Լրահոս
Օրվա լրահոսը

25 ԸՆՏԱՆԻՔԻ ՓՈՂՈՑՈՒՄ Է ԹՈՂԵԼ

Հոկտեմբեր 19,2007 00:00

«Ավանգարդ Մոթորսը» 8000 քմ-ն իրենով է արել ու տարածքի բնակիչներին վտարել

Հանուն պետական շահի, մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ այսօր անտուն են: Պատճառաբանելով, որ նրանց բնակարանները եւ հողատարածքները գտնվում են իրացման գոտում՝ այդ մարդկանց սեփական բնակարաններից վտարեցին: Սակայն ամեն անգամ օտարվող գոտիների մասին խոսելիս՝ քաղաքային իշխանությունները վստահեցնում են, որ բոլոր տեղահանվածները բավարար փոխհատուցում են ստացել եւ որեւէ մեկը չի տուժել: Մինչդեռ այսօր էլ պետության կարիքների զոհ դարձած բազմաթիվ մարդկանց խնդիրներ մնում են չլուծված: Երեւանի Երիտասարդության պալատի եւ Սարալանջի փողոցին հարող 8 հազար քմ տարածքը եւս ընդգրկվել է բացառիկ գերակա հանրային շահ հանդիսացող տարածքների ցանկում, որն էլ կառուցապատում իրականացնելու նպատակով կառավարության որոշմամբ 2005-ին 3 տարի ժամկետով տրամադրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաների ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Ավանգարդ Մոթորս» ընկերությանը: Վերջինիս սեփականատերն էլ տարածքի մոտ 25 բնակարանների 65-70 բնակիչներին ծիծաղելի չափի գումարներով փոխհատուցել ու բնակարաններից վտարել է: Բնակարանների փաստացի տերերի հավաստմամբ՝ իրենք 1 հոգու համար ստացել են ընդամենը 1 միլիոն դրամ փոխհատուցում: Անգամ 5-6 հոգուց բաղկացած ընտանիքը իրենց բնակարանի դիմաց մի քանի միլիոն դրամ գումար ստանալով՝ նույնիսկ քաղաքի ծայրամասում չէր կարող բնակարան ձեռք բերել:

«Առավոտի» հետ զրույցում «Ավանգարդ Մոթորսից» տուժած բնակիչները հավաստիացրին, որ Սարալանջի փողոցի նախկին բնակիչներից ոչ ոք չի կարողացել նոր բնակարան գնել: Այսօր նրանցից շատերն ապրում են վարձով կամ հարազատների տանը: Նրանց պատմելով՝ իրենց անընդհատ սպառնացել են՝ եթե բնակարաններն ինքնակամ չլքեն, ապա նրանց հասանելիք 1 միլիոն դրամ գումարն էլ չեն տա: Բնակիչներն էլ իրար հետ համաձայնության են եկել, որ չեն հեռանա իրենց տներից՝ այնքան ժամանակ, մինչեւ պատշաճ փոխհատուցում չստանան: «Տեսնելով, որ իրենց ասածը բանի տեղ չենք դնում ու մեր տներից համառորեն չենք հեռանում, մի օր բուլդոզերներով եկան ու մեր աչքի առաջ բնակիչներից մեկի երկհարկանի տան տանիքն առանց զգուշացնելու քանդեցին, որպեսզի նրանք ստիպված հեռանան իրենց տնից: Բոլոր հարեւաններս էլ շատ վախեցանք, որ հանկարծ երեխաներին կամ մեզ մի վնաս կտան, թողեցինք մեր պապական տներն ու հեռացանք»,- պատմում էր քանդած բնակարաններից մեկի տերը:

Վստահ լինելով, որ իր կամայական գործողություններին ոչ ոք արգելք չի հանդիսանում, «Ավանգարդ Մոթորսի» սեփականատերերը սկսել են սեփական հայեցողությամբ իրենց վարձակալած տարածքն ընդլայնել՝ ստիպելով Սարալանջի թիվ 143 տան բնակիչներին լքել բնակարանը, քանի որ նրանց տունը գտնվում է իրենց հարակից տարածքում եւ, ըստ ընկերության ներկայացուցիչների, խոչընդոտում է կառուցապատման աշխատանքներին: Նշենք, որ թիվ 143 տունն ընդգրկված չէ իրացման գոտում, բացի այդ՝ տան սեփականատեր Արթուր Եփրեմյանն ունի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ տրված սեփականության իրավունք: Ա. Եփրեմյանի խոսքերով, «Ավանգարդ Մոթորս» ընկերության խորհրդի նախագահ Էդուարդ Ավետիսյանն իրենց հորդորել է տարածքը լքել՝ 500 քմ-ի համար առաջարկելով 24 միլիոն, որոշ ժամանակ անց՝ մոտ 30 միլիոն դրամ, մինչդեռ Ա. Եփրեմյանին պատկանող երեք տներից միայն մեկի՝ 200 քմ տարածք զբաղեցնող կիսակառույց տան շուկայական արժեքը «Էյֆֆել Քոնսալթ» ՓԲԸ գործակալությունը գնահատել է 77 միլիոն 120 հազար դրամ:

Այս առնչությամբ, Երեւանի քաղաքապետարանի ծրագրերի իրականացման գրասենյակից (ԾԻԳ) «Առավոտին» պարզաբանեցին, որ թիվ 143 տունը, այնուամենայնիվ, օտարվող գոտու մեջ է: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ նշյալ հասցեն չի ընդգրկվել կառավարության կողմից հրապարակված իրացվող տների ցանկում, ԾԻԳ-ի մեկնաբանմամբ, մնացած հասցեները նշվել են՝ իրացվող տարածքի սահմանները ճշգրտելու համար: Այդուհանդերձ, ԾԻԳ-ը վստահեցնում է, որ օրենքով օտարվող սեփականության դիմաց սեփականատերը պետք է ստանա գույքի շուկայական արժեքը եւ 15% ավելի գումար:

Ինչ է թե բնակիչը չի համաձայնվել «Ավանգարդ Մոթորսի» առաջարկած չնչին փոխհատուցմանը, ընկերությունը, հաշվի չառնելով քաղաքապետի որոշումը, բնակչի սեփականության իրավունքը անվավեր ճանաչելու հայցով դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, որն էլ գտնելով, որ Կենտրոնի կադաստրը օրենքի խախտմամբ է կատարել վերը նշված սեփականության իրավունքի պետական գրանցումը, այս տարվա հոկտեմբերին անվավեր է ճանաչել Սարալանջի թիվ 143 բնակելի տան նկատմամբ Արթուր Եփրեմյանի սեփականության իրավունքը՝ բնակչին զրկելով ընդհանրապես որեւէ գումար ստանալու հնարավորությունից: Ուշագրավ է նաեւ այն, որ «Ավանգարդ Մոթորսը» դիմել է դատարան՝ հատկապես այն բանից հետո, երբ բնակիչն իր առաջարկած գումարին չի համաձայնվել: Ա. Եփրեմյանի խոսքերով. «Եթե նրանք վստահ չլինեին, որ այդ բնակարանն իմ օրինական սեփականությունն է, մյուսների նման ինձ էլ էն գլխից 1 միլիոն դրամ փող կտային ու դրանով կպրծնեին»:

«Առավոտի» այն հարցին, թե այն դեպքում, երբ իրենց վարձակալած 8000 քմ-ի մեջ թիվ 143 բնակելի տունը չի մտնում, ինչո՞ւ է «Ավանգարդ Մոթորսը» բնակչի սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու հայցով դիմել դատարան, ընկերության խորհրդի նախագահ Էդուարդ Ավետիսյանը զարմացած հարցրեց. «Ի՞նչ դատարան, մենք ոչ մի դատարան էլ չենք դիմել: Նման բան առաջին անգամ եմ լսում»: Սակայն երբ մենք տեղեկացրինք, որ դատարանի ծանուցագիրն ու վճիռը մեր ձեռքի տակ են, վրդովված պատասխանեց. «Դե որ դատարանի վճիռը գիտեք, էլ ի՞նչ եք ուզում, ես էստեղ ի՞նչ կապ ունեմ: Ես մենակ մի բան կարամ ասեմ, մասնագիտությամբ շինարար եմ ու լավ գիտեմ, որ կիսակառույցի համար օրինական սեփականության իրավունք չեն տալիս»:

Նշենք, որ Ա. Եփրեմյանն ըստ օրենքի կարող էր կիսակառույցի սեփականության իրավունք ունենալ, քանի որ այն կառուցվել է նախկինում այդ նույն տեղում եղած հին տան փոխարեն: Ա. Եփրեմյանի իրավաբանի պնդմամբ էլ՝ քանի որ «Ավանգարդ Մոթորսը» տարածքի սեփականատերը չէ, այլ միայն վարձակալը, ապա նա դատարան դիմելու իրավունք չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել