Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՅԱ, ԿՐԱԽՄԱԼ, ՋՈՒՐ ԵՎ ԱՆԳԱՄ՝ ԶՈՒԳԱՐԱՆԻ ԹՈՒՂԹ

Նոյեմբեր 03,2007 00:00

\"\"Հայաստանում երշիկի արտադրության մեջ, բացի մսից, ինչ ասես, որ չեն օգտագործում

Մեկ կիլոգրամ տավարի, ձիու կամ խոզի մսից պատրաստվում է 3-4 կիլոգրամ երշիկ: Եթե երշիկի արտադրությամբ զբաղվողները բարեխիղճ գտնվեն ու իսկապես 1 կգ թարմ միս օգտագործեն արտադրության մեջ, բավականին մեծ շահույթներ կունենան: Մինչդեռ Հայաստանում մսամթերք արտադրողներն իրենց բիզնեսը զարգացնում են անբարեխիղճ, չլսված եւ չտեսնված մեթոդներով: Օրինակ՝ մեկ կիլոգրամ երշիկի մեջ խառնում են 200 գրամ զուգարանի թուղթ կամ ստվարաթուղթ: Իհարկե, ամբողջ աշխարհում երշիկի արտադրության մեջ զուգարանի թուղթն օգտագործվում է, բայց միայն՝ խիստ ցածրորակ երշիկների, օրինակ՝ «Սաբաչայա կալբասա» տեսակի մեջ, որը շների համար է: Բայց մեր երկրում այն վաճառվում է ոչ թե շներին, այլ՝ մարդկանց, ընդ որում՝ բավականին թանկ գներով:

Նախ, մեր արտադրողները երշիկի միսը գնում են մեծածախ շուկաներից՝ միջինը 850-900 դրամով: Ամենաթանկ միսը, որ օգտագործվում է երշիկի արտադրության մեջ՝ 1000 դրամանոցն է: Սա «Առավոտի» հետ զրույցում մսամթերքի արտադրությամբ զբաղվողներն էլ հաստատեցին: Մեկ կիլոգրամ մսին արտադրողներն արհեստական հավելանյութեր եւ ավելի քան 60% ջուր են ավելացնում: Արդյունքում՝ սպառողների առողջության հաշվին ստանում են ինքնարժեքից երեք անգամ ավելի եկամուտ:

Այցելելով մի շարք ընկերությունների երշիկի արտադրամասեր՝ առաջին հայացքից գրեթե բոլոր արտադրամասերում սանիտարական նորմերը պահպանված էին՝ աշխատում էին մաքուր գործիքներով, աշխատակիցները կրում էին համապատասխան սպիտակ խալաթներ, գլխարկներ եւ այլն: Բայց դա միայն արտաքինից էր: Իրականում պետք է տեսնել, թե ինչ է կատարվում արտադրամասերի նկուղներում ու պահեստներում, որտեղ եւ մթերում են մսամթերքն ու երշիկի հումքը: Շատ դեպքերում երշիկի արտադրամասերը գյուղացիական տնտեսություններից 1 կգ-ը 200-300 դրամով սատկած կամ հիվանդ անասունի միս են վերցնում ու նկուղներում մորթում, ուստի այնտեղ ճանճերից ու միջատներից շնչել անգամ չի լինում:

Սատկած կենդանու մսով, զուգարանի թղթով պատրաստված երշիկին (խոսքը նաեւ նրբերշիկի մասին է) ախորժելի տեսք տալու համար շուկայում գործող արտադրողների 90 տոկոսն օգտագործում է նիտրիտի լուծույթը: Երշիկի հումքը ներկում են այդ լուծույթով: Տեղեկացնենք, որ նիտրիտն ինքնին թույն է: Սա մեզ հետ զրույցում վստահեցրեց նաեւ Ագրարային համալսարանի անասնաբուժական ֆակուլտետի դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Աբրահամյանը. «Չնայած երշիկ արտադրողներն այն օգտագործում են շատ չնչին քանակությամբ՝ 100 գրամ սննդամթերքի համար ընդամենը 5 միլիգրամ, սակայն երիկամների կամ լյարդի հիվանդություն ունեցող մարդկանց համար նիտրիտի անգամ չնչին քանակությունը կարող է խիստ վտանգավոր լինել: Երշիկն առանց ներկելու ունենում է գորշ եւ սպառողի համար անհրապույր տեսք, ինչն արտադրողին ձեռնտու չէ»:

Երեւանի սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության տեսչության պետ Մեխակ Ղազարյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ Հայաստանում երշիկի արտադրության մեջ նիտրիտի օգտագործումը խիստ արգելել են: Չնայած դրան, արտադրողները չեն ցանկանում հրաժարվել այդ «թույնից»:

Մենք մսամթերք արտադրող մի շարք ընկերություններից փորձեցինք պարզել՝ երշիկի ախորժելի կարմիր գույնն ինչպե՞ս են ստանում: Ընկերություններից չհերքեցին, որ նիտրիտի լուծույթ են օգտագործում: Օրինակ՝ «Սոս» ընկերությունից Արթուր Զախարյանը պատասխանեց, որ իրենց ընկերության բացառապես բոլոր արտադրատեսակներում էլ նիտրիտի լուծույթ օգտագործում են՝ 100 կգ-ի մեջ 7-8 գրամի չափով, սակայն, ըստ նրա, դա ոչ թե միսը ներկելու, այլ եղած գույնը պահպանելու համար է:

Պարզվում է՝ մեր երկրում երշիկի արտադրության մեջ հիմնական հումքը ոչ թե միսն է, այլ՝ ջուրը, սոյան ու օսլան (կրախմալը): Դրանք անհրաժեշտ են արտադրողին ոչ միայն մսի կպչողականությունն ապահովելու, այլ նաեւ քաշը մի քանի անգամ ավելացնելու համար: «Սոս» ընկերության պատասխանատու Ա. Զախարյանը դա նույնպես չհերքեց՝ ասելով, որ ալյուր, օսլա, սոյա՝ երշիկի հումքին ավելացնում են:

Հայաստանում հաճախ մսամթերքի արտադրության մեջ օգտագործվում է անորակ ու ցածր կարգի միս, քանի որ թարմ եւ բարձրորակ մսից պատրաստված երշիկեղենը թանկ կարժենա եւ չի սպառվի: Այդ պատճառով էլ արտադրողները գերադասում են անհամեմատ ցածր գնով հումքը ներկրել դրսից: Վ. Աբրահամյանը մեզ տեղեկացրեց, որ դրսից Հայաստան ներկրվող միսը հիմնականում գոմեշի շատ էժան միս է, ու քանի որ դրա որակը շատ վատն է, ապա դրանից պատրաստված երշիկեղենը մարդու օրգանիզմը չի յուրացնում, լավագույն դեպքում ուտելուց հետո առաջանում է ստամոքսային այրոցք (ՌջՋՏչՈ): Արարատի մարզում գործող «Արտյոմ եւ Հրայր եղբայրներ» ընկերությունն իր երշիկի արտադրության համար միսը ներկրում է: Ընկերության փոխտնօրեն Հրայր Գուլոյանը դա բացատրեց նրանով, թե դրսից ներկրվող մսի որակը լավն է, իսկ տեղականինը՝ ոչ. «Էստեղից գնված մսի վրա հույս դնել չի լինի՝ մեկ յուղոտ է լինում, մեկ ոսկրոտ է, դրա համար էլ մեզ ձեռնտու չի, իսկ դրսից ստանում ենք պատրաստի մշակված ու անհամեմատ էժան միս»: Մսամթերքի արտադրությամբ զբաղվող շատ այլ ընկերությունների պատասխանատուներն էլ հավաստում են, որ իրենք աշխատում են արտերկրի հումքով, որովհետեւ տեղական շուկայի միսն իրենց պահանջարկը չի բավարարում: Մասնավորապես, «Բարի Սամարացի» ընկերության արտադրամասի ղեկավար Վահե Հովակիմյանի տեղեկացմամբ՝ երշիկի արտադրության համար պահանջվող տավարի միս Հայաստանում գրեթե գոյություն չունի: Նրա խոսքերով՝ «այն միսը, որն այսօր մեր շուկաներում վաճառվում է, երշիկի արտադրամասերի պահանջարկի 2%-ն էլ չի բավարարի: Տեղական մսից երշիկ արտադրում ենք միայն այն գնորդների համար, որոնք հատուկ այդպիսի պահանջ են դնում»:

Թե ինչպես է Հայաստանում վերահսկվում երշիկի արտադրությունն ու վաճառքը՝ նույնիսկ Երեւանի սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության տեսչության պետ Մեխակ Ղազարյանն է ասում, որ՝ ոչ իդեալական: Նա «Առավոտի» հետ զրույցում թեեւ հավաստիացրեց, որ իրենց տեսչությունը բազմաթիվ ստուգումներ է անցկացրել, ժամկետը չնշելու, ջերմային ռեժիմը խախտելու եւ նմանատիպ մի շարք խախտումներ արձանագրել, բայց, ըստ նրա, բացի օրենքով սահմանված վարչական տույժը կիրառելուց՝ արտադրողներին կարգի հրավիրելու այլ տիպի լծակներ չունեն: Իսկ նշանակված տույժ-տուգանքները 20-30 հազար դրամով են սահմանափակվում: «Միայն տուգանքներով ոլորտը կարգավորել հնարավոր չէ»,- խոստովանեց Մեխակ Ղազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել