Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌՈՅԱԼԻ ԳՈՐԾԸ»՝ ՎՃՌԱԲԵԿՈՒՄ

Փետրվար 02,2008 00:00

«Դատավոր Ղազարյանն «իրավունք ունի» ստամոքսի խոց ունենալ, բայց կույր ու խուլ լինելու իրավունքը չունի»,- ասում է փաստաբան Աշոտ Սարգսյանը:

Սուրճի ներկրմամբ, վերամշակմամբ եւ արտահանմամբ զբաղվող «Ռոյալ-Արմենիա» ընկերության բաժնետեր Գագիկ Հակոբյանի եւ նախկին տնօրեն Արամ Ղազարյանի պաշտպան Աշոտ Սարգսյանը տարեվերջին առնետի տարվա բարեմաղթանք հնչեցրեց՝ ակնկալելով առնետավազք տեսնել դատական համակարգում: Ակնկալիքի արդյունքները շուտ տեսնելու համար էլ մի դիմում գրեց ՀՀ արդարադատության խորհրդի նախագահ Հովհաննես Մանուկյանին՝ իր պաշտպանյալներին դատապարտած քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Սուրիկ Ղազարյանին պատասխանատվության ենթարկելու եւ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ: Դրա համար հիմք են հանդիսացել Սուրեն Ղազարյանի կողմից դատաքննության ընթացքում թույլ տրված դատավարական եւ նյութական նորմերի բազմաթիվ խախտումները: Մասնավորապես՝ 2007-ի օգոստոսի 8-ին «կայացել» է դռնբաց դատական նիստ, որի մասին պաշտպանական կողմը ծանուցված չի եղել եւ ներկա չի գտնվել: Նիստում «քննվել» է ամբաստանյալ Գագիկ Հակոբյանի նկատմամբ կասեցված քրեական գործի վարույթը վերսկսելու, այն Արամ Ղազարյանի նկատմամբ հարուցված գործին միացնելու եւ դատական նիստ նշանակելու հարցը: Այդ նիստին ներկա չի եղել նաեւ ամբաստանյալ Գագիկ Հակոբյանը: Պաշտպանը պահանջել է «կայացած» (իրականում չկայացած) նիստի՝ կողմերին ծանուցելու մասին տեղեկությունները, դատական նիստի արձանագրության պատճենը եւ ձայնային արձանագրության լազերային կրիչը: Փաստաթղթերը եղել են կեղծված, իսկ լազերային կրիչն ընդհանրապես չի ներկայացվել՝ պատճառաբանությամբ, թե դատարանը հոսանքազրկված է եղել, ապա թե՝ համակարգիչն է խափանված եղել: «Կայացրած դատավճռում»՝ 2-114-րդ էջերում արտատպված է եղել մեղադրական եզրակացությունը, 115-րդ էջում վերաքննիչ դատարանի հետեւություններն են՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու մասին, եւ վերջին 84 էջերում կրկին արտատպվել է մեղադրական եզրակացությունը: Պաշտպանի համոզմամբ՝ խախտվել է խորհրդակցական սենյակի գաղտնիությունը, քանի որ գործի նյութերում չի երեւում, թե մինչ խորհրդակցական սենյակ մտնելը նախաքննական մարմինը ե՞րբ է մեղադրական եզրակացության լազերային կրիչը փոխանցել դատավորին. պարզապես տառատեսակն են փոխել, ինչի դեպքում չակերտները հակառակ «պոզա» են ընդունել: Բացի այդ, Սուրիկ Ղազարյանը զրկել է պաշտպանին՝ նոր ապացույցների հետազոտման համար միջնորդություններ ներկայացնելու իրավունքից, եւ դատական վիճաբանություններին նախապատրաստվելու համար նրան տվել է մեկ ժամ ժամանակ: Ամբաստանյալ Գագիկ Հակոբյանին էլ ընդհանրապես զրկել է ճառի իրավունքից: Աշոտ Սարգսյանը տեղեկացրեց, որ դա թերությունների ընդամենը մի փոքր մասն է: Առավել մանրամասն կներկայացվի վճռաբեկ բողոքում: Այդուհանդերձ, նա նկատեց. «Դատավորն իրավունք ունի՝ ունենալ ստամոքսի խոց, շաքարային դիաբետ, սրտի անբավարարություն, բայց կույր եւ խուլ լինելու իրավունքը չունի: Եթե Սուրեն Ղազարյանն իր դատավճռում գրում է, որ Գագիկ Հակոբյանը պատռել է ստացականները, սակայն ձայնագրությունները փաստում են, որ նա ասել է՝ վերադարձրել է դրանք Վաչե Պետրոսյանին, նշանակում է՝ Սուրեն Ղազարյանը խուլ է: Եթե Գագիկ Հակոբյանը ներկայացնում է 300 հազար դոլարի բանկային փոխանցումների վերաբերյալ փաստաթուղթ («ՖԻԳ»–ի նախագահ Գրիգոր Պետրոսյանին՝ Վաչե Պետրոսյանի որդուն փոխանցված), որը ներկայացվում է դատավորին, վերջինս էլ նայում է, բայց չի տեսնում, նշանակում է՝ դատավորը կույր է… Եվ Արդարադատության խորհրդին ուղարկված դիմումում ընդամենը ներկայացրել եմ տեխնիկական հարցերը եւ Սուրեն Ղազարյանի՝ դատաքննություն անցկացնելու ունակությունները»: Ինչ վերաբերում է դատավճռի իրավական գնահատականին, ապա մեղադրական եզրակացությունը էլեկտրոնային կրիչից արտատպելուց հետո՝ 115-րդ էջում Սուրեն Ղազարյանը մեկ նախադասությամբ փաստել է, որ առաջին ատյանի դատարանի դատավճիռը ենթակա է բեկանման, քանի որ ճիշտ քրեաիրավական գնահատականներ չի տրվել: «Բայց չի բացատրում՝ ինչին չի տրվել, որն է իր հետեւությունները… Ընդհակառակը՝ Պարգեւ Օհանյանի կայացրած արդարացման դատաճիռը՝ պատճառաբանված եւ հիմնավորված, կարելի է դասագրքերում օգտագործել որպես օրինակելի դատավճիռ: Այսինքն, մեղադրական եզրակացության մեջ նշված հանգամանքները ստուգվել են, դատաքննության ժամանակ կատարվել է վերլուծություն, արվել հետեւություն եւ դա ամրագրվել դատավճռում»,- ասաց պաշտպանը եւ ավելացրեց, որ եթե Սուրիկ Ղազարյանի դատավճիռն էլ այդպես լիներ, գոնե իրենք կիմանային՝ ինչը վիճարկել, դատավորը ո՞ր իրավական գնահատականներում է սխալվել: Նրան մտահոգում է այն, որ եթե նույնիսկ ի վնաս իր պաշտպանյալների դատավճիռ է կայացվել, ապա գոնե այն պետք է պատճառաբանված լիներ, իսկ եթե ոչ, ապա արդյո՞ք Սուրիկ Ղազարյանը պատասխան չի տալու իր դատավճռի համար:

Ինչ ակնկալիքներ ունի փաստաբան Աշոտ Սարգսյանը: «Մինչեւ վերջ լավատես եմ եւ չեմ պատկերացնում, որ Արդարադատության խորհրդում նստած դատավորները, որոնցից ոմանց անձամբ գիտեմ եւ շատ եմ հարգում, հատկապես մեկին շատ-շատ եմ հարգում, ով այս դատավճիռը կարդալիս չի ասի իր անաչառ կարծիքը՝ որքան էլ վերեւից հանձնարարություն տված լինեն: Նա կասի, որ այսպիսի դատավճիռ չի կարելի կայացնել: Դրա համար Սուրեն Ղազարյանին առնվազն պետք է քրեական պատասխանատվության ենթարկել՝ Հայաստանի Հանրապետությանը ձեռք առնելու համար: Եվ, վերջին հաշվով, միջազգային կառույցները հետեւում են մեր դատական համակարգի բարեփոխումներին, դատական ակտերին, մենք դեպի Եվրախորհուրդ ենք շարժվում, եթե այսպիսի մի դատավճիռ նրանք տեսնեն, բա չե՞ն ասի՝ մենք ձեր համակարգին մեծ գումարներ ենք հատկացնում բարեփոխվելու համար, է՞ս են ձեր բարեփոխված դատավորները: Հետեւաբար, եկել է ժամանակը հասկանալու՝ Արդարադատության խորհուրդն իրո՞ք օբյեկտիվ է, թե՞ խորհուրդն էլ, իր ստեղծած դատարանների նման, ձեւական բնույթ ունի»,– մեկնաբանեց Աշոտ Աարգսյանը: Նա նաեւ հասկանում է, թե ինչ դժվար կացության մեջ են հայտնվել ԱԽ-ը եւ վճռաբեկ դատարանը (որը դեռ կստանա վճռաբեկ բողոքը), քանի որ ոչ մի կերպ չի պատկերացնում, թե վճռաբեկ դատարանն ինչպե՞ս է վերաքննիչի դատավճիռը թողնելու ուժի մեջ. չէ՞ որ վերջին ատյանն է եւ նրա որոշումից հետո սա դառնալու է նախադեպ: Հետեւաբար, դատարաններն այդ որոշումը վերցնելու են որպես նախադեպ՝ արգելելու են պաշտպանին միջնորդություն կատարել, պաշտպանին տալու են մեկ ժամ ժամանակ՝ պաշտպանական ճառին նախապատրաստվելու համար: «Կարծում եմ, որ Սուրիկ Ղազարյանին կկանչեն եւ կասեն. քեզ ասել էինք՝ արա, բայց հո չէինք ասել՝ ըսենց արա: Սա էն պատմությունն է հիշեցնում, երբ մի խելառ քարը գցում է փոսը, այս դեպքում՝ բարձրագույն ատյանի 6 խելոքները չեն կարողանալու քարը փոսից հանել, որովհեւտեւ նա նախաքննական մարմնի մեղադրանքները մտցրել է իր դատավճռի մեջ, մինչդեռ դրանք հերքվել են առաջին ատյանի դատարանի դատաքննության ժամանակ. նախաքննության մարմնի 3 վկաներից 2-ը՝ ֆինանսիստները, որոնց ցուցմունքները Սուրիկ Ղազարյանը վկայակոչել է դատավճռում, առաջին ատյանի դատարանում հրաժարվել են իրենց ցուցմունքներից: Երեք ֆինանսիստներից երկուսը հրաժարվեցին իրենց ցուցմունքներից: Ես չեմ պատկերացնում, որ վճռաբեկ դատարանն այս դատավճիռը կթողնի ուժի մեջ»,- անուղղելի լավատեսությամբ եզրափակեց ասելիքը Աշոտ Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
2526272829