Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ՆԻՍՏ, ՈՐԸ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԵՑ

Ապրիլ 04,2008 00:00

\"\"«Դուք տեսե՞լ եք՝ ինչպես է իրականացվում խոշոր հավաքների ցրումը»,- «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանի այս հարցին ՀՀԿ-ականները մարտի 1-ին պատասխանել էին վիրավորանքներով:

Մարտի 1-ի կեսգիշերն անց ԱԺ-ն գումարեց հատուկ նիստ, որտեղ քննարկվեց ու համաձայնության արժանացավ ՀՀ նախագահի հրամանագիրն արտակարգ դրություն հայտարարելու մասին: Շուրջ 3 ժամ տեւած այդ քննարկումներից հաջորդ օրը հեռուստաընկերություններով հեռարձակվեց միայն ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ելույթը: Հերմինե Նաղդալյանի առաջարկով՝ ԱԺ-ն որոշեց հատուկ նիստը չհեռարձակել Հանրային ռադիոյով (այդ որոշմանը դեմ քվեարկեց ոչ միայն «Ժառանգությունը», այլ նաեւ ՀՅԴ-ն):

Առանձին մանրամասներ ներկայացնենք, թե ինչ էր տեղի ունեցել այդ նիստում: Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հարց էր ուղղել. «Ես կցանկանայի ձեր շուրթերից լսել՝ ինչպիսի՞ ազդեցություն կունենա այս հրամանագիրը» ՍԴ որոշման վրա: Նախարարը վստահեցրել էր. «Որեւէ կերպ չի խանգարում, ես կասեի ավելին՝ ընդհակառա՛կը, նպաստում է, որպեսզի Սահմանադրական դատարանում դատավարական գործընթացներն անկաշկանդ տեղի ունենան, զերծ ամեն տեսակի ճնշումներից, ինչն անթույլատրելի է»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն իր ելույթում զուգահեռ էր տարել մարտի 1-ի եւ 1996-ի դեպքերի միջեւ. «Եվ ինչպես այն ժամանակ դժվար է ասել, եւ ընդհանրապես դժվար է միշտ ասել, որ միշտ մենակ մի կողմն է մեղավոր, նույնն էլ հիմա է»: Նա ցավով էր նշել, որ «քաղաքական բողոքն արդեն մասսայական անկարգությունների է վերածվում։ Սա որեւէ քաղաքական շարժման համար ճիշտ ելք չէ։ Եվ հավանաբար, դա մի շարք պրովոկատորների մեղքն է։ Ես չեմ կարծում, որ այդպես էին ծրագրել սկզբից հենց հեղինակները։ Ինչեւէ, մեղքը, միեւնույն է, նրանցն է»:

Այնուամենայնիվ՝ Վահան Հովհաննիսյանը հիշեցրել էր, որ մինչեւ քաղաքական փոքրամասնության իրավունքները չամրագրվեն օրենքներով՝ «նա փողոցում է ման գալու իր իրավունքները։ Եվ փողոցում ման գալով՝ շատ հաճախ իր հետեւից տանելու է սկզբում գաղափարական զանգված, իսկ հետո՝ խուժաններ»: Նաեւ հիշեցրել էր՝ «Ինչքան սահմանափակենք մարդկանց արտահայտվելու հնարավորությունը, այդքան նրանք ձգտելու են դա անել փողոցներում»։ Վահան Հովհաննիսյանը հորդորել էր որոշ հարցեր լուծել փոխհամաձայնությամբ. «Չի՛ կարելի ասել՝ մենք շա՛տ ենք, մենք ճնշող մեծամասնությո՛ւն ենք, ուրեմն, մեր խոսքը միշտ ճիշտ է։ Այդպես չի՛ լինում»:

Հաջորդ ելույթ ունեցողը՝ ՀՀԿ-ի պատգամավոր Վարդան Այվազյանն ասել էր, թե իրենց գործընկերներն «իսկականից չհասկացող» են (արժանանալով Տիգրան Թորոսյանի նկատողությանը.- Ա. Ի.). «Չե՞ք հասկանում, որ մարդիկ են խփվում: Մարդիկ են արդեն խփնված, կրակոցներ են գնում»:

«Ժառանգության» պատգամավոր Վարդան Խաչատրյանը ելույթում հիշեցրել էր. «Մեր ունեցած տեղեկություններով, թերեւս կսկսվի ռազմական օպերացիա՝ մեր որոշումից հետո: Եվ արդյոք դա չի՞ բերի ավելի մեծ արյան, քան հնարավոր էր դրա բացառման պայմաններում: Որոշումը մերն է, եւ յուրաքանչյուրը պետք է քվեարկի խղճի եւ խաղաղությամբ ապրելու հեռանկարով միայն»: Զարուհի Փոստանջյանն էլ էր հիշեցրել, որ զորքը հարձակվելու է մարդկանց վրա, որոնց մեջ սադրիչներից ու քրեական տարրերից բացի՝ նաեւ հազարավոր երիտասարդներ ու կանայք կան. «Մենք ինչպե՞ս ենք հետո ապրելու»:

Իսկ Արմեն Աշոտյանը հայտարարել էր. «Եկեք բարձրաձայնենք այն, ինչ բոլորս գոնե հոգում, սրտում գիտենք։ Սա այդ մարդու սրտով է։ Սա ա՛յն է, ինչին այդ մարդը գնում էր, սա ա՛յն է, ինչ ծրագրավորված էր»: Նշենք, որ ավելի ուշ Լարիսա Ալավերդյանն այս կապակցությամբ ասել էր. «Արդյոք մենք պե՞տք է իրականացնենք այդ անձի կամ խմբի, եթե դա եղել է, ծրագիրը»:

Արմեն Աշոտյանը նաեւ հեռակա խնդրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ հանդարտեցնի իր կողմնակիցներին: Եվ նման առաջարկներին արձագանքելով՝ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն իր եզրափակիչ ելույթում ուղղակի թյուրիմացության մեջ էր գցել պատգամավորներին՝ հայտնելով, թե նա «Նախ պատրաստակամություն չի հայտնել, որ կգա, երկրորդն էլ՝ հավատացած եղեք, որ արդեն այն իրավիճակը չի, որ անգամ իրեն կլսեն»: Թեեւ հենց ինքն էլ վկայել էր. «Այս պահին արդեն վիճակը բարելավվել է։ Հանդարտ վիճակ է։ Եվ ընդամենը 3 տասնյակի հասնող մարմնական վնասվածքներով մարդիկ են հիվանդանոցում, այն էլ շատ թույլ, այսպես, ոչ էական վնասվածքներով»:

Վերջին ելույթ ունեցողը Լարիսա Ալավերդյանն էր, որը հարց էր ուղղել իր գործընկերներին. «Դուք պատկերացնո՞ւմ եք մի վայրկյան, թե ինչպես է իրականացվելու այս հրամանագիրը։ Ահա այսօր, մի քիչ հետո, որ վերջանա նիստը՝ իրականացումը սկսվելու է, ինչ-որ մասամբ սկսվել է։ Դուք պատկերացրե՞լ եք, ինչպես դա պետք է իրականացվի: Դուք տեսե՞լ եք՝ ինչպես է իրականացվում խոշոր հավաքների ցրումը, որտեղ այսօր 70%-ից ավելի ոչ թե այն մարադյորներն են, կներեք ռուսերեն խոսքի համար, այլ 70%-ն այն երիտասարդներն են, որոնք մեր ապագան են, որոնց համար այդ վերաբերմունքը, որին իրենք արժանացել են առավոտյան, եւ որն իրենց սպասում է այս գործողություններն ուժի մեջ դրվելուց հետո՝ մի անուն ունի։ Դա…»: ԱԺ դահլիճում աղմկողները՝ մասնավորապես, Վազգեն Կարախանյանն իր «սիոնիստնե՛ր» բացականչությամբ, Աշոտ Աղաբաբյանը եւ այլք՝ թույլ չէին տվել նրան ասել, թե ինչպես է դա կոչվում:

Հ. Գ. ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն իր ելույթում «Ժառանգության» պատգամավորներին կշտամբել էր. «Ձեր ընդդիմադիր գործընկերներին երբ հայհոյում էին վերջին խոսքերով, եւ այդ ամեն ինչը հրապարակում էին հազարավոր տիրաժով, մի բառ ասացի՞ք՝ այս ի՞նչ եք անում, այդ մարդուն ինչո՞ւ եք վարկաբեկում… Լա՛վ, մարդը չի կիսում քո հայացքները, բայց կարելի՞ է վերջին խոսքերով եւ այլանդակ արտահայտություններով հայհոյել։ Ասացի՞ք մի անգամ՝ էս ի՞նչ ես անում, էդ ո՞նց ես հայտարարում՝ ով այստեղ չի կանգնած, դավաճան է… Ատելության նկատմամբ այդ անտարբերությունն է, որ այդ մարդկանց հասցրեց այդ վիճակին»: Ճիշտն ասած, չենք հիշում, որ ՀՀԿ-ն արձագանքած լինի ատելության այն քարոզչությանը, որ սփռվում էր հեռուստաեթերով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների հասցեին: Եվ որեւէ արձագանք չստացավ, ասենք, ՀՀԿ անդամ, «Հին Էրիվան» ռեստորանի տիրոջ՝ Մանվել Տեր-Առաքելյանի հրապարակավ տրված որակումը Հայաստանի առաջին նախագահի հասցեին. «Նա եւ իր թիմակիցները ոհմակից ետ մնացած թափթփուկներ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել