Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՒՅՆՆ ԵՆ ՄՆԱՑԵԼ

Հոկտեմբեր 10,2007 00:00

\"\"Խոսքը ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի եւ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի տարբեր դիրքորոշումների մասին է:

Երեքշաբթի օրը ուշ երեկոյան «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր անդամներ՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր֊ Պետրոսյանի եւ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի միջեւ կոմիտեի մեկ այլ անդամ Սամսոն Ղազարյանի տանը տեղի ունեցած հանդիպումը, որին ներկա էին եղել նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն ու ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, նույնքան անակնկալ էր, որքան ավելի վաղ տեղի ունեցած Տեր-Պետրոսյան-Դաշնակցություն հանդիպումը: Արդեն 10-11 տարի միմյանց հետ որեւէ շփում չունեցած երկու գործիչների միջեւ շուրջ վեց ժամ տեւած հանդիպումը, որը, դրան մասնակցած գործիչների փոխանցմամբ, անցել է կառուցողական ու ջերմ մթնոլորտում, իբրեւ փաստ ավելի կարեւոր է եղել ե՛ւ դրա նախաձեռնողների ու մասնակիցների, ե՛ւ Լ. Տեր-Պետրոսյանի ու Վ. Մանուկյանի զինակիցների համար, քան այդ հանդիպումից ակնկալվող արդյունքը: «Մեր մեջ կար պատնեշ՝ անձնական հարաբերությունների իմաստով»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է ԱԺՄ նախագահը՝ նկատի ունենալով իրեն եւ Տեր-Պետրոսյանին, հավելելով, որ սեղանի շուրջ նստելուց այդ պատնեշը կորում է, բայց չեն փոխվում քաղաքական դիրքորոշումները: Վ. Մանուկյանի փոխանցմամբ, այդ իմաստով ե՛ւ իր, ե՛ւ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումները մնացել են նույնը, այդ թվում նաեւ՝ 1996թ. ընտրությունների վերաբերյալ, թեեւ, ԱԺՄ նախագահի ասելով, անձնական հարաբերությունների վերականգնումից հետո, հարկ եղած դեպքում, համագործակցելն ավելի հեշտ կլինի: Ինչ վերաբերում է Վ. Մանուկյանի՝ առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելուն կամ նրա կողմից Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածությունը սատարելու հավանականությանը, ապա ԱԺՄ մամուլի խոսնակ Գոհար Վեզիրյանի փոխանցմամբ, այդ իմաստով ոչինչ չի փոխվել՝ Վ. Մանուկյանի թեկնածությունն առաջադրվելու է: Իսկ Տեր-Պետրոսյանին սատարելու մասին խոսել է ինքը՝ Վ. Մանուկյանը, նկատելով, որ ՀՀ առաջին նախագահը դեռ վերջնական որոշում չի կայացրել իր առաջադրման մասին: Մյուս կողմից, ԱԺՄ նախագահի դիտարկմամբ, ավելի հարմար կլիներ, որ Տեր-Պետրոսյանը՝ որպես երկրի առաջին նախագահ, ոչ թե ինքը ստանձներ միասնական քաղաքական դաշտի ձեւավորման գործը, այլ իր նպաստը բերեր այդ գործին, իսկ այդ համախմբումը իրականացվեր իր՝ Վ. Մանուկյանի միջոցով:

Իսկ ՀՀՇ-ում ձեռնպահ են մնում այդ հանդիպման հնարավոր արդյունքների, հետագա համագործակցության ձեւերի մասին խոսելուց: ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը «Առավոտին» ասաց, թե այդ հանդիպմանը քաղաքական գնահատական տալու համար դեռեւս որոշակի ժամանակ է պետք. «Բայց կարծում եմ, որ սա մի լուրջ եւ հաջողված քայլ էր առաջիկայում սպասվող ընտրությունների քաղաքականացման գործընթացում եւ այդ իմաստով կարող է բավականին լուրջ ազդեցություն ունենալ: Միայն այն հանգամանքը, որ երկու մարդ, ովքեր բացառիկ լուրջ դերակատարություն են ունեցել ՀՀ ձեւավորման պատմության մեջ, հանդիպել են, իմանալով երկուսին էլ, նրանց հնարավորություններն էլ՝ համոզված եմ, որ դա ծառայելու է մեր երկրի շահերին»:

Ա. Զուրաբյանը միաժամանակ նկատեց, որ Տեր-Պետրոսյան- Մանուկյան հանդիպումը, ինչպես նաեւ ՀՀ առաջին նախագահի ու ՀՅԴ-ի միջեւ տեղի ունեցած հանդիպումները պետք է դիտարկել երկրում թշնամանքի մթնոլորտը վերացնելու եւ իրապես քաղաքական գործընթաց սկսելու համատեքստում, ինչը նա չափազանց կարեւոր համարեց, եւ որի ուղղությամբ, ըստ ՀՀՇ վարչության նախագահի, արդեն իսկ լուրջ քայլեր են արված: Ա. Զուրաբյանը հավաստիացրեց, որ սկսված գործընթացն ու քաղաքական ուժերի հետ շփումները հետեւողականորեն կշարունակվեն, եւ ընտրությունների շեմին կստեղծվի մի այնպիսի վիճակ, որ քաղաքական ուժերը ոչ թե իրար կսեւացնեն, այլ կներկայացնեն իրենց քաղաքական ծրագրերը, եւ հասարակությունը հնարավորություն կունենա նորմալ եւ քաղաքական ընտրություն կատարել:

Մեր այն հարցին, թե՝ ՀՀԿ-ն, որը հե՛նց ընդդիմության գնահատմամբ՝ քաղաքական պայքարի փոխարեն հենվում է կրիմինալի եւ վարչական ռեսուրսների, կեղծիքների վրա, կտեղավորվի՞ առաջարկվող քաղաքակիրթ ու քաղաքական պայքարի խաղի կանոնների մեջ, Ա. Զուրաբյանը պատասխանեց. «Ես մի բան գիտեմ, որ ՀՀԿ-ն, որպես այդպիսին, ինքն էլ միատարր չէ: Այնտեղ տարբեր շերտեր կան, որոնց մի մասը, բնականաբար, չի տեղավորվի, մի ուրիշ հատված հնարավոր է, որ տեղավորվի: Ինչեւէ, ժամանակը ցույց կտա, թեեւ շատ դժվար կլինի հասնել նրան, ինչի մասին ես խոսում եմ: Դա, կարելի է ասել, դեռ ցանկություն է, բայց կարծում եմ, յուրաքանչյուրը պետք է ջանք գործադրի դրան առավելագույնս հասնելու համար, որովհետեւ դա ժամանակի հրամայականն է»:

ՀՀՇ վարչության նախագահը միաժամանակ արձանագրեց, որ Լ. Տեր-Պետրոսյանի վերադարձը հե՛նց այս ժամանակահատվածում ու նրա մասնակցությունը քաղաքական գործընթացներին արդեն իսկ լուրջ փոփոխություն է մտցրել Հայաստանում: Նրա ասելով, սրանից 3-4 ամիս առաջ «բոլորս ինչ-որ մի տեղ հաշտված կամ չհաշտված, բայց գնում էինք պարտության, որովհետեւ մինչեւ Տեր-Պետրոսյանի՝ այս պրոցեսներում ի հայտ գալը որեւէ մեկը չէր մտածում, որ կա մի քաղաքական գործիչ կամ ուժ, որը հասարակությանն իր ետեւից տանելու եւ հաջողության հասնելու պատասխանատվություն կստանձնի»: Ա. Զուրաբյանի կարծիքով, այսօր արդեն հաջողվել է ստեղծել մի իրավիճակ, որն այլեւս անհույս չէ. «Մենք հստակ տեսնում ենք ապագա գործընթացները եւ համոզված ենք, որ կարելի է հաջողության հասնել»:

ՀՀՇ ներկայացուցիչը մեր զրույցի ժամանակ նաեւ խոստովանեց, որ ՀՀ առաջին նախագահի նախաձեռնած եւ իրականացրած շատ քայլեր երբեմն նախապես ծրագրված չեն եղել. «Տեր-Պետրոսյանն իր անհատականությամբ մեկ-մեկ անակնկալներ է մատուցում նույնիսկ մեզ: Իհարկե, այդ անակնկալները շատ հաճելի են լինում: Կարծում եմ, այս պրոցեսը շարունակական կլինի»: Ա. Զուրաբյանի ասելով, շարունակական են լինելու նաեւ քաղաքական ուժերի հետ Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպումները. «Նոր անակնկալներ, վստահ եմ, դեռ կլինեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել