Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՝ «3+»

Փետրվար 02,2008 00:00

\"\"Նախարարությունները դարձել են ավելի թափանցիկ, իսկ գյուղապետարաններն ու թաղապետարանները՝ ոչ

2007-ի տարեվերջին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակեց այն պաշտոնյաների «սեւ» ցուցակը, ովքեր 2007-ի ընթացքում խախտել են քաղաքացիների, լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների տեղեկատվություն ստանալու իրավունքը: Ցուցակում տեղ է գտել 46 պաշտոնյա, որոնցից գրեթե բոլորը քաղաքապետեր, Երեւանի մի քանի թաղապետեր ու գյուղապետեր են: Ցուցակում մեծամասամբ Շիրակի մարզի գյուղապետերն են: Միայն Աշոտ Ղահրամանյանն է մարզպետի կարգավիճակով հանգրվանել «սեւ» ցուցակում:

Մի քանի պաշտոնյաների համար սովորություն է դարձել օրինախախտի պիտակով ցուցակում հայտնվելը: Այդ պաշտոնյաների թվում են Հրազդանի, Գյումրու եւ Արմավիրի քաղաքապետերը: Օրինախախտի պատվավոր կոչմանն է արժանացել նաեւ Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանը: «Օրինակ, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանից խնդրել էինք 2007-ի երրորդ եռամսյակում իր կայացրած որոշումների պատճենները: Բանավոր մերժում ստացանք, որ չեն ցանկանում մեզ պատասխանել, այս առնչությամբ բողոքեցինք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: Նրանց միջնորդությունից հետո քաղաքապետարանից արդարացան, թե մեզանից տեղեկատվություն ստանալու դիմաց վճար են ուզել, իսկ մենք չենք վճարել, ինչը բացահայտ սուտ էր»,- «Առավոտին» պատմեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշանիկ Դոյդոյանը: Նրա խոսքերով, գրեթե նույն բանն էլ կատարվել է Էրեբունու թաղապետի դեպքում, որից կենտրոնը խնդրել է ավագանու կայացրած որոշումի պատճենները, երկու անգամ պատվիրված նամակ են փոստով ուղարկել, սակայն կենտրոնին ստել են, թե նամակները չեն ստացել, մինչդեռ փոստի աշխատակիցը ցույց է տվել այն անձի ստորագրությունը, ով ստացել է նամակները: Տիկին Դոյդոյանի տեղեկացմամբ, իրենց կենտրոնը Երեւանի 12 թաղապետարաններից 11-ի ավագանու որոշումների պատճենները ստացել է (չի տրամադրել միայն Էրեբունու թաղապետը), որից պարզ երեւում է, որ համայնքի խնդիրները լուծելու փոխարեն թաղապետերն իրենց բյուջեները դատարկում են անհատ քաղաքացիներին գոհացնելու համար: Օրինակ, 2007թ. երրորդ եռամսյակում Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանին ոմն Լեւոն Սարգսյանի 350 հազար դրամ է տվել կիսակառույց տունն ավարտին հասցնելու համար: Մի քաղաքացու տան վերանորոգման համար էլ 100 հազար դրամից ավելի գումար է հատկացվել: Համայնքի հաշվին նման բարեգործություններով աչքի է ընկել նաեւ Արաբկիրի ավագանին: Այստեղ էլ ոմն Խասիկ Պողոսյանի 595 հազար դրամ են համայնքի բյուջեից հատկացրել՝ չնշելով, թե գումարը ինչ նպատակով է տրվում: Սա միակ դեպքը չէ, որ այս համայնքի ավագանին առանց նպատակը նշելու՝ աջ ու ձախ գումար է բաժանել: Կենտրոնի թաղապետն էլ խիստ տարբերակված ուշադրություն է դրսեւորել թիվ 39 դպրոցի նկատմամբ: Երեք ամսվա ընթացքում 2 անգամ կահույք ձեռք բերելու համար դպրոցին 45 միլիոն դրամ է հատկացրել՝ մի անգամ 20, մյուս դեպքում՝ 25 միլիոն դրամ:

Կենտրոնի տվյալներով, նախորդ տարիների համեմատ, 2007-ին ոչ մի նախարար ու նախարարություն օրենքից դուրս չի աշխատել (տեղեկատվություն տրամադրելու առումով, իհարկե): Այս անգամ նրանք «սեւ» ցուցակում չեն հայտնվել: Օրինապահ եւ բաց աշխատող համայնքների համբավ են ձեռք բերել Վեդի, Մասիս, Դիլիջան եւ Չարեցավան քաղաքները:

«Եվրասիա» հիմնադրամը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին 105 լրագրողի շրջանում հարցումներ է արել, որոնց ձայների մեծամասնությամբ էլ պարզ է դարձել, որ Հայաստանում վատ են աշխատում Ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության աշխատակիցները, նրանցից ետ չի մնում նաեւ պաշտպանության նախարարությունը:

Առաջին անգամ 100 պետական պաշտոնյայի շրջանում էլ հարցումներ են իրականացրել ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակն ու Քաղծառայության խորհուրդը: Որպես բաց աշխատող կառույց՝ բոլոր պաշտոնյաներն առաջին հերթին նշել են իրենց գերատեսչությունները: Սակայն նրանց ձայների մեծամասնությամբ լավ աշխատող պետական կառույցներ են հռչակվել աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության նախարարությունները, կառավարության աշխատակազմն ու Քաղծառայության խորհուրդը: 3 պաշտոնյա խիզախություն է ունեցել նշելու, որ ՀՀ-ում ոչ մի գերատեսչություն լավ չի աշխատում: 22 պաշտոնյա ոչ հրապարակային է գնահատել Ազգային անվտանգության ծառայության, իսկ 12-ն էլ՝ Ոստիկանության աշխատանքը: 4 հոգի նշել է, որ ոչ մի գերատեսչություն վատ չի աշխատում:

Շ. Դոյդոյանը խոստացավ, որ «սեւ» ցուցակն ու տարբեր հարցումների արդյունքներն ավելի մանրամասն կհրապարակվի փետրվարին:

Նշենք, որ 2006-ին կենտրոնը պաշտոնյաներից տեղեկատվություն ստանալու համար 8 հայց էր ներկայացրել դատարան, որից 6-ը լուծվել էր կենտրոնի օգտին, իսկ 2007թ. դատական գործեր չեն ունեցել: «Նախորդ տարիների համեմատ պաշտոնյաներն ավելի թափանցիկ են դարձել, արդեն գիտակցում են, որ տեղեկատվություն տրամադրելն իրենց օրենքով սահմանված պարտականությունն է, ոչ թե բարի կամքի դրսեւորում: Մի երկու տարի առաջ, երբ տեղեկություն էինք խնդրում, մի բան էլ մեզ էին մեղադրում, թե գոհ եղեք, որ տալիս ենք: Հիմա էլ խախտում են տեղեկատվության տրամադրման 5-օրյա ժամկետները, բայց գոնե գիտակցում են, որ ինֆորմացիա պիտի տան՝ ուզեն, թե չուզեն»,- նշեց Շ. Դոյդոյանը: Տեղեկատվություն ստանալու առումով նա 2007-ին պետական պաշտոնյաների գիտակցությունը գնահատեց «3+», հուսալով, որ մոտ ապագայում այն կհասնի «5»-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել