Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԺԱՆԱՑՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԹԱՆԿԱՑՆՈՒՄ ԵՆ

Նոյեմբեր 03,2007 00:00

Կարագ եւ ձեթ ներկրողները շուկայում, հնարավոր է, արհեստական դեֆիցիտ են ստեղծում՝ գերշահույթ ստանալու նպատակով:

Հայաստանում նախորդ ամսվա ընթացքում կարագի գները բարձրացան մոտ 80%-ով, իսկ ձեթը թանկացավ 43 տոկոսով: Ներկրող ընկերությունները գնաճը պայմանավորեցին նրանով, թե համաշխարհային շուկայում այդ ապրանքների գները եւս թանկացել են, հետեւապես նախկին գնով վաճառքն այլեւս ձեռնտու չէ: Իսկ տնտեսագետների դիտարկմամբ՝ կարագի եւ ձեթի գնաճը անտեղի է ու չհիմնավորված, քանի որ համաշխարհային շուկայում այդ ապրաքատեսակների գները բարձրացել են առավելագույնը 17%-ով, հետեւապես՝ 1 լիտր ձեթի կամ 1 կիլոգրամ կարագի գինը կարող էր ավելանալ ընդամենը 100-150 դրամով: Ուսումնասիրելով կարագի եւ ձեթի շուկայի այս աննախադեպ գնաճը՝ օրերս ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարագ եւ ձեթ ներկրող 50 տնտեսվարողի տուգանեց նախորդ տարվա շրջանառության 2%-ի չափով, քանի որ պարզվել էր, որ տնտեսվարողները միմյանց հետ հակամրցակցային համաձայնության են եկել ու գները անհիմն բարձրացրել: Խախտումը վերացնելու եւ գները կարգավորելու համար հանձնաժողովը տնտեսվարողներին 10 օր ժամանակ էր տվել եւ եւս 20 օր՝ որոշումը բողոքարկելու համար: Հանձնաժողովի այս որոշումն ուժի մեջ պետք է մտներ այն պահից, երբ այս մասին գրավոր տեղեկացվեր տնտեսվարողներին: Ինչպես պարզեցինք հանձնաժողովից, որոշումները վաղուց ուղարկվել են բոլոր տնտեսվարողներին: Մինչդեռ խանութներում ոչ ձեթը, ոչ էլ կարագը դեռ չեն էժանացել:

Երեկ Երեւանի մի քանի խոշոր սուպերմարքեթներ մեր շրջայցի ժամանակ պարզեցինք, որ տնտեսվարողները հերթական անգամ չտուգանվելու, բայց եւ մեծ շահույթներ ստանալու համար դիմել են խորամանկ քայլի. մայրաքաղաքի մի շարք խանութներում ձեթ գնել հնարավոր չէ, նույնիսկ այն մարքեթներում, որտեղ, սովորաբար, ձեթի ու կարագի համար մի հսկայական բաժին էր հատկացված լինում, այս օրերին ընդամենը 1-2 տեսականի է դրված վաճառասեղանին: Հաշվի առնելով, որ մայրաքաղաքի մոտ 10 մարքեթներում նույն վիճակն էր տիրում, կարելի է ասել, որ տնտեսվարողները ձեթի ու կարագի շուկայում արհեստական դեֆիցիտ են փորձում ստեղծել, որպեսզի այս մեկ ամսվա ընթացքում ապրանքը, այնուամենայնիվ, իրացնեն իրենց ուզած գնով: Մարդիկ չեն կարող 1 ամիս շարունակ ոչ ձեթ, ոչ էլ կարագ չգնել՝ սպասելով, թե երբ այն կէժանացնեն: Ուստի երեկվա դրությամբ՝ խանութներում այդ ապրանքները դեռ մի բան էլ թանկացել էին:

Երեկ «SAS» սուպերմարքեթների ցանցում վաճառվում էր ընդամենը 2 տեսակի արեւածաղկի ձեթ՝ «ԸՉպՊՏՉ» եւ «ՄպՊՐօռ ՊՈՐ» անվանումներով, որոնցից երկուսն էլ նախկին 550-600 դրամի փոխարեն վաճառվում էին 1130 դրամով: Իսկ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» խանութներում, որտեղ, վաճառողների հավաստմամբ՝ միշտ 15-20 տեսակի արեւածաղկի ձեթ է վաճառվել, երեկ ընդամենը 3 տեսակի ձեթ կար, ընդ որում՝ վաճառքում չկար անգամ Ս. Ալեքսանյանին պատկանող «Լուսաստղ» անվանումով ձեթը: Սա այն դեպքում, երբ իր խանութներում պարոն Ալեքսանյանը «Լուսաստղ» օղիների ու ձեթերի մի հսկայական պահեստ է ունենում:

Նույն վիճակն էր նաեւ կարագի շուկայում: Հոլանդական կարագի 1 կիլոգրամը նախկին 1500-1600-ի փոխարեն երեկ վաճառվում էր 2350, իսկ ուկրաինական արտադրության կարագը՝ 1200-ի փոխարեն 1800 դրամով: «Երեւան Սիթի» խանութի վաճառողները դա պայմանավորեցին նրանով, թե կարագ եւ ձեթ մատակարարող ընկերությունները հրաժարվում են համագործակցել իրենց խանութի հետ, քանի որ նրանք մեծ վնասով են աշխատում: Վաճառողներից մեկի խոսքերով՝ «Խեղճերը թանկ ու կրակ դրսից հումք են բերում կամ կարագ ու ձեթ են առնում ու էստեղ նորմալ գնով չեն կարողանում ծախեն: Դրա համար էլ ձեռնտու չի, էլ չեն բերում»:

«Լուսաստղի» ձեթի արտադրամասի փոխտնօրենը (որը ոչ մի կերպ չցանկացավ ներկայանալ) մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ իրենք ձեթ չեն արտադրում, քանի որ այն այլեւս իրենց ձեռնտու չէ. «Հումքը, որը ներկրում ենք Ռուսաստանից, շատ թանկացել է, եթե այն հիմա բերենք այստեղ, վերամշակենք, ձեթը շատ թանկ կարժենա, ոչ ոք չի առնի»:

Հիշեցնենք, որ օրերս «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Աբգար Եղոյանը լրագրողներին դժգոհում էր, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը չափազանց երկար ժամկետ է տվել տնտեսվարողներին՝ գներն իջեցնելու: Ըստ նրա, 15 օրը լրիվ բավական էր կարագի ու ձեթի գները վերանայելու համար: Աբգար Եղոյանի մտավախությունն իզուր չէր:

Փաստորեն, տնտեսվարողները, օգտվելով առիթից, «օրենքի սահմաններում» փորձում են գերշահույթներ ստանալ, ապա նոր գներն իջեցնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել