Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 19,2008 00:00

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԵՑԻՆՔ

Վրաստանում ծավալվող իրադարձությունների հետեւանքով մեր երկիրը զրկվեց ոչ միայն վրացական նավահանգիստներով բեռներ տեղափոխելու, այլ նաեւ՝ երկաթուղուց օգտվելու հնարավորությունից:

Արդեն չորրորդ օրն է, ինչ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ երկաթուղային կապը դադարել է գործել: Գորի քաղաքից 40 կմ դեպի Թբիլիսի ընկած հատվածում պայթյունից վնասվել է երկաթուղային կամուրջը: Կամրջի պայթյունի հետեւանքով այդ հատվածում կանգնած են մնացել ՀՀ ներկրվող 72 վագոն բեռներ:

Պայթյունի մասին պաշտոնապես որեւէ բան չհայտարարվեց: Վրացական կողմը պնդում է, որ դա «ռուսների ձեռքի գործն է», իսկ Ռուսաստանի Դաշնությունը հերքեց վրացական կողմի այս պնդումը, այն համարելով անհիմն ու անտրամաբանական:

Դեռ նախորդ շաբաթվա սկզբին Գորի քաղաքի եւ հարակից շրջանների ռմբակոծման հետեւանքով մեր երկրի համար խիստ էական նշանակություն ունեցող Փոթիի եւ Բաթումիի նավահանգիստները փակվեցին, ինչի արդյունքում հազարավոր տոննաների հասնող ներկրված ապրանքներ մինչ օրս էլ կանգնած են նավահանգիստներում, իսկ որոշ լաստանավեր անգամ հետ են ուղարկվել այն երկիր, որտեղից դրանք դուրս են եկել: Բեռները Հայաստան հասցնելու միակ տարբերակը մնում է այն, որ բեռնափոխադրող ընկերությունները վագոնների բեռները դատարկեն մեքենաների մեջ եւ փորձեն այդ կերպ սահմանն անցկացնել: Սակայն ապրանքների փոխադրմամբ զբաղվող մի քանի ընկերություններ «Առավոտի» հետ զրույցում ասացին, որ իրենք այս օրերին պարզապես մերժում են նմանատիպ պատվերները, քանի որ վրացական քաղաքներով Հայաստան բեռներ տեղափոխելը խիստ ռիսկային է եւ իրենք չեն կարող պատասխանատվություն կրել այդ բեռների անվտանգության համար, իսկ Իրանով ապրանքներ տեղափոխելը ֆինանսապես ձեռնտու չէ ոչ իրենց, ոչ էլ, առավել եւս, սպառողին: Նշենք, որ օգոստոսի 11-ից մինչ այսօր Փոթիի եւ Բաթումիի նավահանգիստներում կուտակված հարյուրավոր վագոններից Հայաստան է տեղափոխվել ընդամենը 108-ը, որոնք բեռնված են եղել հիմնականում դիզելային վառելիքով, բենզինով, թունաքիմիկատներով եւ այլ ապրանքներով:

Երկաթուղու խափանման օրն իսկ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը խոստացավ հայկական բեռները Հայաստան հասցնելու համար այլընտրանքային ուղիներ գտնել: Այս առնչությամբ «Առավոտի» հարցին տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը պատասխանեց, որ երեկ 12 հոգուց բաղկացած հայ մասնագետների խումբ է մեկնել Վրաստան, որպեսզի տեղացի մասնագետների հետ հնարավորինս արագ ժամկետներում վերականգնեն երկաթուղու գործունեությունը: Բացի այդ, Ս. Տոնոյանի հավաստմամբ, հայ մասնագետներն իրենց հետ տարել են նաեւ շինանյութ եւ երկաթուղու վերանորոգման համար անհրաժեշտ սարքավորումներ, իսկ կամրջի վնասված հատվածում մնացած վագոնների մի մասի բեռները կտեղափոխվեն Վրաստան մեկնած ավտոմեքենաներով. «Հեղուկ վառելիքի տեղափոխման համար նախատեսված 39 բեռնատար մեքենաներ այսօր արդեն կլինեն Վրաստանում եւ վագոնների վառելիքը կտեղափոխեն Հայաստան»: Իսկ թե ինչ ճակատագիր է սպասվում այն բեռներին, որոնք պարունակում են ոչ թե հեղուկ վառելիք, այլ, ասենք, թունաքիմիկատներ, խմիչք, ծխախոտ, սննդամթերք կամ շուտ փչացող այլ ապրանքներ, նախարարությունից չկարողացան հստակեցնել, միայն տեղեկացրին, որ, ի թիվս այլ ուղիների, ներկայումս քննարկվում են նաեւ բոլոր մնացած բեռները մեքենաներով տեղափոխելու կամ վագոնները երկաթուղով մինչեւ Ախալցիխե տանելու եւ ապա Ախալցիխեից բեռնատարներով Հայաստան տեղափոխելու տարբերակները: Չի բացառվում, որ տրանսպորտի եւ կապի նախարարության այլընտրանքային ուղիները խիստ բացասաբար անդրադառնան թե՛ բեռնափոխադրողների եւ թե՛ սպառողների վրա: Բնականաբար, ապրանքների փոխադրման համար երկաթուղին մի քանի անգամ ավելի մատչելի ու հարմար տարբերակ է, քան բեռնատար մեքենաները, որոնք, բացի այն, որ շատ սահմանափակ տարողություն ունեն, նաեւ բավականին թանկ են: Այսինքն՝ չի բացառվում, որ մոտ օրերին բեռնատարներով Հայաստան ներկրվող ապրանքների՝ հեղուկ վառելիքի, հրուշակեղենի, ցորենի ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գները թանկանան:

ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել