Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՈՐԲՈՒԼԱՂՈՒՄ ՏՆԵՐԸ ՓԼՎՈՒՄ ԵՆ

Հուլիս 27,2007 00:00

\"\"Էրեբունի համայնքի Մուշավան (Շորբուլաղ) եւ այգեգործական թաղամասերը շուտով ամբողջովին կդատարկվեն եւ հարյուրավոր ընտանիքներ կմնան անօթեւան:

Այդ թաղամասում կառուցված բնակելի շենքերը մեկը մյուսի հետեւից քանդվում են՝ բնակիչներին պատճառելով նյութական մեծ վնասներ: Թաղամասերի բնակիչների ներկայացմամբ, բարեբախտաբար, առայժմ դժբախտ դեպքեր չեն եղել, սակայն, ինչպես նրանք են փաստում, տների փլուզումն անխուսափելի է, քանի որ Շորբուլաղում դեռեւս խորհրդային տարիներից հողերը սահում են: «Առավոտի» հետ զրույցում բնակիչներն ասացին, որ որոշ տներում մասնակի փլուզումներ արդեն եղել են. «Ամեն օր ահ ու սարսափով սպասում ենք, որ մի օր էլ ողջ տունն է գլխներիս փլվելու: Ոմանք արդեն թողել են իրենց բնակարանները եւ հեռացել, բայց մեծ մասը գնալու տեղ չունի»:

Մուշավան թաղամասի 74-ամյա բնակիչ Գոհար Խաչատրյանը սողանքային գոտում բնակվում է 1982 թվականից, նրա խոսքերով. «Շորբուլաղի հողերը բաժանվեցին Հայրենական պատերազմի վետերաններին, «Հայէլեկտրո», «Նաիրիտ» եւ այլ հիմնարկների աշխատակիցներին՝ 500-700 քմ մակերեսով, որտեղ էլ տներ կառուցվեցին: Սակայն սողանքի պատճառով տարիների ընթացքում շենքերի հիմքը խախտվում էր, ճաքեր էին առաջանում եւ, ի վերջո՝ կամաց-կամաց քանդվում»:

Չնայած այս թաղամասերի բնակիչների անտուն մնալու խնդիրն օր օրի ավելի արդիական է դառնում, սակայն քաղաքային իշխանությունները որեւէ քայլ չեն ձեռնարկում սողանքների դեմն առնելու համար: «Առավոտի» հետ զրույցում «Հայսեյսմշին եւ կառուցվածքների պաշտպանության գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ փոխտնօրեն Ռոբերտ Ազարյանը հաստատեց, որ Շորբուլաղը սողանքային գոտի է համարվում. «Հողն այնտեղ գիպսակալված է: Հողերը ենթարկվում են սուֆոզիայի (լվացման), եթե այդ հողերը ջուր են տեսնում, հալչում են, որի հետեւանքով այդ հողի վրա կառուցված շինությունները ճաքեր են տալիս»:

Բացի սողանքներից, թաղամասն ունի նաեւ խմելու, ոռոգման ջրի եւ ասֆալտապատման խնդիրներ: Բնակիչների ներկայացմամբ, այս տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ գոնե խմելու ջրի հարցը լուծելու նպատակով դիմել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, սակայն ԲՀԿ-ն նրանց առաջ պայման է դրել՝ «Կուսակցությանը կանդամագրվեք՝ կլուծենք»:

Բնակիչները ճարահատյալ ընդունել են ԲՀԿ-ականների առաջարկը, սակայն նրանց՝ կուսակցությունից մնացած միակ բանը անդամության տոմսն է:

Բնակիչների ներկայացմամբ, իրենց թաղամասերում ամռան այս տապին շաբաթական մեկ անգամ են ոռոգման ջուր ստանում: Տնամերձ հողամասերը ջրելու համար մարդիկ ստիպված են լինում թիթեղե տակառներով ջուր պահեստավորել, իսկ խմելու ջուրը, նրանց խոսքերով՝ կիլոմետրեր հեռվից են բերում:

Էրեբունու թաղապետարանի կոմունալ բաժնի պետ Սուրեն Ասլիկյանն այս առնչությամբ «Առավոտին» պարզաբանեց. «Ոռոգման ջուրն էլ ապրանք է, որը չենք կարող անընդհատ բաց թողնել: Գումար մուծեցին՝ կստանան, ինչպես Հայաստանի մյուս տարածքներում, եթե ամեն օր բնակիչները վճարեն, ամեն օր ջուր կստանան, եթե շաբաթական մեկ օր են մուծում, ուրեմն կստանան մեկ օր: Իսկ խմելու ջրի համար թող «Երեւան ջուր» ընկերության հետ լուծեն այդ հարցերը»:

Ինչ վերաբերում է ասֆալտապատմանը, պարոն Ասլիկյանն ասաց, որ աշխատանքները կատարվում են այդ թաղամասերի կենտրոնական փողոցներում, իսկ մնացած փողոցներում, ըստ Ս. Ասլիկյանի, բյուջեով ասֆալտապատում նախատեսված չէ. «Բացի այդ, ներբակային փողոցներում ասֆալտապատումը իր նպատակին չի ծառայի, բնակիչներն անընդհատ ջուր անցկացնելու համար քանդելու են: Պետք է լրիվ թաղամասը կարգավորվի, որ կարողանանք ասֆալտել»: Սողքահողերի առնչությամբ էլ բաժնի պետն ասաց, որ այդ հարցը ոչ թե թաղապետարանի, այլ կառավարության խնդիրն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել