Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԿԱՆԱԳՈՐԾԸ, ԷԼԵԿՏՐԻԿԸ ԵՎ ԽՈՀԱՐԱՐԸ ԿՀԱՅՏՆՎԵ՞Ն ԱԺ-ՈՒՄ

Մարտ 06,2007 00:00

\"\"Ավելի հետաքրքիր կլիներ, եթե պատգամավոր դառնար ՄԻԱԱԿ կուսակցության 2-րդ համարը՝ «Քոմեդի Քլաբ»-ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը:

Ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցության հայտ են ներկայացրել 27 կուսակցություն եւ մեկ դաշինք, որոնք պատգամավորական 90 տեղերի համար առաջադրել են ընդհանուր թվով 1497 թեկնածուների: Ահա թե ուշագրավ ինչ տեղեկություններ առանձնացրեցինք՝ ուսումնասիրելով այդ ցուցակներում առաջադրված թեկնածուների մասին տվյալները:

ԱԺԿ ցուցակում 4 կուսակցականի աշխատանքի վայրը եւ զբաղմունքը նշված է իբրեւ «մենատնտես»: Անհնար էր անմիջապես չվերհիշել Օստապ Բենդերի ինքնաբնորոշումը՝ «մենատնտես միլիոնատեր»: Շավարշ Քոչարյանի գլխավորած այս ցուցակում տեղ են գտել երկու անկուսակցական քույրիկներ՝ Աննա եւ Սոնա Քոչարյանները, որոնց զբաղմունքը նշված է «ազատ նկարիչ»: Թերեւս կան անազա՞տ նկարիչներ:

«Ազգային համաձայնություն» կուսակցության 12 հոգանոց ցուցակում, որը գլխավորում է Արամ Հարությունյանը, 2-րդը փիլիսոփա Ալեքսանդր Մանասյանն է, իսկ 3-րդը՝ «Արաբո»-ի ղեկավար Մանվել Եղիազարյանը:

Այս անգամ էլ «Դաշինք» կուսակցության ցուցակում է հանգրվանել Քաղաքագետների միության նախագահ (նախկինում «Ազգային միաբանության», դրանից առաջ՝ ՀԺԿ-ի անդամ, դրանից առաջ՝ ՀՅԴ-ի… ամեն ինչ չես թվարկի) Հմայակ Հովհաննիսյանը, որը 4-րդն է: Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցության ցուցակում 11-րդը Հարություն Առաքելյանն է, որի կուսակցական պատկանելությունը նշված է «անկուսակցական», իսկ աշխատանքի վայրը, պաշտոնը՝ ՀՌԱԿ ատենապետ: «Դաշինքում» 26-րդը Տիգրան Պետրոսյանցն է՝ «Նիգ-Ապարան»-ի փոխնախագահն ու գործադիր տնօրենը: Ի դեպ, «Նիգ Ապարանի» անդամների կարելի է հանդիպել շատ ցուցակներում: Ասենք, ՀՀԿ ցուցակում 43-րդը Ռուբեն Գառնիկի Հովսեփյանն է՝ Աջափնյակ համայնքի ղեկավար, «Նիգ-Ապարան»-ի խորհրդի անդամ:

«Իմպիչմենթ» դաշինքի ցուցակում տեղ չեն գտել «Արմատ» կենտրոնի այն գործիչները, որոնք «Այլընտրանքի» անդամ են՝ Բաբկեն Արարքցյան, Երջանիկ Աբգարյան, Աշոտ Սարգսյան, Վահագն Խաչատրյան եւ այլք: Հակառակ հրապարակված մի տեղեկության՝ ցուցակում չկա նաեւ «Չորրորդ իշխանություն» թերթի պատասխանատու Շողեր Մաթեւոսյանը: Դաշինքի 68 հոգանոց ցուցակում ներառված են ՀՀՇ-ի 10-ից ավելի անդամներ: Նրանք հիմնականում Արմավիրից եւ Աբովյանից են: Եվ ամենահայտնին ՀՀՇ վարչության անդամ Սեդրակ Հովհաննիսյանն է, որը ցուցակում 59-րդն է: Միջանկյալ նկատենք, որ ՀՀՇ-ի ցուցակում նշված չեն շուրջ 20 հոգու աշխատանքի վայրը եւ պաշտոնները: Նրանցից մեկն էլ 10-րդ համարն է, սակայն նրա ազգանունն ու հայրանունն ակնհայտ են դարձնում, թե ինչու է Սուսաննա Սմբատի Սիրադեղյանը հայտնվել ցանկում:

Լուր հրապարակվեց, թե Գագիկ Ներսիսյանը («Նաիրիտ»-ի նախկին ղեկավարը) դուրս է եկել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունից: Հայտնենք, որ նա իբրեւ անկուսակցական հանգրվանել է Սոս Գիմիշյանի ղեկավարած Քրիստոնեա-ժողովրդական կուսակցության ցուցակում եւ 5-րդ համարն է: Այստեղ 4-րդը լրագրող Այդին Մորիկյանն է:

«Ժառանգություն» կուսակցության ցուցակում 13-րդը Սամվել Հարությունյանն է, որի զբաղմունքը նշված է «Ազատագրական պայքարի գործիչ»: Այս ցուցակը խիստ բազմաշերտ է: Ասենք, 47-րդ համարը «Արմենիա Լադա» ՍՊԸ-ի մի վարորդ է, 50-րդը՝ Դիլիջանի գազի ծառայության վարորդն ու համատեղությամբ՝ փականագործը, ցուցակը եզրափակող 56-րդը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի էլեկտրիկն է: Նրանք բոլորն էլ «Ժառանգություն» կուսակցության անդամներ են:

Օրենսդիր աշխատանքի այսպիսի յուրօրինակ ընկալման դրսեւորումներ կան նաեւ այլ կուսակցությունների ցանկերում: Ասենք, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ցուցակում 24-րդը Երեւանի ալրաղաց գործարանի վարորդն է: Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության ցուցակում 20-րդը տաքսու վարորդ է: Հայաստանի դեմոկրատական կուսակցության ցուցակի 21-րդ համարի զբաղմունքը նշված է իբրեւ «հողագործ»: Առավել հետաքրքիր է «Հայոց հայրենիք»՝ մեզ անհայտ կուսակցության ցուցակը, որտեղ տղամարդկանց անունների մեծ մասի դիմաց նշված է «ժամանակավորապես չի աշխատում», իսկ կանանց զբաղմունքը նշված է՝ «տնային տնտեսուհի»:

Առանձին անդրադարձի է արժանի Միացյալ ազատական ազգային կուսակցությունը, եւ ոչ այն պատճառով, որ այստեղ 22-րդը «Նատուրա Գոլդ» թեյարանի գլխավոր խոհարարն է: Ցուցակում 2-րդը «Քոմեդի Քլաբ» ծրագրի մասնակից եւ խմբագիր Գարիկ Մարտիրոսյանն է, իսկ գլխավորում է ցուցակը նրա կրտսեր եղբայրը՝ Լեւոն Մարտիրոսյանը, որը ՄԻԱԱԿ-ի գլխավոր քարտուղարն է: Վերջինս երեկ հայտնել է «Արմինֆո»-ին, որ չնայած Գարիկ Մարտիրոսյանն անկուսակցական է եւ տարվա մեծ մասն ապրում ու աշխատում է Մոսկվայում՝ կուսակցության ստեղծման գաղափարը պատկանում է երկու եղբայրներին: Բնակվելով Մոսկվայում՝ Գարիկը պահպանել է երեւանյան գրանցումը, Հայաստանի քաղաքացի է եւ նրան հուզում է մեր երկրի ապագան, այդ պատճառով էլ Գարիկը համաձայնել է մասնակցել ընտրություններին: Լեւոն Մարտիրոսյանը նաեւ լավ լուր է հայտնել՝ նախընտրական ամբողջ շրջանում Գարիկ Մարտիրոսյանը կլինի Հայաստանում եւ կմասնակցի ընտրողների հետ հանդիպումներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել