Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԶԱՏՎԵ՛ՆՔ ԴԻԼԵՏԱՆՏԻԶՄԻՑ ԵՎ ԱՆԱՐԽԻԱՅԻՑ

Դեկտեմբեր 05,2008 00:00

\"\"Կոչ է անում քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը

«Առավոտը» հյուրընկալել էր ճանաչված քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանին: Նա իր մտահոգություններն արտահայտեց հասարակությանը հուզող մի շարք հարցերի վերաբերյալ: Օրինակ՝ ի՞նչ ասել է մտավորական: «Մտավորականն ամենամեծ ընդդիմությունն է՝ բառիս լայն իմաստով: Ոչ թե իշխանության ընդդիմության մասին է խոսքը, այլ այն ընդդիմության, որը արժեքներ է ստեղծում, որոնց շուրջ քաղաքակրթվում են անհատները ու ստեղծում քաղաքացիական հասարակարգ: Ավելի մեծ ընդդիմություն եւ մտավորական, քան Շեքսպիրն է, Միքելանջելոն, Բալզակը, Դոստոեւսկին, ես չեմ պատկերացնում: Նրանց գործերը ժողովուրդ ու հասարակություն էին դաստիարակում, թե չէ ամեն բարձրագույնավարտ դեռ մտավորական չէ, մտավորականը նա է, ով մասնակցում է քաղաքացիական հասարակարգի ստեղծմանը, նրա հոգսերով է ապրում եւ ստեղծում է այն արժեքը, որը տալիս է դինամիկա տվյալ պետականությանը, քաղաքացիական հասարակարգին: Մտավորականներ չեն կուսակցությունների անդամները, որովհետեւ մտավորականն իրավունք չունի այլ շահ ունենալ, բացի պետական եւ հասարակական շահից: Օրինակ՝ Ալվարդ Պետրոսյանը, որ իմ ամենասիրած արձակագիրն է, արտակարգ գրիչ ունի, մտավորականի կարգավիճակում չէ, որովհետեւ նրա մեջ կուսակցական շահն է նստած: Ռուբեն Հովսեփյանն իմ ամենալավ ընկերն է, հրաշալի անձնավորություն, որը նաեւ բարձր գրիչ ունի, բայց ոչ թե մտավորական է, այլ` իր կուսակցության էլիտան»,- կարծում է քանդակագործը: Ըստ արվեստագետի՝ արվեստի եւ գիտության մարդն իրավունք չունի կուսակցականացվելու. «Կուսակցությունը նեղացնում է աշխարհայացքը, սահմանափակում մտահորիզոնը, ավելի ազատ չես մոտենում քո պետականությանն ու քաղաքակրթությանը: Ստեղծագործությունն էլ պետք չէ քաղաքականացնել, այն պետք է տվյալ ժամանակի հայելին լինի, որի շուրջ պտտվի մի ամբողջ հասարակություն, ինչպես Չարենցի, Բլոկի, Պաստեռնակի, Արամ Խաչատրյանի դեպքում էր: Երբ Խաչատրյանը գրեց «Սպարտակ» բալետը, նրան հալածում էին, կոմպոզիտորին փրկել է միայն այն, որ կուլտուրայի նախարարը կրկնել է Լենինի խոսքերն այն մասին, թե Սպարտակը հեղափոխության եւ սոցիալիստական ամենալավ օրինակն է հասարակության համար»: «Առավոտը» խնդրեց, որ Ֆ. Առաքելյանը մի քանի մտավորականի անուն ասի: «Օրինակ՝ առաջինն ինձ եմ համարում մտավորական, Հենրիկ Հովհաննիսյանին, Լեւոն Իգիթյանին, Հենրիկ Էդոյանին, Ռոբերտ Ամիրխանյանին: Մենք հզոր բանակ ունենք, ուղղակի ժողովուրդը խճճվում է, եւ մտավորականությանն այլ կերպ է մոտենում. եթե կրթված է, դասախոս է՝ ուրեմն մտավորական է: Ո՛չ, այդպես չէ: Մտավորականները պետք է դեր խաղան մեր պետականությունը կայունացնելու գործում, որն այսօր ծանր դրության մեջ է: Այսօրվա Հայաստանն ինձ հիշեցնում է 30-ականների Ամերիկան, որ 12 մլն գործազուրկ ուներ, արժեզրկվել էր դոլարը: Բայց գտնվեց այն անհատը, որը բարեփոխումներ արեց, հակադրվեց օլիգարխիային, իր մտերիմներին: Դա Ֆրանկլին Ռուզվելտն էր: Նա հզորացրեց միջին բիզնեսը, գյուղերին մեծ հնարավորություններ տվեց, հարկերն իջեցրեց, նույնիսկ կրկնեց ստոլիպինյան ռեֆորմը եւ դրանով անցավ ժողովրդի կողմը, նրա դեմ դուրս եկան Ֆորդը, Մորգանը, բայց նա արեց դա: Այսօր մենք չունենք միջին բիզնես, միջին խավը չի հզորանում, եւ մեր երկրի նախագահի թիվ 1 խնդիրը հենց դա է, իսկ երկրորդը պետք է լինի օրենքի դիկտատը: Քաղաքական դիկտատուրայի մասին չէ խոսքը, այլ այն մասին, որ բոլորը նույն օրենքի տակ պիտի ապրեն, այդ թվում՝ երկրի նախագահը: Մենք անցնելու ենք մի կամրջի վրայով, որի տակ անդունդ է, իսկ կամուրջն արդեն 20 տարի է խարխլված է: Մտավորականությունը պիտի հենասյուն դառնա այդ կամրջին, որպեսզի պետականության կառքը դրա վրայով անցնի դեպի քաղաքակրթության պառնաս: Մենք սիրում ենք անձնավորել, թե ով է կառապանը, իրականում դա էական չէ, կառապանները կգան եւ կգնան»,- կարծում է մտավորականը:

Նրա համոզմամբ, այսօր ծանր դրության մեջ է մշակույթը, իսկ մշակույթի նախարարության գործը՝ բարդ, որովհետեւ վերջինս շփվում է վառ անհատականությունների հետ. «ԽՍՀՄ տարիներին ոչ մի նախարար քաղբյուրոյի անդամ չէր, բացի մշակույթի նախարարից, որովհետեւ մշակույթն է կերտում ազգի կերպարը, տալիս էությունը, ոգին: Անձամբ ես գոհ եմ նախարարության այսօրվա աշխատանքից»:

Երկրի առաջին դեմքերի մասին խոսելիս Ֆ. Առաքելյանը հիշում է երջանկահիշատակ Վլադիմիր Նազարյանի՝ իրեն ասված խոսքերը. «Մի անգամ ասաց՝ Ֆերդիկ ջան, եթե Հիսուս Քրիստոսին էլ բերեն երկրի նախագահ, էլի բողոքելու են, ասելու են՝ դեֆեկտ ունի, ձեռքերը ծակ են: Այսօր էլ այս նախագահից են դժգոհ, դա ճիշտ չէ, պետք է ամեն ինչին նայենք պետականության շահից, ոչ թե անձի: Հիշում եմ, երբ Մարզահամալիրն էր կառուցվում, Ղարաբաղ կոմիտեի պարոններն ասում էին՝ Դեմիրճյանն իր համար պալատ է կառուցում, հիմա Դեմիրճյանը չկա, բայց պալատը կանգուն է, չէ՞: (Չենք կարող չնկատել, որ 1983-ին, երբ կառուցվեց Մարզահամերգային համալիրը, «Ղարաբաղ» կոմիտեն գոյություն չուներ, այն ստեղծվել է դրանից հինգ տարի անց՝ 1988-ին- խմբ.): Իմիջիայլոց, միակ պալատն է (հեղինակներից մեկն էլ ես եմ), որ Մուրադյան եղբայրները կատարյալ վերանորոգեցին՝ առանց որեւէ բան փոխելու: Մյուսները թող օրինակ վերցնեն նրանցից: Իսկ ինչպե՞ս հարգեմ կինոթատրոնների սեփականատերերին, Երիտասարդության պալատի սեփականատիրոջը: Կամ քրջուփալաս, կամ մեքենաներ են վաճառում ամենուր, գործարաններ սեփականաշնորհեցին, պատերն էլ չկան: Այսօր դժգոհ են նաեւ Երեւանի քաղաքապետից, այն դեպքում, երբ մարդը ստրուկի պես ծառայում է իր քաղաքին: «Նախկինները» վանդալով էին զբաղված… ո՞ւր է Պոլիտեխնիկի Մարքսի արձանը, որը կերտել էր ճանաչված քանդակագործ Արտաշես Հովսեփյանը: Ի՞նչ մեղք ուներ Մարքսը, նա գիտնական էր, հիմա Հարվարդի համալսարանում մարքսիզմ են կարդում: Կամ Ղուկաս Ղուկասյանի արձանը պայթեցրին: Լենինի արձանը հանեցին՝ հասկացանք, իսկ պատվանդա՞նը: Նույնիսկ հարգանք չունեցան հեղինակի հանդեպ, որը կին էր, այն էլ տաղանդավոր: Արդյո՞ք իրենք կարող են կառուցել այդպիսի պատվանդան»:

Անդրադարձ եղավ նաեւ արցախյան հիմնախնդրին եւ վերջերս նախագահի մոտ կայացած կուսակցությունների ղեկավարների հետ հավաքին: «Ղարաբաղի հարցն արդեն 15 տարի շահարկվում է: Ով էլ լինի իշխանության ղեկին՝ չի կարող ծախել Ղարաբաղը, այն թաշկինակ չէ, որ տան ուրիշի: Ես ողջունում եմ նախագահի մոտ կայացած հավաքը, բայց լավ չէր, որ փակ էր: Այնտեղ ներկա էին դեմքեր, որոնք 88-ից ավերելով եկել-հասել են այդտեղ: Օրինակ՝ Վազգեն Մանուկյանը, Արշակ Սադոյանը գալիս են Թատերական հրապարակից, ու նրանց նկատմամբ հարգանք չունեմ, որովհետեւ խաբեցին մեր ժողովրդին ու հիմա էլ են խաբում: Աշոտ Մանուչարյանը ամբողջ կյանքում մարքսիզմին ու սոցիալիզմին դեմ էր, հիմա՝ 20 տարի հետո սոցիալիստական ուժերի միություն է ստեղծել, այդպիսի տգետ քաղաքական գործիչ չեմ տեսել: Կամ մարքսիստը, միայն ճակատին է էդպես գրված, իսկ վարագույրից այն կողմ երեւի մասոն է կամ մի ուրիշ բան: Հիմա էլ գնացել-միացել է Լեւոնենց, որոնք մարքսիզմը թաղեցին: Մարքսի արձանը ջարդեցին այդ մարդիկ, ո՞նց ես նրանց կողքին կանգնում»,- ասում է Ֆ. Առաքելյանը: Նրա խոսքով, վաղուց ժամանակն է ամեն տեսակ անարխիային եւ դիլետանտիզմին վերջ դնելու եւ պետության շահի շուրջ մեկտեղվելու: «Հիշում եմ՝ 99 թվականն էր, ես Լենինականից եկա տուն, ասացին, որ Կարեն Սերոբիչը փնտրել է ինձ: Զանգեցի, ասաց՝ ո՞ւր ես, վաղը իմ դեպուտատական հանդիպումն է Մասիսում, պիտի լինես իմ վստահված անձը: Մյուս օրն իրենց տանը հավաքվեցինք՝ գազի Թաթարյան Ժորան, կինոռեժիսորներ Սերգեյ Իսրայելյանն ու Ռուբեն Գեւորգյանցը, ես, իր վարորդը, իր բաջանաղ Վանիկն ու որդու աները՝ Ալեքսանդր Սիրունյանը: Գնացինք Մասիս, ամողջ օրը շատ լավ անցավ, մեկ էլ դահլիճի դուռը բացվեց, ներս թափվեցին 15 տարեկան զինված երեխեք եւ հարձակվեցին Դեմիրճյանի վրա, հետեւից մեկն էլ գոռգոռում էր՝ դրան պետք է սպանել, դրա փորում արյուն կա, դրան պետք է գնդակահարել: Գիտե՞ք ով էր այդ մարդը՝ Խաչիկ Ստամբոլցյանը… Ի՞նչ տարբերություն, հոկտեմբերի 27-ի սցենարը նույնը չէ՞ր: Հիմա Ստամբոլցյանն ու ուրիշ քաղաքական խուլիգաններ եկել ղարաբաղյան «կլոր սեղանի» շուրջ են նստել եւ դեմագոգիայով են զբաղվում»,- փաստում է քանդակագործը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031