Լրահոս
Օրվա լրահոսը

Բանավիճեցին երկու Կարինե

Հունիս 13,2008 00:00

Մեկը կողմ է հանրային խորհրդի ստեղծմանը, մյուսը՝ ոչ

«Ճգնաժամը հաղթահարված չէ, դեռեւս պահպանվում է հասարակական լարվածությունը: Եվ եթե ընդդիմությունը, որը ասելով՝ հասկանում ենք միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին, նոր քայլեր չձեռնարկի, փոփոխություններ կլինեն»,- երեկ «Հայելի» ակումբում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը, որը հայտնի է իր իշխանամետ կեցվածքով: Չնայած ԵՊՀ պրոֆեսոր Գայանե Շահվերդյանը «Առավոտին» տված հարցազրույցում հայտարարել էր, որ նեյրոլինգվիստիկական ծրագրավորումը ոչ ավելին է, քան փուչիկ եւ ընդամենը պարզունակ տեխնիկա, որին գիտական շրջանակներում լուրջ չեն վերաբերվում, Կ. Նալչաջյանը ասուլիսում կրկին շեշտեց, որ իբր ընդդիմությունը նման մեթոդների է դիմել՝ մասսաների վրա ազդելու համար. «Բոլոր տեսակի տեխնոլոգիաներն էլ շատ գրագետ էր օգտագործված: Բավականին ժամանակ է անցել ու կարծում եմ, որ իշխանության կողմից պետք է հակաքայլեր ձեռնարկվեին ժողովրդի վիճակը գոնե մի քիչ փարատելու համար: Հասարակության այն հատվածը, որը շատ տարված է եղել հեղափոխական գաղափարներով, մի տեսակ պատրաստ չէ ընկալել նոր ռեալություններն ու գնահատականներ տալ…: Համաձայն չեմ այն տեսակետին, որ այդ շարժումը համաժողովրդական էր, որովհետեւ ճգնաժամի մեղմման հնարավորությունները նշմարվում են, ու կյանքը նորից մտել է հունի մեջ, սակայն եթե նորից ուժեղ ազդեցություններ լինեն, չի բացառվում, որ կրքերը կբռնկվեն: Այսօր ասել, թե իշխանության քայլերը թույլ են՝ սխալ կլինի, որովհետեւ ակնհայտ է, որ իշխանությունը գնում է խորքային քայլերի, բայց հասարակությունը թողնված է ինքնակարգավորման»:

«Բարեփոխում» հ/կ-ի նախագահ Կարինե Հակոբյանն էլ ասաց. «Մեր իրականության եւ հիմնականում օրենսդրության մեջ նկատելի փոփոխություններ չկան: Ասում են, որ բռնապետություններից վատթարագույնը վատ օրենսդրությունն է: Այդպես է, որովհետեւ եթե օրենսդրությունը վատ է, այլեւս անհատի փոփոխությունը որեւէ դեր կատարել չի կարող»: Խոսելով հանրային խորհրդի ստեղծման մասին, վերջինս ասաց, որ ինչպես միշտ, այս անգամ էլ նույն մոտեցումն է լինելու, խնդիրներին անդրադառնալու են մակերեսորեն, առանց հասկանալու բուն հիմնախնդրի լուծումը. «Այսօր առաջնահերթ հիմնախնդիրներից է՝ ժողովրդավարության չկայացած համակարգն իր ինստիտուտներով, չձեւավորված քաղաքացիական հասարակությունը ու նույնպիսի անկախ մամուլն ու հասարակական սեկտորը: Պետք է ձերբազատվենք նախագահին կից, առընթեր որեւէ կառույց ստեղծելու մտածողությունից: Եթե անկեղծ լինենք, ապա մինչ այսօր ի՞նչ ունենք, եթե ոչ՝ դե յուրե, ապա դե ֆակտո նախագահին առընթեր կառավարություն, նախագահին առընթեր ԱԺ, դատական համակարգ եւ այլն: Ասում են, թե 60-70 երկրում կա այդպիսի կառույց, բայց հնարավոր չէ որեւէ զարգացած ժողովրդավարական երկրում լինի նման կառույց»: Կ. Նալչաջյանը, չհամաձայնելով Կ. Հակոբյանի հետ, ասաց, թե ստեղծվել է յուրահատուկ իրադրություն եւ ապրում ենք յուրահատուկ պայմաններում. «Օրինակ, մեր խորհրդարանում ներկայացված չէ ամբողջ ինտելեկտուալ ներուժը, որը գոյություն ունի մեր հանրույթում: Կան քաղաքացիական լուրջ դիրքորոշում ունեցող մարդիկ, որոնք կարող են ներդրում ունենալ երկրի ապագայի մեջ: Ուրեմն ինչո՞ւ չստեղծել մի կառույց, որտեղ մարդիկ, ովքեր ունեն լուրջ գաղափարներ, ներգրավվեն այդտեղ: Ես դեմ եմ այդ նախաձեռնության վրա միանգամից խաչ քաշելուն: Այսօր մենք բավականին փխրուն վիճակում ենք ու, կարծում եմ՝ պետք է օգտագործել ընձեռված բոլոր հնարավորությունները: Միգուցե այն տապալվի, գուցե նաեւ ինչ-որ դրական ներդրում ունենա: Հանրային խորհրդի հետ կապված ես դեռեւս հրավեր չեմ ստացել, բայց կարծում եմ՝ չպետք է սպասել, որ հրավիրեն: Երեւի ես էլ կմասնակցեմ, որովհետեւ այնտեղ իմ կարիքը կզգացվի զուտ մասնագիտական առումով»:

Հանրային խորհրդի մասին խոսելիս Կ. Հակոբյանը նշեց, որ սխալ նախաձեռնությանը սկզբից եւեթ «ոչ» ասելն արդեն իսկ առաջընթաց է, ու պետք չէ դրա վրա ոչ ժամանակ ծախսել, ոչ ներուժ, ոչ էլ ֆինանսներ. «Մենք ունենք լուրջ խնդիր՝ հասարակական կարծիքի բացակայությունը: Խոսում ենք, իսկ այն չի ունենում ազդեցություն, ինչո՞ւ է այդպես: Մինչդեռ հասարակական կարծիքն այն է, որ իշխանությունները հաշվի են առնում հասարակության խոսքը: Մենք պետք է ոչ թե արհեստական կառույցներ ստեղծելով բուն խնդրից ուշադրություն շեղենք, այլ հասարակական կարծիքին ուշադրություն դարձնենք»,-ասաց տիկին Հակոբյանը: Ի պատասխան՝ հոգեբանն ասաց. «Ձեր խոսքում միանգամից երեւում է անվստահության տարր»: Ըստ նրա, այսօր մթնոլորտն այնպիսին է, որ ով հայտնվում է նախագահի կողքին՝ անմիջապես պիտակավորվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել