Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության ներգործությունը

Նոյեմբեր 01,2007 00:00

Երեկ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ամերիկահայ փորձագետ Անի Քալաջյանը «Ցեղասպանության ներգործությունը

սերունդների վրա» թեմայով դասախոսություն կարդաց՝ նվիրված «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին:

Միաժամանակ ներկայացվեցին այն թերապեւտիկ միջոցները, որոնք օգտագործվում են ցեղասպանության հետեւանքով առաջացած զգացողությունների վերլուծության եւ դրանց հոգեբանական բացասական ազդեցությունը թուլացնելու համար: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը այդ առիթով նշեց. «Ցեղասպանության, ինչպես նաեւ այլ աղետների հետեւանքներն ունեն սերնդեսերունդ փոխանցվելու հատկություն: Ցեղասպանության ցնցումը բավական երկար ժամանակ է մնում: Այս թեման մեզ մոտ գրեթե ուսումնասիրված չէ ու վերջին շրջանում սկսել է հետաքրքրել հետազոտողներին»: Պրն Դեմոյանը նաեւ ավելացրեց. «Ցանկացած նման ցնցման դեպքում գործ ենք ունենում զոհի եւ իրագործողի հետ: Տվյալ դեպքում հետաքրքիր են թե՛ զոհի հոգեբանական բարդույթները, թե՛ իրագործողի հոգեբանական դրդապատճառները: Գոյություն ունի նաեւ երրորդ՝ հոգեբանորեն ներազդված կողմը: Հայոց ցեղասպանության պարագայում երրորդ կողմը դիվանագետներն են, ճանապարհորդները, առեւտրականները եւ այլն: Մենք ունենք տվյալներ, որ նրանցից շատերը նույնիսկ մտածել են ինքնասպանություն գործելու մասին»:

«Աղետների ազդեցությունը առաջին հերթին կսկիծ ու ցավ, հետո՝ խոր բարկության եւ անկարողության զգացում է առաջացնում: Բարկությանը հետեւում է որբության զգացողությունը: Մարդը դառնում է եսակենտրոն, ինքնամփոփ: Մարմնի բջիջները պահում են այդ զգացողությունները՝ հատկապես կանանց մոտ»,- փաստեց Ա. Քալաջյանը: Այն հարցին, թե ցեղասպանության ընդունումը կարո՞ղ է դիտվել որպես նրա հետեւանքներից բուժման արդյունավետ միջոց, վերջինս պատասխանեց. «Այո՛: Բազմաթիվ հոգեբույժներ հետազոտել են եւ հաստատել, որ որեւէ աղետի ընդունումը առաջին հերթին կարեւոր բուժման քայլերից մեկն է»: Ա. Քալաջյանը նշեց նաեւ, որ իրենց մեթոդի համաձայն, մարմինը, հոգին պետք է միասին հանդես գան, որպեսզի հաղթահարեն այս զգացողությունները. «Առաջին հերթին անձը պետք է առիթ ունենա արտահայտելու իր զգացողությունները: Մեր ազգը 90 տարի է՝ այդ «թափելու» պրոցեսի վրա է եւ հաջորդ քայլին չի անցնում»: Ա. Քալաջյանը հայտնեց, որ 1988-2006 թթ. եղել է Հայաստանում, Կալիֆոռնիայում, Կիպրոսում, Ճապոնիայում, Կորեայում, Պակիստանում, Թուրքիայում եւ այլուր՝ աջակցելու բժիշկներին բնական եւ արհեստածին աղետների հետեւանքով առաջացած հոգեբանական ցնցումները հաղթահարելու գործում, ինչպես նաեւ սեմինարներ է անցկացրել տարբեր երկրների իր կոլեգաների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930