Լրահոս
Օրվա լրահոսը

Մանդատդ վայր դիր

Հունիս 06,2007 00:00

Երեկ այսպիսի առաջարկով ԱԺ-ում հայտնված ՕԵԿ-ին, «Ժառանգությանն» ու ՀՅԴ-ին դիմեցին «Իմպիչմենտի» ներկայացուցիչները:

«2007թ. մայիսի 12-ի ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքներն ամբողջությամբ կեղծված են, իսկ գումարվելիք խորհրդարանը՝ ոչ լեգիտիմ, ուստի՝ մեր երկրի ապագա օրինական իշխանությունը միջազգային հանրակցության առջեւ երբեւէ պարտավորություն չի կրելու այս Ազգային ժողովի եւ նրա հաստատելիք՝ ի սկզբանե ոչ լեգիտիմ կառավարության գործողությունների համար»,- երեկ հայտարարել են «Իմպիչմենտ» դաշինքի անդամ երկու կուսակցությունները՝ «Պահպանողականն» ու «Ժողովրդավարական Հայրենիքը»։ Համարելով, որ «երկիրն օրինական տիրոջը՝ ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու ճանապարհը ԱԺ նոր ընտրությունների կազմակերպումն է», հիշյալ կուսակցությունները ներկա փուլում դրա համար իրենց հայտարարության տեքստում երկու տարբերակ են մատնանշել. կա՛մ «Սահմանադրական դատարանի միջոցով հասնել ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչմանը», կա՛մ «իրենց ընդդիմություն հռչակած կուսակցությունների կողմից պատգամավորական մանդատներից հրաժարումը եւ օրենսդիր ու գործադիր իշխանության ձեւավորման վակուում ստեղծելը»։

Այս կուսակցությունները չապավինելով ՍԴ-ի անաչառությանն ու օբյեկտիվությանը, նաեւ առանձնակի հույսեր չտածելով ՍԴ-ի՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հանդեպ, միաժամանակ հայտարարել են, որ «այն ուժերը, որոնք այս կամ այն կերպ կհամակերպվեն ԱԺ ընտրություններ անվանված աճպարարության արդյունքներին՝ կարող են ակամա մասնակիցը դառնալ մեր երկիրը պալատական հեղաշրջումների եւ ահաբեկչության տրամաբանության մեջ տեղափոխելու իշխանությունների դավադիր ծրագրին, սեթեւեթանքները եւ ապօրինի իշխանության գծած խաղի մեջ տեղավորումը նշանակում են ծպտյալ ծառայություն ուզուրպատորներին»։ ԺՀԿ-ն եւ «Պահպանողական» կուսակցությունը նաեւ կոչ են անում Հայաստանի քաղաքական ընդդիմադիր ուժերին եւ գործիչներին՝ ձեռնպահ մնալ ԱԺ ընտրական փուլը փակված համարելուց եւ նախագահական հերթական ընտրությունների գաղափարներից ու «ուժերը մեկտեղել «Իմպիչմենտ» դաշինքի սկսած հանրահավաքային շարժումը չփոշիացնելու ու մեր ժողովրդին եւս մեկ անգամ չհուսալքելու համար»։

Հանուն արդարության պետք է, թերեւս, նկատել, որ բացառությամբ այսօր հանրահավաքներ նախաձեռնող «Իմպիչմենտի», ՆԺԿ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության, ընդդիմադիր որեւէ այլ ուժ ո՛չ ընտրություններից առաջ, ո՛չ դրանցից հետո հանրահավաքային պայքար չի տարել, ուստի՝ օբյեկտիվորեն հանրահավաքների տապալմամբ ժողովրդին հուսալքել-չհուսալքելու բեռ իր վրա էն գլխից չի վերցրել: Մյուս կողմից, ԱԺ-ում հայտնված երկու ուժերը՝ ի դեմս «Օրինաց երկրի» եւ «Ժառանգության», երբեւէ խոսք չեն տվել, թե իրենց մանդատներն ընտրվելուց հետո վայր են դնելու, ուստի նրանց ուղղված՝ «Իմպիչմենտի» ներկայացուցիչների առաջարկները, թերեւս, արդարացված չեն:

Երեկ «Փաստարկ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ Պ. Մակեյանը «Իմպիչմենտի»՝ ընտրությունների նախընտրական, նաեւ հետընտրական վարած գործընթացներում, այնուամենայնիվ, երկու լուսավոր կետ տեսավ: Ըստ Մակեյանի, մեկն այն է, որ «Իմպիչմենտ» դաշինքն իր գործունեության ընթացքում ճիշտ է՝ հաղթանակ չապահովեց, բայց լուծեց երկու կարեւոր հարց. ապահովեց վարչախմբի վերարտադրման կանխման գործընթացը, նաեւ վերացրեց երկրում վախի մթնոլորտը: Ընդ որում, այս վերջինի մասին իր պնդումը պարոն Մակեյանը փաստարկեց մայիսի 9-ին ԱԱԾ շենքի մոտ «Իմպիչմենտի» երթը ճնշելու հայրենի ուժայինների անհաջող փորձով, թեեւ դրանից հետո եւ այսօր էլ նույն այս դաշինքը պնդում է, թե ընտրություններն անցել են վախի եւ ճնշումների մթնոլորտում: Այս դիտարկումն անհասկանալի էր նաեւ այնքանով, որքանով ընդդիմությունը համարել է, որ Ռոբերտ Քոչարյանի փոխարինումը Սերժ Սարգսյանով իշխանության վերարտադրում է, իսկ օրվա իշխանություններն այս փուլում հաջողությամբ վերարտադրվել են, որովհետեւ նոր ԱԺ-ում, եթե չհաշվենք անգամ ԲՀԿ-ին, Ս. Սարգսյանի գլխավորած կուսակցությունն ունի բացարձակ մեծամասնություն:

Անդրադառնալով ՍԴ-ում ընտրություններն անվավեր ճանաչելուն ուղղված ընդդիմության սկսած գործընթացին՝ Պ. Մակեյանն ասաց, որ ընտրությունների էջը դեռ փակված չէ, որ գործընթացը շարունակվում է եւ միահյուսվելու է նախագահական ընտրությունների պրոցեսին, իսկ ՍԴ դիմել են հասարակությանն ապացուցելու համար, որ մայիսի 12-ին եղել են ոչ թե ընտրություններ, այլ՝ աճպարարություն: Իհարկե, նույն Պ. Մակեյանն ինքն էլ նույն պահին հայտարարեց, թե այդ ամենը հիանալի գիտի նաեւ հասարակության 90 տոկոսից ավելին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել