Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Երիտասարդները՝ ոլորտի մասին

Հունիս 17,2008 00:00

Գայանե Մարտիրոսյանի մուլտիպլիկատոր սաները

«Մադագասկար», «Շրեկ», «Ջրային եղբայրություն»… Արտասահմանյան այս մուլտֆիլմերը ծանոթ են բոլորին, սիրված ե՛ւ փոքրերի, ե՛ւ մեծերի կողմից: Ցավոք, նույնը չենք կարող ասել հայկական ժամանակակից մուլտերի մասին: «Հայկական մուլտիպլիկացիան հասանելի չէ հանրությանը»,- պատճառաբանում է անիմացիոն ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանը: «Այսօր ամեն օր ծնվում են նոր մուլտեր, որոնք մասնակցում են Հայաստանից դուրս տեղի ունեցող փառատոներին եւ արժանանում բազմաթիվ մրցանակների: Այսինքն՝ սխալ է կարծել, թե հայկական մուլտիպլիկացիա չկա»,- նշում է ռեժիսորը: 2003թ. նա որոշեց Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում հիմնել մուլտիպլիկացիայի ռեժիսուրայի բաժին: Արդյունքում՝ հայկական անիմացիա մուտք գործեցին 4 նորավարտ երիտասարդ արվեստագետներ՝ Արման Յարալյանը, Լեւոն Պետրոսյանը, Վանուհի Դունամալյանը եւ Արթուր Միքայելյանը: Հենց նրանք էլ դարձան Գ. Մարտիրոսյանի առաջին ուսանողները: «Քայլս համարձակ էր. ես չունեի դասախոսի փորձ եւ չգիտեի՝ խումբ կհավաքվի՞, թե՞ ոչ»,- պատմեց ռեժիսորը: Հայկական անիմացիայի զարգացման վերաբերյալ Գ. Մարտիրոսյանն ունի իր կարծիքը. «Այսօր դժվար է մուլտֆիլմ ստեղծելը, սակայն ավելի դժվար է այն հանրությանը ներկայացնելը: Հայկական մուլտիպլիկացիայի զարգացման միակ խոչընդոտը մուլտֆիլմերը հեռուստաալիքներով «պտտացնելու» հնարավորության պակասն է, ինչի պատճառով էլ հանրությունը տեղեկացված չէ՝ որքանո՞վ է զարգանում այդ ոլորտը, կա՞ն նոր մուլտեր եւ այլն: Այս չորս երիտասարդները պատրաստ են հաղթահարելու այդ խոչընդոտները»: Այդ համոզմունքին են նաեւ թատերականի չորս շրջանավարտները, որոնք հայ մուլտիպլիկացիան օրերս համալրեցին միանգամից չորս նոր մուլտերով՝ «90-60-90», «Հարբած հավերը», «Դեպի ներքեւ» եւ «Հուղարկավորություն»: «Մեր թիմը կոչնչացնի այն կարծրատիպը, որ հայկական մուլտիպլիկացիան «սառեցված» է: Նման բան գոյություն չունի: Գոյություն ունեն արվեստագետներ, որոնց աշխատանքներին անհրաժեշտ է միայն ֆինանսական եւ պետական աջակցություն»,- վստահեցնում է կուրսի անդամ, «Հարբած հավերը» մուլտի հեղինակ Արթուր Միքայելյանը:

Ըստ Արթուրի, մուլտիպլիկացիայի զարգացման խնդիրը էլեկտրոնային ԶԼՄ-ների անուշադրությունն է. «Մենք գաղափարների, սցենարների, պատմությունների պակաս չունենք, ունենք հանդիսատեսի պակաս, իսկ հանդիսատեսով մեզ կապահովի միայն հեռուստատեսությունը, որն ասես աչքաթող է արել հայկական մուլտերը»: «Հուղարկավորություն» ֆիլմի հեղինակ Արման Յարալյանը խնդիրը տեսնում է թիմային աշխատանքների բացակայության մեջ: «Մենք չորսս ենք, մենք մեկ թիմ ենք: Ոչ ոք միայնակ չի կարող մուլտ ստեղծել, իսկ միասին աշխատել մեր հայ արվեստագետները կարծես չեն սիրում»,- նկատեց Արմանը, եւ շարունակեց,- «Մենք ունենք հիանալի անիմատորներ, բայց, սոցիալական խնդիրներից ելնելով, նրանք այսօր երկրորդական պլանում են թողել մուլտիպլիկացիան եւ զբաղվում են գովազդներով: Մեղադրելու չէ…»:

«90-60-90» մուլտի հեղինակ Վանուհի Դունամալյանն էլ է այդ կարծիքին: «Դեպի ներքեւ» ֆիլմի հեղինակ Լեւոն Պետրոսյանն էլ արձանագրում է. «Հայկական մուլտիպլիկացիան «քայլում» է դեպի վերեւ: Խնդիրներ միայն մուլտիպլիկացիայի ոլորտում չէ, որ ունենք, դրանք ծառացած են 90-ականներից՝ մի շարք ոլորտներում: Հիմա նոր-նոր սկսում են զարթոնք ապրել հայկական կինոն, երգարվեստը, դրանց շարքում է նաեւ մուլտիպլիկացիան: Պետք չէ մեղավորներ կամ պատճառներ փնտրել, պետք է միայն նպաստել դրանց առաջխաղացմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30