Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՊԱՐԱԿԵՐՏ

Հուլիս 12,2008 00:00

Մի քանի օր առաջ էր: Ինչպես մնացած օրերին՝ այդ օրն էլ քնից արթնացա առանց օրվա լուրջ ծրագրերի, ռեֆլեքսորեն միացրի հեռուստացույցը՝ եւ, ո՜վ զարմանք:

Մի քանի ալիք ցույց էին տալիս ինչ-որ հանդիսավոր նիստ, մյուսները՝ տոնական համերգներ ու ռեպորտաժներ՝ եռագույնով ու այլ տոնական ատրիբուտներով զարդարված Երեւանից եւ մյուս քաղաքներից ու գյուղերից: Պետականակերտ իշխանությունն ու ազգս սրտանց նշում էր նորակերտ պետականության հիմնական օրենքի՝ Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ը: Ու ինձ մեղավոր էի զգում, որ մենակ ես չէի հիշում այդ կարեւոր օրվա խորհուրդը:

«Ա1+»-ով Պետրոս Ղազարյանի մոտ երկու հոգի բանավիճում էին սահմանադրության բուն բովանդակության մասին: Մեկը անհաշտ իշխանությունից էր, մյուսը՝ անհաշտ ընդդիմությունից: Էն որ առաջինից էր, պնդում էր, որ այս սահմանադրությունը, ի տարբերություն 1995-ին ընդունված եւ 2005-ին փոփոխված սահմանադրության, ոչ մեկի վրայով չի կարվել, կեղծիքներով չի ընդունվել, ժողովուրդն էլ ազատ հանրաքվեով է ընդունել, ու դրա համար էլ բոլորը հարգում ու կիրառում են այն, տոնում են նրա ծնունդը: Եվ բացի դա, էնպես են գրել սահմանադրությունը, որ առավելապես հաշվի են առնվել համաշխարհային փորձն ու ներքին քաղաքական ու իրավական պոտենցիալը: Հրապարակում առկա տարբեր առաջարկների համադրումով հասել են այն բանին, որ առավելագույնս ապահովված են իշխանության երեք թեւերի՝ օրենսդիր, գործադիր ու դատական մարմինների իրական տարանջատումը, փոխվերահսկումը, հակակշիռների ու իրավունքին համարժեք պատասխանատվության ռեալ մեխանիզմները: Ու որ վենետիկներին էլ չեն դիմել՝ կարծիքի, ու Եվրախորհրդին ու Մոսկվային էլ՝ դիտորդներ ուղարկելու համար, դա էլ գալիս է նախորդ քսանամյա փորձից առ այն, որ բուն սահմանադրության բովանդակությունն ու հանրաքվեն պետք են միայն հայաստանցուն, իսկ նրանցից, այս հարցերում, վնասից բացի օգուտ չի եղել ու չկա:

Էն, որ երկրորդից էր, այսինքն՝ անհաշտ ընդդիմությունից, հիմնականում համաձայն էր առաջինի հետ, բայց պնդում էր, որ, միեւնույն է, ինչ-որ մի տեղ (կարծեմ՝ Կենդանաբանական այգում), իր կարծիքով, խախտվել է կենդանիների ազատ կյանքի իրավունքը եւ սահմանադրության մեջ պետք է այդ մասին դրույթ ունենալ: Ու առաջինի այն հաստատմանն էլ ի պատասխան, թե Ամերիկայում 200 տարուց ավելի Սահմանադրությունը չի փոխվել, պնդում էր, որ նույնիսկ այնտեղ արդեն 70-ից ավելի փոփոխություններ են արվել: Հաղորդման վերջում էլ պնդեց, թե այս բանավեճի արդյունքում իշխանությունն այնքան կորցրեց իր ռեյտինգից, որ հաջորդ ընտրություններում հիասթափված հեռուստադիտողը իր ձայնը չի տա այդպես մտածողներին ու ապագայում հնարավորություն կստեղծվի սահմանադրական փոփոխությունների:

Կենդանիների իրավունքների թաքնված կողմնակից, հաղորդավար Պետրոս Ղազարյանը մոտալուտ իշխանափոխության այս դրական հեռանկարով էլ փակեց հաղորդումը:

Մի լավ ճմլկոտվելուց ու աչքերս ամբողջությամբ բացելուց հետո, վերջնականապես արթնացա ու աստիճանաբար աղոտացող երազին փոխարինելու եկավ մեր իրականությունը:

Հեռուստաալիքների մեծ մասով բրազիլական սերիալներին եկել էին միախառնվելու հայոց գողապետական սերիալները, իսկ լուրերով մարտի 1-ից տազ արած շատ հայտնի «գրանտագետ» մի իրավապաշտպան ու մի սահմանադրաբան էլ նշում էին այն հսկայական առաջընթացը, որը արձանագրել են հոպարակերտ իշխանություններն այս սահմանադրության մեջ ու սահմանադրությամբ, իսկ փոքրիկ թերությունները գալիս են հաստատելու առաջընթացը եւ ժամանակի ընթացքում կշտկվեն:

Այդ օրը ոչ մի կերպ չառանձնացրին նաեւ ընդդիմադիր եւ ոչ այնքան՝ լիդերներն ու մասսան:

Այդ ընդդիմադիր ու ոչ այնքաններից յուրաքանչյուրը համոզված է, որ եթե ինքը եկավ իշխանության, էլ ի՜նչ սահմանադրություն, ի՜նչ բան: Ձեռքը կխփի սեղանին ու կասի. «Գյադեք, այսուհետ գողություն չանեք, թալաններն էլ լավ կտեղավորեք»: Ու պրծ: Եթե պետք լինի, ձեռի հետ էլ, ըստ անհրաժեշտության, կամ կփոխի սահմանադրությունը, կամ՝ ոչ:

Մի լավ բժշկապետ ընկեր ունեմ, որ «Առավոտի» 07.06.2008թ. համարում առաջարկներս կարդալուց հետո զրույցի ժամանակ ասաց. «Շատ էլ ճիշտ ես գրել, բայց ո՞ր գործիչը կուզի որ դառնա նախագահ ու հանկարծ դատարանները կամ ԱԺ-ն իր հսկողության տակից դուրս լինեն, իսկ իր իշխանությունն էլ լինի վերահսկելի: Չէ՞ որ այսպես հեշտ է իշխել եւ վայելել այն: Քո առաջարկը ռոմանտիկա է»:

Լսելով այսօրվա գործիչներին, չեմ կարող չհամաձայնել այս մտքի հետ, բայց համակերպվել չեմ կարող: Դժվար է համակերպվել այն մտքին, որ այդքան զրկանքներով կերտեցինք պետություն, որի իշխանությունները ամբողջությամբ ազատ են ժողովրդի առաջ պատասխանատվությունից եւ ենթակա են լոկ արտաքին թելադրանքներին: Իսկ իշխանության ժառանգական փոխանցումը ուղղված է հիմնականում այդ թելադրանքը հավերժացնելուն: Բանն այնտեղ է հասել, որ արդեն ընդդիմությունն էլ են ուզում դարձնել ժառանգական: Այսինքն, ամբողջ քաղաքական դաշտը պահեն հսկողության տակ, բացառելու համար իրենց համար անվերահսկելի գործընթացները:

Այս գիտակցումն ու այն, որ սահմանադրությամբ է պայմանավորվում կառավարման համակարգը, իսկ սահմանադրության պահպանման ու իշխանության կողմից ժողովրդի առջեւ պատասխանատվության հայտնի մեխանիզմն առայժմ միայն նորմալ ընտրություններն են, բերում են առաջարկներիս արդիական լինելու համոզմունքին:

Ժամանակավոր անցումային շրջանի իշխանության ընտրելու ծրագրով հանդես եկող միասնական ժողովրդին իշխանությունը կրակելով չի դիմադրի, քանի որ խնդիրը ինչ-որ մեկին նախագահ դարձնելը չէ: Այդ ծրագրի մեջ կա հասարակության տարբեր շերտերի միավորման եւ վստահության մեծ լիցք: Այդ դեպքում համոզված եմ, որ զենքը կուղղվի հենց ժողովրդի վրա կրակելու հրաման տվողների դեմ: Մյուս կողմից էլ, այդ ծրագրով եկած ժամանակավոր նախագահը նախանձախնդիր կլինի նորմալ, կարգին սահմանադրություն ընդունելու, ինչպես նաեւ մի քանի անգամ ազատ ու արդար ընտրություն անցկացնելու, քանի որ խնդիր չունի իր իշխանությունը վերարտադրելու: Անցումային շրջանի ժամանակավոր նախագահի հսկողությամբ ու պատասխանատվությամբ անցկացված ՏԻՄ, ԱԺ եւ ապագայում նաեւ նախագահի ընտրությունները կարող են վերջ դնել ընտրությունները կեղծելու շուրջ 15-ամյա պրակտիկային, դնելով դրական ավանդույթի հիմքեր:

Ասածիս մեխն այն է, որ հավասարակշիռ սահմանադրություն ընդունելու եւ նորմալ ընտրություններ անցկացնելու միջավայր կլինի միայն ժամանակավոր, չվերարտադրվելու պայմանով իշխանության դեպքում:

Թե չէ հիմիկվա համարյա բոլոր թեկնածուների համար կարելի է պնդել, որ կեղծել են նախկինում, կեղծում են հիմա, կկեղծեն նաեւ ապագայում, եթե չլինի զսպող մեխանիզմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել