Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-Ն ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ ՍԻԱՄԱԿԱՆ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ապրիլ 19,2007 00:00

Եվրոպայի խորհրդի առջեւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցը, որը ԵԽԽՎ-ն քննարկեց ապրիլի 16-ին՝ բավական քննադատական էր: Մասնավորապես՝ նշված էր, որ Ադրբեջանի բնակչության 25 տոկոսն աղքատ է, կոռուպցիայի ծավալներն աճում են, մարդու իրավունքները եւ խոսքի ազատությունը ոտնահարվում են, խախտվում է հավաքների ազատությունը, դատավորները անկախ չեն, խորհրդարանը բավարար լիազորություններ չունի, ընտրությունները կեղծվում են: Նաեւ կարեւորված էր, որ պիտի անհապաղ լուծվի ընտրական հանձնաժողովների կազմերի հարցը, որոնք պետք է վայելեն ընտրազանգվածի եւ բոլոր քաղաքական ուժերի վստահությունը: Հայաստանի ընդդիմադիր ուժերի ղեկավարներից մեկը, որը չցանկացավ հրապարակենք անունը՝ «Առավոտին» ասաց, թե լսելով այդ զեկույցի մասին հաղորդումները՝ «Տպավորություն ստացա, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ իրենց հանդիպումների ժամանակ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւն իրար հետ դեմ առ դեմ առավել մտքեր են փոխանակում իրենց ժողովուրդների սոցիալական, քաղաքական ընդվզումները եւ ժողովրդավարական գործընթացները կանխելու ու խեղդելու սեփական փորձը միմյանց փոխանցելու, քան ԼՂ հարցը հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծելու շուրջ: Քանի որ երկու պետություններում էլ ընդդիմության նկատմամբ ոտնձգությունները զարմանալի նմանություն ունեն՝ 2004-ի ապրիլի 5-ին եւ 12-ին ընդդիմության խաղաղ ցույցերի ջարդեր Երեւանում, իսկ ԱԺ ընտրություններից հետո՝ ընդդիմության ջարդեր Բաքվում, «Ա1+»-ի փակում Երեւանում, եւ հեռուստաընկերության փակում Բաքվում, այլախոհների հետապնդում (Արման Բաբաջանյան, Ժիրայր Սեֆիլյան) ե՛ւ Երեւանում, ե՛ւ Բաքվում, օլիգարխների մեծաքանակ մուտք ԱԺ՝ խնդիր է ե՛ւ Երեւանում, ե՛ւ Բաքվում: Եվ այսպես շարունակ: Հետո էլ ասում են՝ բանակցություններն արդյունք չեն տալիս: Բա Օսկանյանն ու Մամեդյարովն առանձին-առանձին ասում էին, չէ՞, որ բանակցություններն ընթանում են իրենց երկրների պետական շահերի օգտին: Ստացվում է, որ երկուսն էլ ճիշտ են ասում: Ուրեմն՝ կեցցե՛ ժողովրդավարությունը»:  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել