Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՅԴ-Ն ՌՈՒԲԻԿՈՆՆԵՐ Է ԱՆՑԵԼ»

Հունվար 22,2008 00:00

ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը վստահ է, որ Դաշնակցությունն այրում է վերադարձի բոլոր կամուրջները

– Բազմաթիվ հայտնի, անհայտ, սիրված եւ չսիրված դեմքեր այս օրերին հայտարարություններ են անում Սերժ Սարգսյանին սատարելու մասին, ոմանք իրենց հայտարարություններով կարծես ավելի շատ վարկաբեկում են. ի՞նչ պետք է տա նրա սատարումը ձեր թեկնածուին:

– Եթե այդ դիտակետից եք մոտենում, ապա պետք է սկսեք ոչ թե Սերժ Սարգսյանին սատարող քաղաքական ուժերից, այլ, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերից, որոնք կազմված են բազմաթիվ գաճաճ կուսակցություններից, քաղաքական անհաջողակներից եւ նախկին, այսպես ասած, «պարտ-էլիտայից»: Ինչ վերաբերում է մեր թեկնածուին, ապա հոգեբանորեն, կարծում եմ, հասկանալի է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը ձգտում է լինել հաղթող ուժի կողքին: Չեմ ուզում անձնավորված պատասխանել, իսկ ընդհանուր առմամբ՝ բոլորն էլ ուզում են լինել հաղթած թիմում, իսկ ակնհայտ է, որ հաղթողն այս դեպքում Սերժ Սարգսյանն է:

– «Երկիր-Մեդիայով» եւ «ԱԼՄ»-ով կիրակի օրը եթեր հեռարձակված հաղորդման ընթացքում հեռուստադիտողներից մեկը ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանին հիշեցրեց ձեր խոսքերը, որ նախագահական ընտրություններում պարտվելու դեպքում Դաշնակցությունը ճիշտ կանի՝ անցնի ընդդիմության շարքերը, դառնալով խորհրդարանական ընդդիմություն: Վահան Հովհաննիսյանը արձագանքելով հարցին՝ ասաց, որ իրենք խորհուրդների կարիք չունեն եւ ինքնուրույն կորոշեն իրենց անելիքը:

– Զարմանալի էր պարոն Հովհաննիսյանի նյարդայնացած արձագանքն այս առաջարկի կապակցությամբ, ի դեպ, այս մասին օր առաջ խոսել էր նաեւ նրա շտաբի պետ Արմեն Ռուստամյանը: Իրենց այս կարգի արձագանքներով մեր գործընկերները փաստացի ընդունեցին, որ իրենք իշխանություն են, որովհետեւ, փաստորեն, չեն համաձայնում գնալ ընդդիմության շարքերը: Եթե Դաշնակցության թեկնածուն չասաց, որ իրենք առանց այդ էլ ընդդիմություն են, ուրեմն ընդունում են, որ իշխանություն են:

– Դաշնակցության նախագահի թեկնածուն եւ բոլոր դաշնակցականները խոստանում են «ագրեսիվ» քարոզարշավ:

– Այո, Դաշնակցության թեկնածուն խոստացավ ագրեսիվ քարոզարշավ, եւ այնքան են մտել ընդդիմադիր քաղաքական ուժի դերի մեջ, որ այդպիսով, կարծես, այրում են բոլոր կամուրջները՝ իշխանության թեկնածուի հաղթանակի դեպքում համագործակցել հաղթած թեկնածուի խորհրդարանական քաղաքական թիմերի՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ: Իսկ սա, իմ կարծիքով, նշանակում է, որ մեր գործընկերը ռուբիկոնն անցնում է, եւ ես դժվար եմ պատկերացնում, թե ինչպես են հետո մեր դաշնակցական գործընկերները վերադառնալու նույն սեղանի շուրջ, աշխատելու Հանրապետական եւ «Բարգավաճ» կուսակցությունների հետ:

– Սակայն այդ վերադարձը կարող է, չէ՞, նաեւ այլ սցենարով լինել, նույն թեժ գծի ժամանակ պարոն Հովհաննիսյանն ասաց, որ գուցե հենց Հանրապետականը պետք է մտածի ընդդիմություն դառնալու մասին:

– Ուզում եմ իմ կողմից շատ հարգված պարոն Հովհաննիսյանին հիշեցնել ՀՀ Սահմանադրությունը, ըստ որի՝ խորհրդարանական մեծամասնությունը չի կարող դառնալ ընդդիմություն, եւ մեզ նման բան առաջարկել առնվազն չի կարելի, որովհետեւ ընդդիմություն դառնում է փոքրամասնություն ունեցող քաղաքական ուժը, իսկ խորհրդարանում, անկախ նախագահական ընտրությունների արդյունքից, Հանրապետականը եւ «Բարգավաճ Հայաստանը» միասին կազմում են ճնշող մեծամասնություն: Կարծում եմ, ամենաանհավանական սցենարի պարագայում, ընդունենք, եթե հաղթի պարոն Հովհաննիսյանը, ինքն է լինելու ընդդիմություն՝ խորհրդարանին եւ կառավարությանը: Եվ հետո, եթե նախագահական ընտրություններից հետո պարտված Դաշնակցությունը որոշի, որ ինքն ուզում է մնալ իշխանություն, դեռ իշխանությունն ինքը պետք է որոշի՝ ապագայում ուզո՞ւմ է աշխատել ՀՅԴ-ի հետ, եւ սա բոլորովին էլ չի կարող լինել Դաշնակցության քաղաքական քմահաճույքի առարկա: Եվ վերջինը. անկախ նրանից՝ նախագահական ընտրություններից հետո Դաշնակցությունը կդառնա կամ չի դառնա ընդդիմություն, կարծում եմ, ճիշտ կլինի, որ Դաշնակցության հին ընկեր Վահանը, այդուհանդերձ, մնար մեր ԱԺ-ի փոխխոսնակ: Ուզում եմ շեշտել նաեւ, որ Դաշնակցությունը ենթագիտակցորեն ընդունում է, որ իր թեկնածուն իշխանություն է, այսինքն՝ ակնհայտ է, որ մեր դաշնակցական գործընկերներն իրենք անգամ չեն հավատում իրենց կողմից քարոզվող նախագահի թեկնածուի ընդդիմադիր լինելուն, հետեւաբար, խոսել ՀՅԴ թեկնածուի մասին որպես ոչ իշխանական թեկնածուի, կարծում եմ, կարելի է «Երկիր-Մեդիայով» եւ «ԱԼՄ»-ով, բայց դա լուրջ քարոզչական հետեւանքներ չի կարող ունենալ: Ես չեմ զարմանում, քանի որ մեր դաշնակցական գործընկերներն այնպիսի ռուբիկոններ են անցել, որ այլեւս զարմանալի չէ: Օրինակ, Դաշնակցության թեկնածուն անգամ քննադատեց Ռոբերտ Քոչարյանին, նախագահ, որի հիմնական քաղաքական հենարանը՝ ՀՅԴ-ն, փորձում էր երեւալ վերջին 10 տարիների ընթացքում: Այստեղ գուցե բրիտանական քաղաքական մոտեցումն է գործում, որ չկան հավերժ ընկերներ, կան հավերժ շահեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել