով գալիք ընտրությունների նախօրեին քաղաքական այլ վարքագիծ դրսեւորել չէր կարող:

Հոդվածագիրը վկայակոչում է Աքորի համայնքի երեք անդամների, ովքեր դժգոհել են իմ աշխատանքից: Եթե երեքն են ընդամենը դժգոհել, դա շատ լավ է, թեպետ ես հակված եմ ընդունելու, որ թե՛ իմ անձից եւ թե՛ իմ աշխատանքից պետք է որ դժգոհ լինեն համայնքի բնակիչների շուրջ 20%-ը՝ դա մոտավորապես այն տոկոսն է, որ ընտրությանը ինձ դեմ է քվեարկել: Կուսակցական լրագրողը իր հոդվածում «սրտնեղում» է, թե գյուղապետի տեղակալը համայնքի բյուջեի վերաբերյալ իրեն չի իրազեկել եւ որ համայնքի բյուջեից՝ իր կողմից հարցման ենթարկված անձինք տեղեկություն չունեն, իսկ ես խուսափել եմ իր հետ հանդիպելուց:

Եթե խուսափել էլ եմ, ապա դա իմ գործն է, իսկ եթե գյուղապետի տեղակալը նույնպես խուսափել է, բյուջեի մասին ինֆորմացիա չի հաղորդել հոդվածագրին, ապա դա էլ գյուղապետի տեղակալի իրավունքն է: (Գյուղապետն ակնհայտորեն տեղյակ չէ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին–խմբ.):

Հոդվածագիրը, բնականաբար, դժգոհում է, որ համայնքի բնակիչները շարունակաբար համալրում են Հանրապետական կուսակցության շարքերը: Ինչ է, կուսակցական լրագրողին մինչեւ հիմա հայտնի չէ՞, որ անձի՝ որեւէ կուսակցության անդամագրվելը զուտ քաղաքական հայացքների հարց է, հատկապես, երբ համայնքում հիմնադրված է Հանրապետական կուսակցության (եւ ոչ միայն ՀՀԿ-ի) շտաբ, որի աշխատակիցները, մանավանդ այս օրերին, կուսակցության ծրագրերի պրոպագանդման աշխատանքներում ակտիվ գործունեություն են ծավալել, որի արդյունքը համայնքում շոշափելի է: Եվ, ինչու չէ, ես՝ որպես Հանրապետական կուսակցության անդամ, աջակցում եւ քաջալերում եմ շտաբին եւ նրա աշխատակիցներին:

Ինչ վերաբերում է կնոջս՝ գյուղի երաժշտական դպրոցի եւ մանկապարտեզի մեթոդիստ հանդիսանալու հանգամանքին, ապա դա իրոք այդպես է, գյուղապետարանի աշխատակազմում նման հաստիք ստեղծվել է ավագանու որոշմամբ եւ վերջինիս ընտրությամբ էլ կատարվել է նշանակումը. իսկ կինս հանդիսանում է Հյուսիսային համալսարանի տարրական՝ «Կրթական մանկավարժություն եւ մեթոդիկա» ֆակուլտետի հեռակա ուսուցման երրորդ կուրսի ուսանող:

Հոդվածագրին, որպես լրագրողի, պետք է որ հայտնի լինի չհիմնավորված, զրպարտչական հերյուրանքների գրավոր տարածման իրավական հետեւանքների մասին, որի կիրառման օրենքով թույլատրելի ձեւերին ես, հասկանալի պատճառներով, առայժմ չեմ ցանկանում դիմել: Բայց խորհուրդ եմ տալիս Լարիսա Փարեմուզյանին՝ հիշել Քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնք կիրառելի են զրպարտություններ, հերյուրանքներ տարածողների նկատմամբ, երբ վերջիններս չար դիտավորությամբ օգտագործում են «յուրացում», «հափշտակություն» տերմինները՝ համայնքի ընտրողների շուրջ 80 տոկոս քվեները ստացած գյուղապետի անձի հասցեին ասողի նկատմամբ:

Հիմնազուրկ են այն պնդումները, թե 2006թ. ամռանը գյուղի մանկապարտեզի սննդի ձեռքբերման նպատակով փոխանցված 200 000 դրամը ծախսվել է այլ նպատակի համար: Թե այդ գումարը նպատակային է ծախսվել, թե ոչ նպատակային «մսխվել», դրա անխոս վկայությունը կարող են հանդիսանալ գյուղապետարանի եւ մանկապարտեզի հաշվապահական համապատասխան փաստաթղթերը, որոնց «թափանցիկությունը» թափանցելի կարող է լինել բոլոր իրավասու մարմինների համար, բայց ոչ այսուհետեւ՝ հոդվածագրի համար:

Նույնը եւ Հայրենական պատերազմի մասնակիցներին օգնության կարգով տրված 5000-ական դրամների վերաբերյալ: Դա գյուղապետ ընտրվելուց հետո իմ առաջին նախաձեռնություններից է, որը ամեն տարի ըմբռնումով է ընդունում համայնքի ավագանին եւ համայնքի սուղ միջոցներից հատկացնում է այդ գումարները: Պարզվում է, որ անգամ դրա համար ուրախ չէ հոդվածագիրը՝ թող դա մնա իր մարդկային խղճին:

Իսկ ինչ վերաբերում է հոդվածում արծարծված «գյուղ կա՞, որ շուն չլինի» իմ կողմից արտահայտված ժողովրդական ասացվածքին, ապա դա ես այժմ էլ համարում եմ ժողովրդական իմաստուն խոսք, որն իմ կողմից ասվել է այն անձանց հասցեին, որոնց օրը սկսվում եւ ավարտվում է թե գյուղապետարանի, թե գյուղապետի եւ թե Հանրապետական կուսակցության հասցեին արվող չարամիտ բամբասանքներով եւ տարաբնույթ անվանարկումներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031