Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրությունը՝ առ ոչի՞նչ

Հուլիս 06,2007 00:00

Երկրի հիմնական օրենքը գործնականում չի գործում

ՀՀ նախագահը, վարչապետն ու խորհրդարանի խոսնակը երեկ առանձին ուղերձներով շնորհավորել էին հայ ժողովրդին Սահմանադրության տոնի կապակցությամբ: Այն Սահմանադրության, որը հռչակում է՝ «Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից», «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք, ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի», «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաեւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։ Ձերբակալված, կալանավորված եւ ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի եւ արժանապատվության հարգման իրավունք»։ Սահմանադրության այս դրույթների կիրառումը գործնականում միանգամայն այլ օրինակներ է տալիս: Շրջենք հանրապետությունում եւ հարցնենք մեր շարքային քաղաքացիներին՝ Սահմանադրությամբ հնարավո՞ր է պաշտպանել նրանց ոտնահարված ու ոտնահարվող իրավունքները մասնավորապես՝ ոստիկանությունում, ԱԱԾ-ում, ՊՆ-ում, դատարաններում, քննչական մեկուսարաններում: Վստահ ենք, եւ դրա մասին վկայում են նաեւ տեղական եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները, որ այս հարցադրումն ավելի շատ բացասական պատասխաններ կստանա։ Միայն վերջին մի քանի տարիների ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ շարքային քաղաքացին թվարկված հաստատություններում կտտանքների ենթարկվելուց հետո դիմել է ծայրահեղ քայլի՝ կատարելով ինքնասպանություն, իսկ որոշ դեպքերում անձը մահացել է հենց ոստիկանության վարչական շենքում:

Այսպես, 1995թ. ապրիլին ԱԱԾ մեկուսարանում անհայտ հանգամանքներում հայտնաբերվել է «Դրոյի» գործով կասկածյալ Արտավազդ Մանուկյանի դիակը։ 1997թ. ապրիլին Նոր Նորքի ՆԳ բաժնում խոշտանգումների է ենթարկվել 17-ամյա Սամվել Վիրաբյանը, ինչից հետո ոստիկանները նրա հարազատներին են հանձնել պատանու դիակը՝ բռնության ակնհայտ հետքերով, ինչը հաստատվել է դատաբժշկական փորձաքննությամբ: 1997թ. օգոստոսին Գյումրիում 23-ամյա Գալուստ Դիլանյանի դիակը՝ մարմնի վրա առկա բռնության բազմաթիվ հետքերով, ոստիկանները հանձնել են երիտասարդի հարազատներին՝ համոզելով, թե Դիլանյանն ինքնասպան է եղել: 1998թ.-ին Աբովյանի ոստիկանության շենքի բակում հայտնաբերվում է Էդուարդ Վարդանյանի դիակը։ Պաշտոնապես հայտարարվել է, որ Վարդանյանը փորձել է փախուստի դիմել ոստիկանության շենքի երկրորդ հարկի պատուհանից, որն էլ ավարտվել է վերջինիս մահվամբ։ Նույն թվականին Երեւան քաղաքի Շահումյանի ոստիկանությունից ԱԱ նախարարության Արթիկի գաղութ են տեղափոխվել Ստեփան Գեւորգյանն ու Օլեգ Արիշինը: Երկու օրերի ընթացքում վերջիններս մահացել են։ Գաղութից հայտնել են, որ նրանք իրենց մոտ են տեղափոխվել խոշտանգված, ինչը արձանագրվել է իրենց մոտ եղած գրանցամատյաններում։ 1999թ. հուլիսի 23-ին Արաբկիրի ոստիկանությունից քաղաքից չբացակայելու պայմանով ստորագրությամբ բաց է թողնվել Արսեն Ստեփանյանը, որին հարազատները ոստիկանությունից տուն են տարել արյան զեղումներով եւ կողոսկրերի կոտրվածքներով: Նա 2 օր անց մահացել է:

2000թ. հունիսին Արտաշատի ոստիկանությունում կախվելու միջոցով ինքնասպան է եղել Նորաշեն գյուղի բնակիչ Բաբկեն Սողոմոնյանը:

2004թ. դեկտեմբերին Նուբարաշեն ՔԿՀ թիվ 3 հիվանդանոցի խցում կախվելու միջոցով ինքնասպան է եղել Մայիս Զոհրաբյանը:

2005թ. փետրվարին իրենց տան անասնագոմում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 1976թ. ծնված Սարգիս Կարապետյանը: Վերջինս թողել է երկտող, ուր նշել է, որ նախօրեին իրեն տարել են Մասիսի ոստիկանություն եւ ծեծի ու խոշտանգումների միջոցով ստիպել, որպեսզի իր վրա վերցնի Խարբերդի գերեզմանոցից կատարված ալյումինե նախշաքանդակների գողության դեպքերը, եւ իրեն մեկ օր ժամանակ են տվել՝ ստորագրությամբ բաց թողնելով: Այս փաստի առթիվ Շենգավիթի դատախազությունում հարուցվել էր քրգործ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031