Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱԹՅԱՆՆ ԻՐԵՆ «ՌԵՏՐՈ» ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ

Դեկտեմբեր 08,2007 00:00

Ճանաչված կոմպոզիտորը կողմ է նորամուծություններին, բայց ոչ \"\"«ստամոքսային» երաժշտությանը:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 14-ին կատարվելիք ստեղծագործությունների թվում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, առաջին անգամ կհնչեցնի կոմպոզիտոր Արամ Սաթյանի Վալսը: Առաջին հայացքից սա երեւույթ չես համարի, թեեւ վերջին տարիներին հայ կոմպոզիտորներից եւ ոչ մեկը չի անդրադարձել երաժշտարվեստի հանրամատչելի այս տեսակին: Տարբեր առիթներով ունկնդիրն ենք լինում Խաչատրյանի ռետրո համարվող հանճարեղ վալսի՝ գրված «Դիմակահանդես» դրամայի համար, ինչպես նաեւ Աշոտ Սաթյանի, Էդվարդ Միրզոյանի հայտնի երկերի: Ինչ վերաբերում է Ա. Սաթյանի Վալսին, Ռ. Ասատրյանը մեզ հայտնեց, որ ստեղծագործությունը չես համեմատի հայ դասականների նույնանուն գործերի հետ. «Արամի Վալսը անակնկալ դրամատուրգիա ունեցող ստեղծագործություն է: Մեկ խոսքով կարող եմ ասել՝ այն դրվագ է մարդու կյանքից, որը ընդգրկում է տրագեդիայից մինչեւ լուսավոր հոգեվիճակներ»:

Արամ Սաթյանը հեղինակ է երեք սիմֆոնիայի, կոնցերտների՝ գրված ջութակի, թավջութակի, կամերային նվագախմբի համար եւ այլ ստեղծագործությունների, սակայն նրա անունը լայն լսարանի մոտ առաջին հայացքից ասոցացվում է էստրադային երգարվեստի հետ: Կային ժամանակներ, երբ նրա երգերը հնչում էին Կենտրոնական հեռուստատեսության հեղինակավոր ծրագրերում, ինքն էլ հրավիրվում էր ոչ միայն ԽՍՀՄ, այլեւ արտերկրի տարբեր մրցույթների՝ իբրեւ ժյուրիի անդամ:

Վերջին 15 տարիներին «Առավոտը» միայն մեկ անգամ՝ 2003թ. է անդրադարձել նրա «Լիլիթ» փոփ-օպերային, որը բեմադրվեց Երաժշտական կամերային թատրոնում: Սաթյանի երգերը, չգիտես ինչու, հեղինակի կենդանության օրոք հնչում են եթերում՝ մատուցվելով իբրեւ ռետրո:

Հանդիպեցինք «ռետրո» կոմպոզիտորին, խնդրելով մեկնաբանել իր վերջին տարիների ստեղծագործական «պասիվությունը»: «Կոմպոզիտորը անկախ այն հանգամանքից, թե իր ստեղծագործություններն ինչ հաճախականությամբ են հնչում, չի կարող չստեղծագործել: Բացի «Լիլիթ» օպերայից, 2005-ին կատարվեց նաեւ «Համլետ» սիմֆոնիկ պոեմս: Այո, եթե համեմատելու լինեմ վերջին տարիներին Հայաստանում հնչած ստեղծագործություններս, դրանք նույնիսկ 1% էլ չեն կազմում: Փոխարենը, երկերս հաճախ կատարվում են Եվրոպայում, մասնավորապես՝ Ամստերդամում, Համբուրգում եւ այլուր: Ունենում եմ պատվերներ արտերկրից: Այսօր սեղանիս դրված է երկրորդ՝ «Փոքրիկ Ցախեսը» փոփ-օպերան՝ ըստ 19-րդ դարի մեծանուն հեքիաթասաց Հոֆմանի, եւ այլ գործեր: Բայց այսօրվա պահանջը պրոֆեսիոնալ երաժշտությունը չէ, «ստամոքսայինն» է հարգի: Անկասկած, մեղավորը նաեւ Կոմպոզիտորների միությունն է, որը, իր նախագահով հանդերձ, կորցրել է արժանապատվությունը: Չէ՞ որ հայ կոմպոզիտորը առաջինը պետք է իր ժողովրդի առջեւ հաշվետու լինի: Ինչպես նշեցի, շուրջ 15 տարի բավարարվում եմ գործերս դրսում ներկայացնելով»,- ասաց պարոն Սաթյանը: Անդրադառնալով ժամանակակից երգարվեստին կամ, ինչպես ընդունված է ասել՝ փոփ արվեստին, կոմպոզիտորը նշեց, որ մերօրյա երգերը «շիրպատրեբ» են: Հիշելով 1979 թվականը, Մոսկվայի Չայկովսկու անվան դահլիճում ԽՍՀՄ կոմպոզիտորների միության համագումարի ժամանակ երգչուհի Զառա Տոնիկյանի մեկնաբանմամբ իր «Խոհեր» երգը, Սաթյանը պատմեց. «Պուգաչովայի ելույթից հետո դուրս եկավ Զառան, որի կատարումից հետո մի քանի վայրկյան լռություն տիրեց: Ինձ թվաց, թե տապալվեցինք: Իսկ թե վայրկյաններ անց ինչ ծափահարություններ հնչեցին, դա արդեն պատմելու բան չէ, հանդիսատեսը ծափահարում էր նաեւ ոտքերով»: «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ կոմպոզիտորը այս տարի չնշեց իր 60-ամյա հոբելյանը, Ա. Սաթյանը պատասխանեց. «Մտադրություն ունեմ 2008-ին նշել եւ ուզում եմ այն բաղկացած լինի մի քանի երեկոներից: Օրերս կապվել եմ Բելգիայում բնակվող երգչուհի Զառա Տոնիկյանի հետ, որը երգերիս անզուգական կատարողն է: Նա ոգեւորությամբ համաձայնեց հաջորդ տարի գալ հայրենիք: Այնժամ բոլորս ունկնդիրը կլինենք իրական աստղի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31