Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻՐԻԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԱԶԳԱՓՐԿՈՒԹՅԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ

Մայիս 07,2007 00:00

Կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում դրախտ են խոստանում մշակույթի, երիտասարդության, կրթության եւ գիտության ոլորտի համար:

Հիմնականում կուսակցությունների ծրագրերն իրար նման են այնքանով, որքանով բոլորն էլ «ոսկի սարեր» են խոստանում: Այլ հարց է, թե խոստացածի քանի տոկոսն է իրատեսական, որովհետեւ ԱԺ անցնելուց հետո խոստումատուները, որպես կանոն, «մոռանում» են իրենց նախընտրական քարոզչանյութերում եղած պոպուլիստական շեշտադրումներով գեղեցիկ շարադրանքի մասին: Զարմանալի չէ, որ կուսակցությունները միմյանց մեղադրում են նաեւ ծրագրային գրագողության մեջ՝ չէ՞ որ յուրաքանչյուրը ցանկանում է ամենահումանիստականը, ամենաարդարն ու արժանավորը երեւալ:

Սոցիալական շեշտեր՝ գիտակրթամշակութային ոլորտում

«Ժողովրդական կուսակցությունը» իր նախընտրական ծրագրի սոցիալական բաժնում է խոսում «մտավոր ներուժի՝ ազգի հիմնական ռեսուրս լինելու մասին»: Մյուսների նման ԺԿ-ն էլ դեկլարատիվ հայտարարություններ է անում, թե գիտությունը եւ կրթությունը ՀՀ զարգացման գերակա ուղղությունն ու երաշխիքն են: Երգող-պարող եւ հայ ազգին «ադամանդներով» ողողած Տիգրան Կարապետյանի կուսակցության ծրագրում, սակայն, մշակույթի մասին առանձին կետ, որպես այդպիսին, չկա:

ՕԵԿ-ը կարեւորում է ուսման վարձերի վճարման նպատակով ուսանողներին ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ վարկերի տրամադրումը, երիտասարդության խնդիրներին առնչվող օրինագծերի մշակումը, առաջին դասարանից 2 օտար լեզվի եւ համակարգչային գիտելիքների ուսուցումը, «Կրթության զարգացման պետական ծրագրի» իրականացման հանդեպ հետեւողականությունը, սեփականաշնորհման արգելքի պահպանումը ուսումնական հաստատությունների համար, գիտության համակարգի արդիականացումը եւ այլն: Մշակույթի ոլորտում էլ խոստանում է աջակցել պատմամշակութային ժառանգության պահպանմանը, նպաստել արդի, ժողովրդական եւ կիրառական արվեստների ներդաշնակ զարգացմանը, խրախուսել մշակութային նշանակալի նվաճումների հեղինակներին, Հայաստանը դարձնել տարածաշրջանային եւ միջազգային մշակութային ծրագրերի մասնակից ու նման բաներ:

«Ազգային միաբանությունը» եւս խոստանում է ուսուցիչների, դասախոսների եւ կրթության բնագավառի աշխատողների աշխատավարձերի բարձրացում, անհրաժեշտ է համարում կրթության բնագավառում կապիտալ շինարարությունը, դպրոցական կցակառույցների եւ ուսուցիչների համար կացարաններ կառուցելուն ուղղորդված պետական ֆինանսավորումը: ԱՄ-ը գտնում է, որ «գիտությունը, գիտական դպրոցները, ազգի գիտական ինտելեկտը եւ դրա օպտիմալ օգտագործումը կարեւոր նախապայման են XXI դարում ՀՀ գոյատեւման համար»: Իսկ մշակույթի բնագավառին մոտենում են համարյա կարապետիչաբար. «Մեր ազգային մշակույթի պահպանումը, վերածնունդը եւ զարգացումը պարտադիր պայման են կյանքի մյուս բնագավառներում հաջողության հասնելու համար»:

Մշակութային ժառանգության ժողովրդականացում եւ կրթության աշխատողների հեղինակության բարձրացում

ՀՅԴ-ն գիտության դերը տեսնում է երկրի անվտանգությանը, տնտեսական եւ ռազմական հզորացմանը ծառայելու մեջ: Գիտության արդյունավետ զարգացման շահերից ելնելով՝ ՀՅԴ-ն նախատեսում է «շեշտակի մեծացնել գիտական եւ գիտատեխնիկական գործունեության՝ պետական բյուջեից ֆինանսավորման ծավալները՝ հասցնելով այն ՀՆԱ-ի 2%-ին… պայմաններ ստեղծել գիտական կադրերի արտահոսքը Հայաստանից դադարեցնելու եւ այն աստիճանաբար ներհոսքով փոխարինելու համար»:

Կրթական համակարգում էլ խոստանում է աշխատողների հեղինակության եւ աշխատավարձերի բարձրացում, նախադպրոցական հաստատությունների ցանցի վերականգնում, իսկ մշակույթի դաշտում՝ հայկական մշակութային ժառանգության ժողովրդականացում(՞), «համաշխարհային մշակութային արժեքներին հաղորդակցվելու հնարավորությունների զարգացում եւ միասնական մշակութային տարածքի ձեւավորումը ողջ հայության համար»:

Ըստ «Դաշինքի» ծրագրի, «գիտության, կրթության եւ մշակույթի հաջողություններով է բնութագրվում երկրի զարգացածության մակարդակը»:

Նույն փաստաթղթի համաձայն, կրթության բնագավառում քաղաքականությունը պետք է միտված լինի համակարգի ապակենտրոնացմանը, միջազգային չափանիշների ներդրմանը, ավանդույթների պահպանմանը եւ զարգացմանը: Այս կուսակցությունը կարեւորում է կրթամշակութային հաստատություններում ինքնավարության հաստատումը՝ մանկավարժական եւ ծնողական խորհուրդների կողմից տնօրենների ընտրության համակարգի կիրառմամբ: Ինչ վերաբերում է մշակութային դաշտին, ապա «Մշակույթի մասին օրենքում հարկ է ամրագրել ազգային-մշակութային արժեքների արտահանումը հնարավորինս սահմանափակող դրույթները»:

ԺՈՒԿ-ի ծրագրով մշակութային քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի հայկական մշակույթի ազգային առանձնահատկությունների պահպանումն ու զարգացումը՝ ծեծված նախադասություն, որ առկա է համարյա բոլոր կուսակցությունների ծրագրերում: Ըստ ԺՈՒԿ-ի, պետք է լինի գիտության զարգացման հստակ հայեցակարգ, որտեղ նշված լինեն գիտության ճյուղերի զարգացման առաջնահերթությունները:

Պոետիկ եւ «նժդեհախեղդ» ծրագրեր

Ճոռոմ արտահայտություններով հեղեղված եւ «նժդեհախեղդ» է արված հատկապես ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը: «Հայոց գերագույն նպատակը, որ իմաստավորումն է իր աստվածաստեղծ գոյության, հարատեւումն է Հայրենիքում, հաստատումը իր կենսական ուժի, ստեղծագործ հանճարի ու ազատ կամքի: Այդ նպատակի իրագործման գրավականը Հայ ազգային գաղափարախոսությունն է, որում, ՀՀԿ համոզումով, էական տեղ ունի Գարեգին Նժդեհի ուսմունքը… Աստծո կամոք մենք արարվել ենք որպես հայեր, հետեւապես՝ մեր եւ Աստծո միջեւ հարատեւ կապն ապահովվում է Հայ տեսակը հավիտենականացնելու ճանապարհով: Այս ելակետն ունենալով, ՀՀԿ-ն մեր պատմության հեթանոսական եւ քրիստոնեական ժամանակաշրջանները արժեւորում է ազգայինի առաջնայնության սկզբունքով»,- ասվում է այնտեղ:

ՀՀԿ-ն կարծում է, որ «կրթությունը պետք է անհատին տա խորը եւ բազմակողմանի գիտելիքներ, միաժամանակ ապահովելով այն բանի գիտակցումը, որ դրանք պետք է ծառայեն ինչպես անձնական բարօրությանը, այնպես էլ Ազգի եւ Հայրենիքի հզորացմանը: Կրթության համակարգը պետք է ձեւավորի մարդկային եւ ազգային բարձր արժեքներ դավանող սերունդ՝ հաղորդակից մարդկայնորեն վեհ հայոց հոգեւոր, գաղափարական եւ բարոյական արժեքներին, նախնիների մեծագործություններին ու կորուստներին՝ պարզաբանելով մարդկության զարգացման այն օրինաչափությունը, թե մեծագործությունները պայմանավորված են ժողովուրդների ոգու, որով եւ գաղափարի ազնվությամբ ու զորությամբ, իսկ կորուստները՝ դրանց թուլությամբ… Գիտությունն ու մշակույթը պետք է ծառայեն ազգի հոգեւոր եւ նյութական արժեքների վերականգնմանը, պահպանմանն ու զարգացմանը, բացահայտեն հայի տոհմիկ կերպարը, աշխարհընկալումը եւ կենսակերպը: Մշակույթն ու գիտությունը պետք է իրականացնեն ազգային ավանդույթների ու գիտատեխնիկական առաջընթացի զուգակցումը՝ մեր երկրի համար աշխարհում ապահովելով բարոյահոգեբանական, մտավոր եւ տեխնոլոգիական առաջնակարգ դիրքեր»: Պաթոսով ՀՀԿ-ի ծրագրին  չի զիջում ԲՀԿ-ի ծրագիրը:

Կրթության, գիտության եւ մշակութային քաղաքականության ոլորտում ԲՀԿ-ի համար առաջնահերթ լուծման ենթակա խնդիրներն են՝ բարձր որակավորում ունեցող, հայրենասեր, ազգային ոգով դաստիարակված, բազմակողմանի զարգացած եւ բարոյական արժեքներ դավանող սերունդ ունենալու գերխնդրի լուծումն ապահովող կրթական համակարգի ստեղծումը, մանկավարժների եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատանքի վարձատրության մակարդակի շարունակական բարձրացումը, կրթության որակի էական բարելավումը, ինչպես նաեւ անապահով ուսանողներին, որբ եւ ծնողազուրկ երեխաներին սոցիալական հասցեական աջակցության ցուցաբերումը՝ ներառյալ ուսման վարձերի լրիվ կամ մասնակի փոխհատուցումը, կրթական համակարգում սովորողների օժանդակության նպատակով մասնավոր բարեգործական հիմնադրամների ձեւավորման խրախուսումը եւ մեկենասության տարբեր մեխանիզմների ներդրումը, գիտության արդյունավետ կառավարման համակարգի ձեւավորումը, բարձր որակավորում ունեցող գիտական կադրերի պատրաստման մեխանիզմների ներդրումը, տաղանդավոր երիտասարդ գիտնականների պետական աջակցության համակարգի ձեւավորումն ու զարգացումը: ԲՀԿ-ն կարծում է, որ անհրաժեշտ է հասնել գիտության ոլորտին պետական բյուջեի ծախսային մասի առնվազն 3%-ի հատկացմանը: ԲՀԿ-ն կարեւորում է «Մշակույթի զարգացման հայեցակարգի» մշակումը եւ բնակչության հոգեւոր, կրթական ու բարոյական դաստիարակության բնագավառում պետական ծրագրային քաղաքականության իրականացումը, հոգեւոր-մշակութային ժառանգության, ազգային ավանդույթների, համամարդկային արժեքների եւ նորմերի պահպանման, ինչպես նաեւ մշակութային կազմակերպությունների գործունեության եւ ստեղծագործ աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, հայոց լեզվի եւ խոսքի ճիշտ գործածման դերի բարձրացումը(՞), պատմամշակութային ժառանգության պահպանումը եւ այլն: ԲՀԿ-ի ծրագրում նախատեսված է նաեւ «մարզերում թատրոնների, թանգարանների, արվեստների, ազգային արհեստների եւ ստեղծագործական ինքնագործունեության մյուս ձեւերի վերածնունդը»: Կուսակցությունը խոստանում է նաեւ պայքարել աղանդների դեմ:

ԱԺԿ-ի ծրագրով նախատեսված է գիտական եւ բուհական համակարգերի բարեփոխում (մասնավորապես՝ իրական ինքնավարության եւ ստեղծագործական ազատության երաշխիքների ապահովում) եւ ինտեգրացում համաշխարհային համակարգերին, գիտություն-կրթություն կապի ստեղծում. լավագույն գիտնականները պետք է դասավանդեն բուհերում: Կուսակցությունը իր «կոլեգաների» նման ձգտելու է մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանը եւ արտերկրում քարոզմանն (այդ թվում՝ ինտերնետային ցանցով) ուղղված համալիր ծրագրերի իրագործմանը, մշակութային, կրթական եւ գիտական կյանքի ապակենտրոնացմանը, իսկ ԱԺ-ում հայտնվելու դեպքում «հոգատարություն է ցուցաբերելու հայագիտության զարգացման հանդեպ»:

ՄԱԿ-ի ռոմանտիկ կարգախոսներից մեկն է՝ «Հարուստ մշակույթ՝ զարգացած հասարակություն»: ՄԱԿ-ը «կարեւորում է ազգային դիմագիծը բնորոշող գործոնները, որոնք են՝ մշակութային եւ լեզվական ներդաշնակությունը, ազգի հետ փոխհարաբերվելու եւ նրա մասը կազմելու կանոնները»: Լիրիկական շեշտադրումները հաջորդ հատվածում էլ են շարունակվում. «Մենք համամիտ ենք, որ հայ ժողովրդի առավելություններից են նրա կամային հատկանիշները, տոկունությունն ու նպատակին հասնելու ձգտումը, այն գիտական, հոգեւոր եւ բարոյական ներուժը, որը մշտապես նրան ուղեկցել է պատմության քառուղիներում»: ՄԱԿ-ը առաջարկում է հիմնվել գիտական հզոր ներուժի վրա, նպաստել նրա հետագա զարգացմանը՝ ինչպես ֆունդամենտալ, այնպես էլ կիրառական գիտությունների ասպարեզում, անհրաժեշտ է համարում մշակել գիտության զարգացման հեռանկարային ծրագրեր, այդ թվում՝ մասնագետների վերապատրաստում արտասահմանյան ժամանակակից գիտական կենտրոններում, գիտական մտքի արտահոսքի կանխում, բուհական գիտական մտքի զարգացում: Կուսակցությունը կողմնակից է հանրակրթական անվճար ուսուցմանը, չբացառելով մասնակի վճարովի ուսուցումը մասնագիտական թեքումներով ավագ դպրոցներում:

ՀԺԿ-ն առաջնահերթ խնդիր է համարում գիտական ներուժի պահպանումը, գիտության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, կարեւորում գիտության նվաճումների ներդրումը տնտեսության մեջ: «Կուսակցությունը անթույլատրելի է համարում կրթական ոլորտի կուսակցականացումը եւ ելնում է այն ճշմարտությունից, որ միայն պետականորեն խթանվող գործընթացի շնորհիվ է հնարավոր բազմապատկել համաշխարհային քաղաքակրթության գանձարանին հայ մշակույթի եւ գիտության ներդրումը»,- ասվում է ծրագրում:

Օրինաստեղծ գործունեություն, հեռանկարների խոստում

«Նոր ժամանակները» որոշել է խորհրդարան գալուն պես կյանքի կոչել նոր կամ վերամշակված ավելի քան 48 օրենք: Այդ թվում՝ Գիտական գործունեության պետական պաշտպանության մասին, Ուսուցչության եւ ուսուցիչների պետական պաշտպանվածության մասին, Երիտասարդ ընտանիքի սոցիալական խրախուսման մասին, Երիտասարդ մասնագետի իրավունքների ապահովման մասին եւ այլ օրենքներ:

«Ժառանգության» համար «գիտության զարգացումը ազգային հպարտության խնդիր է, տնտեսության առաջընթացի, աղքատության հաղթահարման, նոր աշխատատեղերի ստեղծման, ազգային անվտանգության ամրապնդման, երկրի մրցունակության եւ միջազգային հեղինակության բարձրացման գրավականը»: Կուսակցության ծրագրով՝ ՀՀ պետբյուջեում գիտության ֆինանսավորումը պետք է աճի ՀՆԱ 3%-ի, կրթությանը՝ 5,5%-ի չափով: Իսկ մշակույթի եւ երիտասարդական քաղաքականության ոլորտում «Ժառանգության» համար կարեւորը օրենսդրական դաշտի ձեւավորումն է, «Առողջ մարմին-առողջ հոգի-առողջ սերունդ» բանաձեւի արմատավորումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031