Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱՏ» ՀԱՐՑԵՐ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԻ ՌԵԿՏՈՐԻՆ

Ապրիլ 02,2007 00:00

ՊՄՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը երկար բանակցություններից հետո հարցազրույց տվեց, վերջում էլ հրաժարվեց ասածներից:

2002թ., երբ Արտուշ Ղուկասյանը նշանակվեց Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի (ՊՄՀ) ռեկտոր, ուսանողները նրան ցույցերով դիմավորեցին: Այժմ նրա ղեկավարած բուհը, ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության տվյալներով, հայտնվել է հանրապետության կոռումպացված բուհերի «լավագույն» հնգյակում: «Առավոտը» բազմաթիվ դժգոհություններ է ստացել բուհի վերաբերյալ թե՛ ՊՄՀ-ի դասախոսներից, թե՛ ուսանողներից: Վերջերս էլ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աղասի Խաչատրյանը եւ պատմագիտության դոկտոր Պողոս Սիմոնյանը «հանդգնեցին» այդ մասին բաց նամակով դիմել երկրի առաջին դեմքերին, ինչը սվիններով ընդունվեց բուհի կողմից:

Մեր հարցին՝ ՊՄՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը համաձա՞յն է այն գնահատականին, որ համալսարանը հայտնվել է կոռումպացված բուհերի ցանկում, ռեկտորը պատասխանեց, թե «Սարգիս Տխրունու» ուսումնասիրությունների արդյունքները քննարկվել են ռեկտորատի նիստում. «Բուհական համակարգում կան ցավալի փաստեր, չլուծված խնդիրներ: Ես չեմ մեկնաբանում՝ այդ տվյալները հավաստի՞ են, թե՞ ոչ, այլ կիսում եմ մտահոգությունը եւ որպես բուհի ղեկավար՝ փորձում եմ ստեղծել այնպիսի պայմաններ, որ այդ երեւույթները հնարավորության սահմաններում չլինեն: Մեր ուսանողներն ասում են, որ չեն մասնակցել կոռուպցիայի մասին հարցումներին, չեն տեսել այդ թերթիկները»: Ռեկտորից հետաքրքրվեցինք՝ իր պաշտոնավարման ընթացքում եղե՞լ է դեպք, երբ ուսանողների բողոքների արդյունքում որեւէ դասախոս պատժվի, զգուշացվի, հեռացվի աշխատանքից, ի վերջո, կա՞ կոռուպցիա իրենց բուհում: Պարոն Ղուկասյանը հարցը շրջանցելով, սկսեց սահմանել՝ ինչ ասել է կոռուպցիա, հետո էլ ավելացրեց. «Դասախոսին աշխատանքից հեռացնելը լավագույն միջոցը չէ… ամեն դասախոսի ճակատագիր թանկ է բուհի համար»: Իսկ քննությունների համար գումար հավաքելը, Ա. Ղուկասյանի ձեւակերպմամբ, ամենեւին էլ կոռուպցիա չէ, այլ «շատ վատ երեւույթ»: Ըստ նրա, դրա դեմն առնելու մի միջոց է աշխատավարձերի բարձրացումը. «Օրինակ, 2006թ. բուհում 14-րդ աշխատավարձ ենք տվել»: Պրն Ղուկասյանը տեղեկացրեց, որ իրենց բուհի պրոֆեսորները շուրջ 100000 դրամ են ստանում: Մեր տեղեկություններով, այս թիվն ուռճացված է, իսկ 100000-ից ավելի ստանում են ռեկտորի ու պրոռեկտորների որոշ խորհրդականներ: Ինչ վերաբերում է բուհում հնարավոր կաշառակերությանը. «Ասեք՝ որտեղ եք տեսել, հենց այս պահին միջոցներ կձեռնարկենք, կամ բերեք այն մարդկանց, որ ձեզ ասել են»: Ա. Ղուկասյանից հետաքրքրվեցինք՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է այն, որ ՊՄՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Յուրա Բալյանին «6-րդ» վարչությունից օրերս կանչել էին՝ կուլտուրայի, բանասիրության, ռոմանագերմանական ֆակուլտետների ուսանողների բողոքների պատճառով: «Ես ձեզանից եմ լսում, որ իմ ամբիոնի վարիչին տարել-հարցաքննել են: Եթե նման բան լիներ՝ ինձ տեղյակ կպահեին»,- հայտնեց բուհի ղեկավարը:

«Առավոտի» տեղեկություններով, անցյալ տարի բուհի դիպլոմ է տրվել մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողուհի Արեւիկ Սարգսյանին, մինչդեռ նա ընդունվել է Մանկավարժական համալսարան եւ մեկնել ԱՄՆ: Ընդ որում, Արեւիկի հայրը՝ ՊՀՄ-ի դասախոս Աղվան Սարգսյանը, գուցե մեր թերթի վերջին հրապարակումներից հետո օրերս ազատվել է աշխատանքից: Այս հարցի առնչությամբ էլ Ա. Ղուկասյանն ասաց. «Որտեղի՞ց են ձեր տվյալները… Ասեկոսեներն ինձ համար դեռ հիմք չեն, թե նա (Արեւիկ Սարգսյանը- Գ. Հ.) չի հաճախել համալսարան»: Անդրադարձ եղավ նաեւ բուհի հայ գրականության ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանին, ով ամեն տարի մասնակցում է ընդունելության քննություններին, մինչդեռ վերջինիս մի խումբ գրականագետներ մեղադրել էին մասնագիտական անգրագիտության մեջ («Ազգ», 28 հոկտեմբերի 2006թ): Նշենք, որ Ա. Դոլուխանյանը նաեւ ՊՄՀ գիտական խորհրդի հումանիտար մասնագիտությունների գծով մրցութային հանձնաժողովի նախագահն է, որը այս տարվա հունվարի 25-ին որոշել էր պրոֆեսոր Աղասի Խաչատրյանին չերաշխավորել փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչի թափուր տեղի համար: ՊՄՀ ռեկտորը Ա. Դոլուխանյանի մասին «վատ» մտածողներին չար անվանեց՝ ավելացնելով. «Աելիտա Դոլուխանյանը արժեք է ողջ հանրապետության համար»:

Մեր տվյալներով, 2006-2007 ուստարվա «պատմություն» առարկայից՝ հեռակա բաժնի ընդունելության քննությունների ժամանակ շատերն օգտվել են նույն ծածկագրից, ռեկտորը տեղյա՞կ է այս մասին: Հարցն ուղղակի ափերից հանեց Ա. Ղուկասյանին: Նա այդ ամենը հերյուրանք որակեց եւ ինձ նախատեց. «Դուք ի՞նչ եք արել բուհական համակարգում ձեր դրական լուման ունենալու համար»:

Հ. Գ. ՊՄՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը հարցազրույցի վերջում գոռգոռալով հայտնեց, որ հրաժարվում է իր բոլոր ասածներից, որովհետեւ «վատ» հարցեր ենք տվել(՞): Ի դեպ, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանն իր «Ի հեճուկս» գրքում (Ստեփանակերտ, 2006թ., էջ 306) անդրադարձել է Ա. Ղուկասյանի «ներքին կուլտուրայի պակասին» եւ «ինտելեկտուալ ցածր մակարդակին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել