Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՍ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՆ ԻՍԿ ՃՆՇՈՒՄ Է»

Օգոստոս 08,2008 00:00

\"\"Ասում է մարտի 1-2-ի դեպքերն ու պատճառները ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:

– Պարոն Նիկոյան, ինչո՞ւ էիք հանդիպման հրավիրել ոստիկանության քրեական հետախուզության պետ Հովիկ Թամամյանին:

– Գիտեք, որ հանձնաժողովի նախորդ նիստում փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը պարզաբանումներ տվեց մարտի 1-ի առավոտյան իրադարձություններում ոստիկանության գործողությունների վերաբերյալ: Հարցեր կան, որ կուզենայինք ուղղել այդ օպերացիան իրականացրած ոստիկանության ղեկավարությանը, դրա համար հրավիրել էինք Ա. Աֆյանին: Հարցերի մի մասին ինքը չպատասխանեց, ասելով, որ դա իր ծառայությանը չի վերաբերում եւ ճիշտ կլինի, որ դիմենք համապատասխան ծառայությանը: Այդ պատճառով հրավիրել ենք Հովիկ Թամամյանին, որը ղեկավարել է այդ օպերացիան: Իսկ նիստն արտահերթ հրավիրեցինք, որովհետեւ խոսքը մեկ ընդհանուր գործողության է վերաբերում՝ որոշեցինք միասնական քննել:

– Գաղտնիք չէ, որ մարտի 1-ի իրադարձություններին, բացի ոստիկաններից, նաեւ զինվորներ են մասնակցել, պատրաստվո՞ւմ եք հանձնաժողով հրավիրել պաշտպանության համակարգի պատասխանատուներին եւ հարցնել, թե ի՞նչ էին անում զինվորները Երեւանի փողոցներում:

– Դուք նկատի ունեք մարտի 1-2-ի՞ իրադարձությունները: Ես կուզեի առայժմ խոսենք միայն մարտի 1-ի առավոտվա իրադարձություններից, որովհետեւ այս մասով տեսականորեն բոլոր հարցերի պատասխաններն ունենք եւ կարող ենք միայն այդ հարցերին պատասխանել: Իսկ 1-2-ի իրադարձություններին վերաբերող բոլոր հարցերի պատասխանները չէ, որ ստացել եմ: Հանձնաժողովը նպատակ ունի մինչեւ օգոստոսի երկրորդ կեսը ներկայացնել նախագիծը, որը հետագայում որպես զեկույց կներկայացնենք ԱԺ դատին: Դա կլինի շատ նախնական եւ կվերաբերի միայն մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած գործողություններին:

– Երբ նոր էր ստեղծվում հանձնաժողովը, կարծես նպատակ ունեիք հրավիրել նաեւ նախկին նախագահներին՝ Ռոբերտ Քոչարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, հիմա ձեր միտքը չե՞ք փոխել, կհրավիրե՞ք նաեւ նրանց:

– Եթե հանձնաժողովը գտնի, որ իրադարձությունների պարզաբանման, ուսումնասիրության համար անհրաժեշտություն կա նրանց հրավիրելու, կարող ենք եւ հրավիրել, բայց գալը կամ չգալը նրանք են որոշելու, մենք չենք կարող պարտադրել քաղաքացիներին (նրանք ՀՀ քաղաքացիներ են, ոչ թե՝ պաշտոնատար անձինք): Ես նամակով դիմեցի Լեւոն Տեր-Պետրոսյանին, քանի որ ինքը այնտեղ է եղել եւ առաջնորդն է եղել ցուցարարների: Շատ հարցեր էի ուղղել՝ քանի՞ ցուցարար կար, քանի՞ ոստիկան, ոստիկանները դիմեցի՞ն ցուցարարներին իրենց գալու նպատակի վերաբերյալ, ի՞նչ սպառազինություն ունեին, մի խոսքով՝ հարցեր էին, որոնց, թվում էր, ինքը պետք է պատասխաներ՝ դրանով էլեմենտար օգնություն ցուցաբերելով ճշմարտությանը, ոչ թե հանձնաժողովին, բայց չպատասխանեց: Նույնը կարող է հիմա լինել, հրավիրենք՝ չգա: Նույնը կարող է անել երկրորդ նախագահը:

– Որպես հանձնաժողովի նախագահ՝ հոգեբանական ճնշում զգո՞ւմ եք, եւ այդ ճնշումն ավելի շատ զգում եք քաղբանտարկյալների հետ հանդիպումներից հետո՞, թե՞ փողոցում՝ շարքային քաղաքացիներին հանդիպելիս:

– Այս հանձնաժողովում աշխատելն իսկ հոգեբանական ճնշում է: Պատասխանատվության այն բեռը, որ կա՝ արդեն ճնշում է: Մամուլի մոտեցումները, հրապարակումները, քարոզչական արշավը, որ իրականացվում է հանձնաժողովի նկատմամբ՝ ճնշում է: Եթե ասեմ, թե ճնշում չկա, ես անկեղծ չեմ լինի, ուղղակի մինչեւ հիմա հանձնաժողովն անում է այն, ինչ նպատակահարմար է գտնում:

– Կատարված աշխատանքի արդյունքում Ձեզ համար պարզ չի՞ դարձել, որ մարտի 1-2-ի դեպքերի մեղքն ամբողջովին իշխանությունների վրա է, ի վերջո՝ ե՛ւ զորքը, ե՛ւ զինվորները, ե՛ւ ոստիկանությունը իշխանության հրահանգն էին կատարում ու իշխանության հրահանգով իրականացրին այն, ինչ եղավ, իսկ մյուս կողմը միայն պաշտպանվողի կարգավիճակում էր:

– Եթե երկրում նման պրոցեսներ են տեղի ունենում, միանգամից կարելի է ասել՝ ինչ-որ տեղ, մի ժամանակ, նաեւ այդ պահին իշխանությունը սխալներ է թույլ տվել: Բայց հանձնաժողովի խնդիրը ոչ թե հրապարակային, դեկլարատիվ հայտարարությունների հարթության մեջ պետք է լինի, այլ՝ փաստարկված: Շատ կարեւոր է, որ ապօրինության դեմ, օրինախախտման դեմ իշխանությունը գործի օրինականության սահմաններում: Իսկ օրենքը ոստիկանությանը բավականին լիազորություններ է տվել բոլոր օրինական միջոցներով պահպանելու հասարակական կարգը: Ոստիկանությունը իրավունք ունի ե՛ւ միտինգը ցրել, ե՛ւ մարդկանց ձերբակալել, հատուկ միջոցներ կիրառել, բռնություն կիրառել, ի վերջո՝ նաեւ հրազեն օգտագործել:

– Բայց ոչ՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ:

– Ոստիկանությունը պետք է ապացուցի, որ բոլոր այդ գործողությունները եղել են իրավաչափ եւ օրինականության սահմաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել