Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիպլոմ լրացնողի հաստիք չունենք»

Հուլիս 06,2007 00:00

Հաճախ այս պատրվակով որոշ ոչ պետական բուհերում ուսանողներից գումար են հավաքում

Ոչ պետական բուհերում արդեն ավանդույթ է դարձել դիպլոմներ հանձնելու համար ուսանողներից ինչ-ինչ գումարներ հավաքելը: Օրերս Ֆինանսաբանկային եւ բորսային համալսարանի ուսանողները խմբագրություն ահազանգեցին, որ իրենցից 25.000 դրամ են պահանջում՝ դիպլոմի համար: «Երբ մեր ռեկտոր Յուրի Ալավերդյանը լսարանում հայտարարեց այդ մասին, հարցրինք, թե ի՞նչ պիտի անեն այդ գումարով, նա խուսափեց հարցին պատասխանել»,- պատմեց ուսանողներից մեկը: Հետո էլ հավելեց, թե իրենք ենթադրում են, որ այդ գումարով ռեկտոր Յուրի Ալավերդյանը հավանաբար պիտի «մաղարիչ» անի պետական քննության հանձնաժողովի նախագահին:

«Առավոտը» կապվեց պրն Ալավերդյանի հետ: «Այդպիսի բան գոյություն չունի մեր համալսարանում: Երեւի ուսանողների մեջ շփոթություն է առաջացրել իմ այն հայտարարությունը, թե ուսման վարձը մյուս տարվանից 15-20 հազար դրամով բարձրանալու է»,- մեզ հետ զրույցում ասաց ռեկտորը եւ շեշտեց, թե իրենց համալսարանում ուսման վարձը շատ ավելի ցածր է (100.000-160.000 դրամ), քան մյուս բուհերում: Սակայն ուսանողները «Առավոտին» հավաստիացրին, որ իրենք տարեկան $300-350 ուսման վարձ են վճարում:

Ֆինանսաբանկային եւ բորսային համալսարանը միակը չէ, որը դիպլոմ տալու համար գումար է հավաքում ուսանողներից, ուղղակի այն առանձնանում է դրամահավաքի մեծության չափով: Մյուս ոչ պետական բուհերում էլ 10-15 հազար դրամ է հավաքվում: Օրինակ՝ «Մովսես Խորենացի» համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը այսպես պարզաբանեց, թե ուսանողներից հավաքվող 15.000-ական դրամները ինչպես են ծախսվելու. «Ուսանողներից գումար ենք հավաքում, քանի որ դիպլոմների պատրաստման համար վճարում ենք տպարանին: Բոլորին նախօրորք տեղեկացնում ենք, որ դիպլոմները ոչ թե գնվելու են համալսարանի բյուջեի հաշվին, այլ ուսանողներից հավաքվող դրամներով: Բացի այդ, ի տարբերություն պետական բուհերի, մենք դիպլոմ լրացնողի հաստիք չունենք: Երբեմն այդ գործի համար դրսից լավ ձեռագիր ունեցող անձանց ենք հրավիրում կամ մեր աշխատակիցներին ենք հանձնարարում: Այդ գործի վճարման համար լրացուցիչ գումար է անհրաժեշտ, ինչը գոյանում է ձեր նշած դրամահավաքից»:

Երբ նույն հարցով դիմեցինք Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանին, վերջինս բավականին անբարյացակամ սկսեց զրույցը՝ «Դա ձեր գործը չէ» նախադասությամբ: Հետո էլ ավելացրեց. «Պետական քննությունների հետ կապված լրացուցիչ ծախսեր են առաջանում, այդ պատճառով էլ գումարներ ենք հավաքում: Բացի այդ, ուսանողների ստորագրած պայմանագրի մեջ նշված է, որ դիպլոմ ստանալու համար ուսանողը 12.000 դրամ պիտի վճարի»:

Տեղեկացնենք, որ պետական եւ ոչ պետական բուհերի դիպլոմները հիմնականում պատրաստվում են «Ոսկան Երեւանցի» տպարանում: Արտաքինից դրանք համարյա թե չեն տարբերվում միմյանցից:

Հ. Գ. Երեկ, երբ հոդվածն արդեն պատրաստ էր տպագրության, Ֆինանսաբանկային եւ բորսային համալսարանի մի խումբ ուսանողներ զանգահարեցին խմբագրություն եւ տեղեկացրին, որ իրենց համալսարանում արդեն չեն պահանջում 25000-ական դրամները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031