Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացի կրթելու հրամայականը

Փետրվար 13,2008 00:00

\"\"ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի մտահոգությունը

«Մեր հասարակության առջեւ ծառացել է անլուծելի թվացող մի խնդիր՝ այդպես էլ չի ձեւավորվում քաղաքացիական հասարակություն եւ հեռանկարում էլ չի ձեւավորվի, քանի դեռ մեր երկրում խթանվում է ոչ թե քարոզարշավում ազատ կողմնորոշվելու եւ դրան համապատասխան ընտրելու՝ քաղաքացու անվերապահ իրավունքը, այլ բռնությամբ ու կաշառքով ձայներին տիրանալու իշխանությունների մոլուցքը: Իսկ քաղաքացիական հասարակություն ձեւավորելու համար նախ անհրաժեշտ է ունենալ քաղաքացի, որը գոնե իր ձայնի իրավունքի տերն է: Իրավունք չճանաչող մարդը, իշխանությունը՝ պարտականություն էլ չի կարող ճանաչել եւ պատասխանատվություն կրել»,- «Առավոտի» հետ զրույցը այսպես սկսեց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Խոսելով նախագահական ընտրությունների մասին, պատգամավորը փաստեց. «Ներկայումս շողոքորթության, ստորաքարշության կորի մաքսիմում կետի վրա ենք: Եվ Աստված մի արասցե, որ հենց այդ կետում պաշտոն ունեցող մեկը, օրինակ՝ դպրոցի տնօրենը, մանկապարտեզի վարիչը, ռեկտորը, գլխավոր բժիշկը, հանկարծ հիշի, որ ինքը քաղաքացի է եւ սեփական ձայնի իրավունքը պաշտպանի… տեղնուտեղը կկորցնի աշխատանքը: Այդ սպառնալիքը դամոկլյան սրի նման կախված է նրանց գլխին: Թերթերն այսօր հեղեղված են նման փաստերով, որոնք զանց են առնվում, դրանցով չեն հետաքրքրվում ո՛չ իրավապահները, ո՛չ ԿԸՀ-ն: Երբ ԱԺ-ում Սերժ Սարգսյանին հարց ուղղվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից վերոնշյալ փաստերի մասին, ինքը նույնիսկ զարմացավ, թե՝ դուք հանրահավաքներին ոստիկանների պա՞տ եք տեսնում, նրանք թույլ չե՞ն տալիս, որ մարդիկ գան ու գնան, ամեն ոք իր կամքով է գալիս հանդիպման»: Տիկին Բախշյանը այս առիթով դիմում է ՀՀ վարչապետին. «Այս փաստերն ասում են, որ բոլոր պետական պաշտոնյաների, այդ թվում՝ բուհերի ռեկտորների, դպրոցների տնօրենների, մանկապարտեզների վարիչների վրա դրված է տոկոս՝ պիտի ապահովեն այսքան միտինգավոր, ձայն եւ այլն: Սա իշխանության ուղղահայաց հրամանն է»:

Մեր զրուցակցի խոսքով, ամեն ինչ ծառայեցվում է քարոզչությանը, ինչպես ԽՍՀՄ-ի ժամանակ ծնված անեկդոտում. արդուկը միացնես՝ պարտիայից է խոսելու: «Օրինակ, բանակի տոնակատարությունը, որը պիտի համապետական տոն լիներ, քանի որ բանակի կայացման գործում ամեն ոք ներդրում ունի, ի վերջո վերածվեց «Առաջ, Հայաստանի»: Եվ վարչապետը զարմանում է, երբ հարց են տալիս, թե ինչո՞ւ է այդպես: Ասում է՝ ի՞նչ է, դահլիճում նստածներից որեւէ մեկը իմ համախոհը չէ՞ր, այնտեղ ո՞ւմ պիտի քարոզեի: Իհարկե, ոչ բոլորն էին իր համախոհները, նույնը վերաբերում է 1000-ավոր հեռուստադիտողներին»: Տիկ. Բախշյանի համոզմամբ, ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե պետական պաշտոնյաներն իսկապես պրոֆեսիոնալ լինեին ու իրենց գործի գիտակ. «Ցավոք, կադրերն ընտրվում են ո՛չ իրենց պրոֆեսիոնալ լինելու համար, այլ այն չափանիշով, թե որքանով են շողոքորթում այս իշխանությանը: Հակառակ պարագայում՝ մասնավորապես դպրոցների տնօրեններն այդքան ծառայամիտ չէին լինի: Արժանապատիվ քաղաքացուն, լավ ուսուցչին չես կարող ստիպել, որ քծնի, ինքն իր գործի տերն է, գիտի ինչպես աշխատի, որ արդյունք տա: Իսկ բոլոր քծնողները խոցելի են, դրա համար էլ հարմար են գտնում ստորանալ, քան պայքարել… Եվ այս միջավայրում մեծանում, «կրթվում» է երեխան, որը չի կարող լինել սահմանադրությամբ ժողովրդավար հայտարարված երկրի քաղաքացի: Երեխաները յուրահատուկ զգայուն են, երբ հանդիպում են անարդարության՝ դառնում են ագրեսիվ, ռուսերեն ասած՝ «աբիժնիկ»:

Անահիտ Բախշյանը գտնում է, որ նախագահի բոլոր թեկնածուները պիտի կարեւորեն հանրակրթությունը, իսկ կրթության կազմակերպիչները դրա հիմքում դնեն քաղաքացիական կրթությունը, թե չէ, նրա ձեւակերպմամբ՝ «Ինչքան էլ համաշխարհային բանկը ֆինանսավորի կրթությունը, անօգուտ է, եթե իրենք՝ կրթության քաղաքականության իրականացման պատասխանատուներն այդ քաղաքացին չեն»: Ըստ պատգամավորի, ոչ մի թեկնածուի, մասնավորապես վարչապետին, մեծ հաշվով ձեռնտու չէ այս վիճակը. «Որքան էլ վարչապետը ջերմեռանդ քարոզի բարոյականություն, համոզմունքով խոսի առաջընթացի մասին, բռնի ուժով իրեն անհրաժեշտ քվեներ ապահովի, միեւնույն է՝ հակառակորդների բանակն է զորացնելու, մարդիկ ներքուստ ատելու են իրեն: Իսկ եթե ժողովուրդը քո համախոհը չէ, ծրագրերդ միայն թղթի վրա կիրականացնես: Ժողովուրդը պիտի իր առաջնորդին ընդունի, հարգի, չեմ ասում՝ սիրի: Իսկ հարգանքի հիմքում, կրկնում եմ՝ իրավունքի ճանաչումն ու գերակայությունն է»: Նախկին դպրոցի տնօրենը փաստեց, որ 1999թ. հունիսի 1-ին ՀՀ կառավարության որոշման մեջ ամրագրված էր հանրակրթական հաստատությունների կառավարման եւ ղեկավարման ապակենտրոնացում, կրթության կառավարման հիմքում դրված էր ժողովրդավարությունը, կոլեգիալ կառավարումը, խորհուրդների ստեղծումը, ինչը զսպաշապիկ պիտի լիներ տնօրենների համար: Հետագայում ամեն ինչ ձեւախեղվեց, խորհուրդները դարձան գրպանային, իսկ 2006-ին ԿԳ նախարարության ընդունած դպրոցի տնօրենի ընտրության նոր կարգը ավելի խայտառակ պատկեր ստեղծեց: Ա. Բախշյանի խոսքով, այլեւս կարող է տնօրեն աշխատել նա, ով ամենաբարձր ծառայամտությունը կդրսեւորի. «Փաստորեն, 1999-ից հետո սկսեցինք հետ գնալ, դպրոցներին տված ինքնավարության փոքրիկ բեկորներն էլ հետ վերցրին, որովհետեւ տեսան, որ ինքնակառավարման պարագայում դժվար է վերահսկելը: Ի դեպ, կենտրոնացված կառավարումը բերում է բռնակալության»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
2526272829