Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մարտ 05,2007 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ\"a\"

 

Գիրք չորրորդ

 Գլուխ տասներորդ

ՍՐՏԱԿԵՂԵՔ ԽԱՂԵՐ

– Պայքարը պարտավոր ա պայքարել,- ծիծաղեցի ես:

– Հիմի արդեն ձեռ չես առնում, չէ՞,- ժպտաց Ռոլանդը:

– Ի՞նչ ձեռ առնել,- ասացի ես.- փաստորեն, էս գործն իննսուն տոկոսով էղած գործ ա:

– Հա,- ասաց Ռոլանդը:- Որ առաջին կամ երկրորդ կարգ հաստատվի, առնվազն մի հատ «Ժիգուլի» էլ քեզ ա բաժին հասնելու, Արմո ջան:

– Ի՞նձ,- զարմացա ես.- որպես ի՞նչ:

– Որպես էս գործի վկա,- ասաց Ռոլանդը.- էս գործի մասին, փաստորեն, ինձնից, Տարոնից ու Միսակիչից բացի՝ մեկ էլ դու էսքան մանրամասն գիտես:

– Ուրիշներին չես պատմե՞լ:

– Ես չեմ պատմել, բայց շուխուռը սաղ ռայոնով մեկ տարածվել ա:

– Տես՝ աչքով չտան,- ասացի ես:

– Իմ աչքը որ ինձ չկպնի, ուրիշինը դժվար թե կպնի,- ասաց Ռոլանդը:

– Աստված տա՝ առաջին կարգ տան,- ասացի ես:

– Առաջին կարգ որ տան, էդ «Ժիգուլիդ» մեխանիկորեն «Քսանչորս» ա դառնում, Արմո ջան,- ժպտաց Ռոլանդը:

– Ռիո դե Ժանեյրո,- ասացի ես:

– Պլատինե ատամներ,- ծիծաղեց Ռոլանդը:

– Կին ատամնատեխնիկ,- ծիծաղեցի ես:

– Կին ատամնատեխնիկ մեր էս վիճակով էլ կարանք ճարենք,- ասաց Ռոլանդը:

– Ավելի լավերին ենք ճարել,- ասացի ես.- ուղղակի խոսքով ենք ընկել՝ մոռացել ենք:

– Հա, գնանք,- ասաց Ռոլանդը.- հիմի կմտածեն՝ էս ո՞ւր կորան:

– Հիմի երեւի Դանիկն արդեն քֆուրը կապել ա,- ասացի ես:

– Դժվար,- ասաց Ռոլանդը.- ինքը հիմի էդ Սյուզիի ու Եվգենյայի հետ ջան ասում՝ ջան ա լսում: Հերս շատ ա սիրում, որ քաղաքից մարդ-մուրդ եմ մեր տուն բերում:

– Հանկարծ էդ աղջկերքի մոտ քֆուրի տոպրակը չբացի,- ասացի ես:

– Էդ անխուսափելի ա,- ծիծաղեց Ռոլանդը:

– Խամ աղջկերք են,- ասացի ես.- կարող ա սխալ հասկանան:

– Խամը ես ու դու ենք,- ժպտաց Ռոլանդը:

– Ամեն դեպքում, Դանիկին զգուշացրու, որ իրանց մոտ շատ քֆուր չտա:

– Որ զգուշացնեմ, քո ասած էդ քֆուրի տոպրակն ավելի լեն կբացի,- ասաց Ռոլանդը:- Դու լավ գիտես, որ ինքն առանց ուշունցի կյանք չունի:

– Աղջկերքի մոտ էլ ա՞ ուշունց տալի:

– Ինքը հիմնականում աղջկերքի ու կնանիքի մոտ ա ուշունց տալի,- ասաց Ռոլանդը:- Որ շատ ես լարվում, ու հենց ինքը զգում ա, որ իրա ուշունցից վախենում ես, ավելի շատ ա ուշունց տալի: Թե չէ՝ ուրիշ վախտ որ ժամերով խնդրեն, կարող ա ոչ մի ուշունց էլ չտա:

– Ուշունցն էլ պիտի բնական ծնվի,- ասացի ես.- զոռով չես կարա ուշունց տաս:

– Ամեն ինչն էլ պիտի բնական ծնվի,- ասաց Ռոլանդն ու ավելացրեց.- մեր էդ գյուտն էլ բնական ու ինքնիրան ծնվեց. որ տարիներով նստեի ու մտածեի՝ դժվար թե կարենայի էդ տեսակ գյուտ անեի:

– Հիմի էդ գյուտը դո՞ւ ես արել, թե՝ Տարոնը:

– Գյուտը ես եմ արել, բայց Տարոնը գիտական ձեւակերպումներն ա տվել,- ասաց Ռոլանդը:

– Բա էդ ակադեմիկոսների անելի՞քը որն ա:

– Հեչ,- ասաց Ռոլանդը.- իրանց անունները ձեւական պիտի գրվի, որ գյուտը հեշտ հաստատվի: Փաստորեն, սաղ գործը ես ու Տարոնն ենք արել:

– Օստապ Իբրահիմովիչին տվել-անցել ես,- ասացի Ռոլանդին, երբ արդեն Չաուշի թանգարանից դուրս էինք եկել:

– Կարեւորը վերջն ա,- մտահոգ ասաց Ռոլանդը.- դու ասա՝ վերջը Օստապ Իբրահիմովիչի պես չստացվի:

– Ինքը իրա խելքից քաշվավ,- ասացի ես:

– Ինքն էլ էր կյանքի լարված ռիթմին վարժվել, ու որ իրա նպատակին հասնելուց հետո մի պահ հանգստացավ, ամեն ինչ միանգամից թարսվեց,- ասաց Ռոլանդը:

– Հա,- համաձայնվեցի ես:

– Սիրտն է՛լ երեւի արդեն էն չէր:

– Ո՞ւմ սիրտը:

– Բենդերի:

– Իրա սրտի մասին Իլֆն ու Պետրովը ոչ մի բան չեն գրել:

– Իլֆն ու Պետրովը չեն գրել, բայց ես լրիվ պատկերացնում եմ,- ասաց Ռոլանդը:

– Ի՞նչ ես պատկերացնում:

– Հենց որ Բենդերն իրա նպատակին հասավ, ուղեղն է՛լ արդեն նորմալ չէր աշխատում:

– Ո՞նց նորմալ չէր աշխատում:

– Որ ուղեղը նորմալ աշխատեր, էդ փողերը պասիլկա կանե՞ր:

– Բայց հետո փոշմանեց ու էդ պասիլկեն հետ պահանջեց:

– Կապ չունի,- ասաց Ռոլանդը.- ուղեղն արդեն լրիվ անջատված էր:

– Բայց իրա սրտի մասին ոչ մի բան չգիտենք,- ասացի ես:

– Մարդու ուղեղն ու սիրտն իրար հետ կապված չե՞ն:

– Չգիտեմ:

– Էն էլ ո՜նց են կապված,- ասաց Ռոլանդը.- ուղեղի գործունեությունն ուղղակիորեն ա անդրադառնում սրտի գործունեության վրա: Հիշո՞ւմ ես՝ էդ կինոն ոնց ա վերջանում:

– Վերջում Բենդերը տնային կառավարիչ ա դառնում:

– Ո՞վ ասեց:

– Ի՛նքը:

– Ինքն ուզում էր տնային կառավարիչ դառնար, բայց դառա՞վ:

– Չգիտեմ,- ասացի ես.- էդ կինոն իրա էդ խոսքերով ա պրծնում:

– Գիրքը չե՞ս կարդացել,- հարցրեց Ռոլանդը:

– Չէ,- ասացի ես:- Դու կարդացե՞լ ես:

– Ես էլ չեմ կարդացել, բայց համոզված եմ, որ Բենդերը տնային կառավարիչ չէր կարա աշխատեր:

– Ի՞նչ գիտես:

– Գիտեմ,- ասաց Ռոլանդը:- Կարող ա Բենդերը հետո ինֆարկտից մեռել ա, բայց Իլֆն ու Պետրովն էդ մասին չեն գրել, որ ընթերցողների տրամադրությունը չփչացնեն:

– Բայց լավ էլ փչացնում են,- ասացի ես:

– Բայց չեն գրում, չէ՞, որ Բենդերը մեռավ:

– Ախր ինչի՞ պիտի մեռներ:

– Վարիանտ չկա, որ դիմանար: Ինքը որ դիմանար էլ, սիրտը հաստատ չէր դիմանա: Մենք որ էդ փողերի հետ ոչ մի կապ չունենք, հազիվ ենք դիմանում:

– Ինչի՞ն ենք դիմանում:

– Էդ կինոյի ֆինալին: Մեր սիրտն իրա համար որ ըտենց ցավում ա, իրա սիրտը ո՞նց կդիմանար:

– Ի՞նչ իմանաս՝ մինչեւ հաստատ չիմանաս:

– Վարիանտ չկա, որ իրա սիրտն էդ ամեն ինչին դիմանար,- ասաց Ռոլանդը:- Վարիանտ չկա, որ ինքն էդ ամեն ինչից հետո նոր կյանք սկսեր: Էդ ամեն ինչից հետո ինքը ոչ մի տեղ էլ չէր կարա աշխատեր, մանավանդ՝ տնային կառավարիչ:

– Որ էդքան համոզված ես ասում, ուրեմն՝ մի բան գիտես,- ասացի ես:

– Էս գյուտի հետ կապված ահագին նյութեր ենք ուսումնասիրել:

– Ի՞նչ նյութեր:

– Հոգեբանական,- ասաց Ռոլանդը:- Մարդկային սրտի աշխատանքը կյանքի վիճակների հետ շատ ուժեղ կապով ա կապված:

– Պարզ ա,- ասացի ես:

– Էդ նյութերն ուսումնասիրելուց հետո ա պարզ դառնում,- ասաց Ռոլանդը:- Պարզվում ա՝ մարդու սիրտն ընենց ահավոր վիճակների ա դիմանում, որ հեչ քարն էլ չի դիմանա: Ու, ընդհակառակը, մարդու սիրտն ընենց հասարակ իրավիճակների չի դիմանում, որ ուղղակի զարմանում ես: Սիրտ էլ կա, որ դժբախտությանն ու տխրությանը լավ էլ դիմանում ա, բայց ուրախությանը չի դիմանում:

Հիմա, երբ հիշելով գրի եմ առնում Ռոլանդի էս ասածը, արդեն շաբաթից ավել է՝ Արտոն չկա: «Եվրոֆուտբոլի» հրապարակի կենտրոնական բաժանմունքում Արտոն հայտնի էր Կոլոտ Արտո, Չաղ Արտո ու Ֆիրդուսու Արտո անուններով, որովհետեւ ուրիշ Արտո էլ կար՝ Բոյովը: Իրեն Ֆիրդուսու Արտո էինք ասում նաեւ էն պատճառով, որ ո՛չ միայն Ֆիրդուսու նեղայիններում էր ապրում, այլեւ Ֆիրդուսու տարածքում մի քանի առեւտրական սեղան ուներ, ու համաշխարհային ֆուտբոլն Արտոյի էդ մի քանի սեղանների հասույթն էնքան հեշտ ու էնքան արագ էր կլլում, որ Արտոն շշմում էր, ու իր շշմած վիճակն էնքան երկար էր տեւում, որ վերջին երկու տարիների ընթացքում Արտոյի աչքերի հիմնական արտահայտությունը հիմնավորապես փոխվեց, եւ ինքը մշտապես ապշած ու զարմացած էր ո՛չ միայն էն հանգամանքից, թե ինչպիսի թեթեւությամբ ու արագությամբ են համաշխարհային ֆուտբոլը, հոկեյը, բասկետբոլը, թենիսն ու երբեմն նույնիսկ բեյսբոլը կլանում օրական, ամսական ու մինչեւ իսկ տարեկան իր եկամուտները, այլեւ, միեւնույն ժամանակ, է՛ն հանգամանքից էր զարմացած, թե ինչպիսի թեթեւությամբ է ինքն իր էդ բոլոր եկամուտները միանգամայն կամավոր ու պատրաստակամ լցնում համաշխարհային ֆուտբոլի, հոկեյի, բասկետբոլի, թենիսի ու երբեմն նաեւ բեյսբոլի մշտապես բաց ու անհատակ երախները, բայց, այդուհանդերձ, էդ ամենակուլ երախներն ինչքան էլ անհատակ լինեն, ուզածդ մարդու կյանքը չի կարող միայն անհաջողություններից ու միայն պարտություններից բաղկացած լինել, ու Արտոյի կյանքում էլ, ապրիլի կեսերից սկսած, հաղթանակների շղթա սկսեց ձեւավորվել ու առաջանալ, եւ, ի տարբերություն պարտությունների շղթայի, հաղթանակների էս շղթան ոչ թե միանգամից ու հանկարծակի է գոյանում ու առաջանում, այլ միանգամայն դանդաղ ու մանրակրկիտ՝ վայրկյան առ վայրկյան, րոպե առ րոպե, ժամ առ ժամ ու օղակ առ օղակ, եւ հաղթանակդ անհամեմատ զարմանալի ու ապշեցուցիչ է, քան, ուրեմն, պարտություններդ՝ հենց թեկուզ էն պարզ պատճառով, որ պարտություններդ անհամեմատ հոգնակի ու բազմաթիվ են, իսկ հաղթանակներդ՝ քիչ ու նույնիսկ եզակի, ու նաեւ էն պատճառով, որ պարտություններիդ արդեն վարժված ես, իսկ հաղթանակներիդ ոչ մի կերպ չես կարողանում վարժվել, եւ Ֆիրդուսու Արտոյի դեպքում է՛լ էր էդպես, եւ Գերմանիայում տեղի ունենալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունից ընդամենը ամիսուկես առաջ առաջացել եւ օղակ առ օղակ շարունակվում էր Ֆիրդուսու Արտոյի էդ աննախադեպ հաջողությունների շղթան, ու էդ աննախադեպ հաջողություններից ամենից շատ հենց Արտոն էր ապշած ու զարմացած, եւ դեմներս էլ Գերմանիայի աշխարհի առաջնությունն էր, եւ իր էդ հանկարծակի հաջողությունների շղթայական ռեակցիայից ոգեշնչված՝ Արտոն արդեն էդ առաջնությանը չափազանց մանրամասն ու մանրակրկիտ էր նախապատրաստվում, եւ ինքն արտաքուստ շատ գոհ ու ներքուստ շատ երջանիկ էր, որ հենց աշխարհի էդ առաջնությունն էր հաջորդելու իր հաջողությունների էդ բավական երկար շղթային, եւ արտաքուստ ու ներքուստ միանգամայն վստահ էր, որ ֆուտբոլի աշխարհի էդ չափազանց սպասված առաջնությունը ո՛չ միայն հաջորդելու է իր հաջողությունների էդ հանկարծակի շղթային, այլեւ իրենով շարունակելու ու լրացնելու է էդ, ուրեմն, աննախադեպ շղթան, եւ չնայած Ֆիրդուսու Արտոն իր էդ անակնկալ հաջողությունների շարունակությունն արդեն զգում ու նույնիսկ տեսնում էր, այդուհանդերձ, իր զգոնությունն ամենեւին չէր կորցրել եւ հընթացս իրեն նաեւ պարտության տարբերակին էր հոգեբանորեն նախապատրաստում, որովհետեւ Արտոն շուրջ երեք տարի զանազան ու ամենատարբեր բուքմեյքերական պարտություններ տեսած մարդ էր եւ վաղուց արդեն էն ռոմանտիկներից չէր, ովքեր իրենց խաղադրույքներից միայն շահ ու հաղթանակ են ակնկալում, այսինքն, Արտոն էս գլխից հասկանում էր ու գիտեր, որ ուզի թե չուզի՝ էդ հաղթանակների անակնկալ ծայր առած շղթան է՛լ մի օր մի կետում պիտի կտրվի, ընդ որում՝ գիտեր, որ կտրվելու է ամենաբարակ տեղից, ու չնայած Արտոն հեչ տրամադրված չէր, որ էդ ամենաբարակ տեղը Գերմանիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լիներ, այդուհանդերձ, էդ տարբերակին է՛լ էր հոգեպես միանգամայն պատրաստ, որովհետեւ ինքն արդեն զգում էր, որ ինքն արդեն վերջնականապես է բուքմեյքերական երակ սողոսկել, եւ եթե նույնիսկ աշխարհի էդ սպասվելիք առաջնությամբ իր էդ սկսված հաջողությունների շղթան մի պահ կտրվեր, հաջորդիվ ու հատկապես սեպտեմբերից նորանոր հաջողություններն անխուսափելի էին լինելու, ու չնայած դեռեւս մայիսի կեսերն էին, Արտոն իրեն վճռականորեն տրամադրում ու նախապատրաստում էր սեպտեմբերին ու արդեն իր սիրած «Չելսիի», իր սիրած Մորինյոյի եւ իր սիրած Աբրամովիչի ապագա հաջողությունների հիման վրա իր ապագա խաղադրույքներն էր կանխատեսում ու կառուցում, եւ իր ապագա հաղթանակների հիմնական գաղտնիքն իր ներսում իր համար վերջնականապես բացահայտած Ֆիրդուսու Արտոն իրեն արդեն հիմնավորապես նախապատրաստել ու տրամադրել էր իր տեւական հաղթանակներին եւ կարճատեւ ու էպիզոդիկ պարտություններին, եւ եթե ինքը նախկինում փորձում էր հիմնականում մարզական սենսացիաներ կանխագուշակել ու հիմնականում իր խաղադրույքներն անհավանական սենսացիաներին էր փորձում համապատասխանեցնել, հիմա արդեն մարզական զուտ տրամաբանական արդյունքների հետ էր իր ամենավերջին օրերի հույսերը կապում եւ արդեն մարզական միանգամայն կուռ տրամաբանությունն էր համարում իր հաղթանակների միակ գրավականը եւ երբ ոգեւորված ինձ բացատրում էր, որ միշտ ուժեղի վրա պիտի խաղադրույք դնես թեկուզեւ շատ ցածր գործակցով, ես իր էդ մայիսյան աննախադեպ ոգեւորության վրա սառը ջուր չէի լցնում ու չէի ասում, որ ահա շուրջ երկու տարի հենց ամենաուժեղների վրա եմ ամենացածր գործակիցներով խաղադրույք դրել ու մեծամասամբ տանուլ տվել, եւ որպեսզի իր էդ մայիսյան ոգեւորությունը հօդս չցնդեր, չէի ասում, որ արդեն համարյա խաղադրույք չեմ դնում, քանի որ արդեն վերջնականապես եմ համոզվել, որ էդ ասպարեզից շահած դուրս գալն անհնարին բան է, մինչդեռ ինքը, ընդհակառակը, աննախադեպ ոգեւորությամբ ինձ բացատրում ու խորհուրդ էր տալիս, որ սեպտեմբերից սկսած՝ իր հետ կիսովի խաղադրույք դնեմ ուժեղներից ուժեղների՝ «Յուվենթուսի», «Չելսիի», «Միլանի», «Բարսի», «Մանչի» ու էդ մակարդակի մի քանի այլոց վրա, եւ մայիսի կեսերին Ֆիրդուսու Արտոյի մտքով անգամ չէր անցնում, որ սեպտեմբերից «Միլանը» մինուս ութից է սկսելու, իսկ «Յուվենթուսն» ընդհա՛նրապես բարձրագույն խմբից դուրս է շպրտվելու, այսինքն՝ իր էդ աննախադեպ հաջողությունների մայիսին Ֆիրդուսու Արտոյի մտքով միայն ու միայն լավ բաներ էին անցնում, ու չնայած մյուսներն ու ես լավ էլ հասկանում էինք, որ իր պատկերացրածն ու երեւակայածը հրաշապատում հեքիաթին հավասար բան է, բայց Ֆիրդուսու Արտոյին չէինք հակաճառում ու մեծահոգաբար թույլ էինք տալիս, որ իր իսկ հորինած հրաշապատում հեքիաթների սահմաններում ազատորեն ու հաճելիորեն սավառներ, ու նաեւ սրտացավորեն գիտակցում, հասկանում ու կանխատեսում էինք, որ Արտոյի էդ ապրիլմայիսյան հաջողությունների շղթան ահա-ահա ամենաբարակ տեղից կտրվելու է, եւ ինքն ամենքիս պես վերստին փաստի առաջ է հայտնվելու, ու էդ փաստը միայն ու միայն ի՛ր համար է անակնկալ լինելու եւ ոչ թե՝ մյուսներիս, ու մյուսներիս մտքի ծայրով անգամ չէր անցնում, որ տեղի ունենալիքն անակնկալ է լինելու հենց մյուսներիս համար եւ ո՛չ թե՝ Արտոյի, որովհետեւ մյուսներիս մտքով չէր էլ կարող անցնել, որ Ֆիրդուսու Արտոյի սիրտը, որ բազում ու բազմազան պարտությունների էր դիմացել, ի վիճակի չէր դիմանալ էդ աննախադեպ ու կարճատեւ հաջողություններին, ու առավել եւս մտքներովս չէր կարող անցնել, որ Ֆիրդուսու Արտոյի սիրտը տեղի էր տալու Գերմանիայում սկսվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունից ընդամենը երկու օր առաջ, եւ քանի որ Ֆիրդուսու Արտոյի տունը Հրապարակի «Եվրոֆուտբոլից» ընդամենը երկու քայլի վրա էր, ողջ մնացածներս մի մարդու պես ներկայացանք նախ հոգեհանգստին, ապա՝ հուղարկավորությանը, ու չնայած խաղացողներս փոքր ածու ենք, բայց թաղմանն իրար գլխի հավաքված՝ ահագին ժողովուրդ էինք, ու չնայած ի խորոց սրտի էինք սգում մեր խաղընկերոջ մահը, բայց գերեզմաններ չգնացինք, որովհետեւ ընդամենը մի ժամից աշխարհի առաջնության առաջին՝ Գերմանիա-Կոստա- Ռիկա խաղն էր սկսվելու. այսինքն, կյանքն ու խաղերը շարունակվում էին:

Չնայած խաղացողներիս շրջանում ինֆարկտի դեպքեր էլի էին եղել ու էլի՝ մահացու ավարտով, բայց Ֆիրդուսու Արտոյի մահը ողջ մնացածներս իսկապես սրտի խորը կսկիծով սգացինք, որովհետեւ Արտոն մեր մեծ ախպերն էր, եւ միայն իր մահից հետո իմացա, որ ինձանից երեք տարով փոքր էր, եւ երբ էդ բանն իմացա ու իրենց տունը տեսա, անմիջապես մտապատկերիս մեջ վերականգնվեց Բազեինի հայաթը, ուր սրանից շուրջ քառասուն տարի առաջ համարյա ամեն օր ֆուտբոլ էինք խաղում, ու մտապատկերս անմիջապես լուսավորվեց մեջներիս ամենակրտսեր ու ամենագնդլիկ Արտիկով, որն իր պստիկությամբ ու գնդլիկությամբ հանդերձ՝ բոլորիցս ակնհայտորեն ուժեղ էր խաղում եւ, փաստորեն, Արտիկը հենց Ֆիրդուսու Արտոն էր, ավելի ճիշտ՝ Ֆիրդուսու Արտոյի անցյալը, եւ էդ բանը հասկանալով՝ ավելի՛ տխրեցի ու ափսոսացի իր համար, ու չնայած համառորեն ողջ մնացող խաղացողներս մերոնց ստացած ինֆարկտները համակողմանիորեն ենք վերլուծում ու համեմատում, բայց, որպես օրենք, դրանց բուն պատճառներն իրար շատ են նման, եւ միայն Արտոյինն էր ակնհայտորեն տարբեր, եւ եթե նախորդ ինֆարկտները նախորդ մահացածների շարունակական պարտությունների հետ էինք ուղղակիորեն կապում, Ֆիրդուսու Արտոյինը չէինք կարող չկապել ու անմիջապես կապեցինք Արտոյի ապրիլմայիսյան աննախադեպ հաջողությունների հետ, եւ նախորդների ու Արտոյի վախճաններին մենք չէինք կարող անտարբերությամբ ու փիլիսոփայորեն վերաբերվել, որովհետեւ բոլոր էդ մահերը մասամբ նաեւ ողջ մնացածներիս մահերն են, որ ժամանակի մեջ տեղակայված ու դարանակալած՝ մյուսներիս են նշան բռնած սպասում, եւ հատկապես ու շարունակաբար հենց ե՛ս եմ մեր անցած ու գնացած կոլեգաների ինֆարկտների բուն պատճառները տնտղում, ու չնայած Արտոյի ինֆարկտն ապրիլմայիսյան իր էդ հաջողությունների հետ կապելն է՛լ էր իմ նախաձեռնությունը, այդուհանդերձ, էդ վերսիային հակադրվողն է՛լ էի ինքս, որովհետեւ գիտեի, որ Արտոյի երկրային էդ ամենավերջին հաջողություններն օնլայն տարբերակով էին կայացել, այսինքն, իր ամենավերջին ուրախություններն իր ինֆարկտի հիմնական պատճառ համարելն է՛լ համոզիչ ու վերջնական չի, որովհետեւ իմ անձնական փորձով գիտեմ, որ մինչեւ օնլայն տարբերակով շահում ես՝ էդ ընթացքում հազար ու մի ապրումներ ու պարտություններ ես միջովդ անցկացնում, եւ եթե վերջում նույնիսկ հաղթում ես, եւ մինչեւ կողքից մեկը քեզ բզում ու հասկացնում է, որ շահել ես, արդեն բազմիցս տուժած ես լինում ու արդեն խորապես ապրած ես լինում պարտվողի ու պարտվածի տվայտանքներն ու տառապանքները, եւ եթե ամենավերջում նույնիսկ հաղթում ու շահում ես, էդ հաղթածդ ու շահածդ բազմիցս արդեն քթիցդ եկած է լինում, այսինքն, ի վերջո ու վերջապես հաղթելով, հընթացս արդեն մի շարք լիարժեք ու ռեալ պարտություններ ես կրած լինում՝ պարտվողին բնորոշ աղաղակներով ու սթրեսներով հանդերձ, ու չնայած Ֆիրդուսու Արտոյի դեպքը Ռոլանդենց գյուտի ու Պոլիտեխնիկի Գեւորգի ինֆարկտի հետ կապված հիշեցի, հիմա հասկանում եմ, որ չափազանց անտրամաբանական է իրարից ժամանակով ու ամեն ինչով շատ հեռու էդ երկու ինֆարկտների համեմատությունը, եւ առավել անտրամաբանական է, որ ես եմ էդ համեմատությունն անողը, որովհետեւ Պոլիտեխնիկի Գեւորգին երբեւէ չեմ տեսել եւ չեմ ճանաչել, մինչդեռ Ֆիրդուսու Արտոյին շատ մոտիկից տեսա ու ճանաչեցի, ու չնայած չգիտեի, որ ինքը Բազեինի հայաթում բոլորիցս լավ խաղացող չախկալ Արտիկն է, այդուհանդերձ, մի պահ կարծել եմ, թե իրեն արդեն շատ լավ եմ ճանաչում, եւ հիմա եմ միայն հասկանում, որ իրեն նույնքան եմ ճանաչել, ինչքան Պոլիտեխնիկի Գեւորգին, այլապես շարունակաբար ու միամտորեն չէի մտածի, թե խաղացողներիցս հենց իրեն ինֆարկտը երբեւէ մոտ չի գալու, որովհետեւ ինքը, ի տարբերություն մյուսներիս, մշտապես արտահայտվող, աղաղակող եւ շատ հաճախ նաեւ չափազանց հայհոյող էր, մինչդեռ մահկանացուներս ու մանավանդ խաղացող մահկանացուներս միշտ կարծել ու կարծում ենք, թե ինֆարկտը հատկապես եւ առանձնապես չարտահայտվողներիս է ընտրում ու ջոկում, եւ հիմա՝ երբ Ռոլանդենց գյուտից էսպես հանկարծակի ու առանց որեւէ լուրջ հիմքի Ֆիրդուսու Արտոյին ու ֆուտբոլի վերջին առաջնությանը հասա, ահա հընթացս նաեւ հասկանում եմ, որ էս անցումս ու Արտոյին հասնելս հեչ էլ պատահական չէր, ինչպես որ պատահական չէր Դանիկից, Սյուզիից ու Եվգենյայից անցումս Պոլիտեխնիկի Գեւորգին ու Ռոլանդենց գյուտին, որովհետեւ, ամեն ինչից բացի, նախ Պոլիտեխնիկի Գեւորգին ու այնուհետեւ Ֆիրդուսու Արտոյին էսքան սահուն ու իբր թե պատահական անցնելս պայմանավորված է նրանով, որ անցյալ տարի Աշնակում Վրեժի հոր՝ Սաղաթել Իսրայելյանի թաղման օրը Դանիկին խոստացա էս վեպիս շրջանակներում անպայման հիշել ու պատմել իր ու կոնսերվատորիայի էդ երկու աղջկերքի պատմությունը, ավելի ճիշտ՝ կոնսերվատորիայի Սյուզիի ու Եվգենյայի հետ կապված Դանիկի հայհոյանքի պատմությունը, եւ դուք վկա եք, որ ահա-ահա էդ պատմությունն սկսել էի, բայց էդ պատմությունն սկսելով՝ հընթացս նաեւ մտածում էի, որ սխալ եմ անում, որովհետեւ, չնայած Սաղաթել ձյաձյայի թաղման օրը մի քանի հոգու ներկայությամբ Դանիկին հարյուր տոկոսով խոսք տվի, բայց հիմա մտածելով՝ հասկանում եմ, որ կոնսերվատորիայի աղջկերքի հետ կապված էդ պատմությունն ուղղակի անհնար է էսպես գրելով պատմել, որովհետեւ եթե էդ պատմությունը սկզբից մինչեւ վերջ պատմեմ ու Դանիկի էդ ուշունցը բառացի ու տառացի չգրեմ, շատ անհամ ու անիմաստ բան կստացվի, բայց, մյուս կողմից էլ, եթե էդ ամբողջ պատմությունը Դանիկի ուշունցով ու ամենայն մանրամասնությամբ պատմեմ, միգուցե էլի անհամ բան ստացվի, որովհետեւ, եթե հայհոյանքներն ընդհանրապես եւ Դանիկի հայհոյանքները մասնավորապես մեր կյանքում ու մեր իրականության մեջ ընդունելի ու նույնիսկ ցանկալի են, ապա գրականության մեջ ու գրական տեքստում հայհոյանքն ընդհանրապես ու Դանիկի էդ օրվա հայհոյանքը հատկապես կարող է չափազանց տգեղ դիտվել ու համարվել, եւ էս ասածս ապացույցների կարիք չի զգում հատկապես մեր գրականության պարագայում, որովհետեւ, թեպետ հայերս ուրիշ ժողովուրդներից պակաս չենք սիրում ու օգտագործում հայհոյանք ասածը, բայց հեչ չենք սիրում, երբ մեր սիրած ու բազմիցս օգտագործած էդ բազում հայհոյանքներից մեկնումեկը գրական տեքստ է սպրդում, եւ եթե մեզանից շատերն ընդունում են, որ հայհոյանքները բանավոր խոսքի համար միանգամայն ընդունելի համեմունքներ են, մեզանից քչերն են համաձայն, որ էդ համեմունքները երբեմն-երբեմն նաեւ մեր գրավոր ու գրական տեքստերը համեմեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031