Լրահոս
Օրվա լրահոսը

2009-ից էլ նույն ակնկալիքներն ունեն

Հունվար 20,2009 00:00

Մշակույթի օջախների ղեկավարները 2008-ից գոհ են

Ընդունված է ասել, որ յուրաքանչյուր տարեվերջ անցածի ամփոփման՝ «ճտերը հաշվելու» ժամանակն է: Արվեստագետները, մշակութային օջախները, տարեվերջ ասելով, հասկանում են նաեւ հղացված ու նախատեսված ծրագրերի ամփոփում: 2008 թ. մշակութային օջախներում ձեւավորված բոլո՞ր ծրագրերն ու հղացումներն իրականություն դարձան: Այս առիթով «Առավոտը» լսեց մեր որոշ մշակութային օջախների տնօրենների խոսքը:

Ռուզան Սիրունյան, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն.- Այն, ինչ նախատեսել էինք 2008 թվականին, իրականացրինք: Առաջին անգամ Հայաստանից սիմֆոնիկ նվագախումբ, հանձին մեր կոլեկտիվի, հանդես եկավ Ճապոնիայում, ներկայացնելով ինչպես համաշխարհային, այնպես էլ հայ դասական երաժշտության նմուշներ: 2008-ի ընթացքում, ինչը կշարունակվի նաեւ այս տարի, մեր նվագախմբի հետ ելույթ ունեցան ինչպես տեղացի, այնպես էլ արտերկրյա երիտասարդ ու ճանաչված երաժիշտներ, այդ թվում՝ դասական երաժշտարվեստի աստղեր: 2009թ. երրորդ անգամ կանցկացնենք դասական երաժշտության երեւանյան փառատոնը, աշնանը հյուրախաղերի կմեկնենք Չեխիա, Գերմանիա, Ավստրիա: Պլանավորված են, ի թիվս այլ կոմպոզիտորների, նաեւ հայ հեղինակների երկերի կատարումներ: Օրինակ, պատրաստվում ենք անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգին: Հայտնի է, որ Ֆիլհարմոնիկը առանձին, ինչպես նաեւ Ազգային օպերային թատրոնի հետ, ներկայացնում է նաեւ օպերային արվեստ: Այս առումով 2009-ը բացառություն չի լինի, եւ հենց հունվարի 27-ին, Սուքիաս Թորոսյանի բեմադրությամբ, նվագախումբը եւ հրավիրված մեներգիչները հանդես կգան Լեոնկավալլոյի «Պայացներ» օպերայի ներկայացմամբ, որտեղ գլխավոր դերում հանդես կգա ճանաչված տենոր Գեղամ Գրիգորյանը:

Ստեփան Դավթյան, Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի տնօրեն.- 2008-ին թատրոնն աշխատել է գերծանրաբեռնված: Այսօր արդեն խաղացանկում ունենք շուրջ 20 ներկայացում, մասնակցել ենք Տրապիզոնում կայացած միջազգային փառատոնին, մեր հարկի տակ ընդունել Ստուրուայի, Ջիգարխանյանի թատրոնները, ինչպես նաեւ հանրահայտ ՄԽԱՏ-ը, կայացել են երկու ներկայացումների պրեմիերաներ. Սունդուկյան՝ «Էլի մեկ զոհ», Զեյթունցյան՝ «Արշակ թագավոր»: Անցյալ տարի պատրաստ էր նաեւ Ֆրիդրիխ Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը» ներկայացումը (բեմադրիչ՝ Վ. Շահվերդյան), սակայն այն տեղափոխեցինք այս տարվա մարտ ամիս, քանի որ մեր տաղանդաշատ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի հոբելյանն է, որը հիշյալ ներկայացման զարդն է: Մինչ այդ, փետրվարին թատերասերները հնարավորություն կունենան դիտելու Բրեխտի լավագույն գործերից՝ «Կովկասի կավճե շրջանը» (բեմադրիչ՝ Տիգրան Գասպարյան): Մի խոսքով, 2009-ին կաշխատենք ոչ պակաս գերծանրաբեռնված:

Արթուր Մխիթարյան, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի տնօրեն.- Անցած 2008-ին մեր երգչախումբը 18 բեմել է ունեցել ոչ միայն Երեւանում, այլեւ Կապանում, Սիսիանում, Գորիսում, այսպիսով՝ իրականացնելով նաեւ մշակույթի նախարարության կողմից տարվող մարզային ծրագրերը: Հյուրախաղերի ենք մեկնել Բուլղարիա, Չեխիա, Ֆրանսիա: Այս տարի էլ, բացի հայաստանյան համերգներից, գարնանը կապելլան ելույթներ կունենա ամերիկացի ունկնդրի առջեւ:

Հայկ Խերանյան, Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն.- Անցնող տարվա ընթացքում հանդես ենք եկել շուրջ 130 ներկայացմամբ՝ ունենալով 40 հազարից ավելի պատանի հանդիսատես: Հաջողությամբ ներկայացվեցին երկու պրեմիերաներ՝ Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» (բեմադրիչ՝ Դավիթ Հարությունյան) եւ ըստ Կտակարանի՝ «Անառակ որդին» (բեմադրիչ՝ Ռուբեն Մարուխյան), թատրոնը հաջողությամբ մասնակցեց Լվովում անցկացվող ամենամյա «Ոսկե առյուծ» փառատոնին, իսկ այս տարի պատրաստվում ենք Գդանսկում անցկացվող շեքսպիրյան հեղինակավոր փառատոնին: Առանց մանրամասնելու նշեմ, որ առաջիկայում մեր հանդիսատեսը կդիտի Հայաստանում դեռեւս չբեմադրված գործեր՝ Շեքսպիրից եւ Սարոյանից:

Էրիկ Չանչուրյան, Հայաստանի պարի պետական անսամբլի տնօրեն.- Հիշարժան էր հատկապես 2008-ին անսամբլի մասնակցությունը Սիրիայում Հայաստանի մշակույթի օրերին: Ունեցել ենք բազմաթիվ հայաստանյան ելույթներ, զուգահեռ պատրաստվել ենք այս գարնանը՝ անսամբլի 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգին, որում, բացի մեր գլխավոր բալետմայստեր Ասատուր Կարապետյանի բեմադրություններից, ժողովրդական պարարվեստի սիրահարները ակնդիրը կդառնան լեգենդար Վանուշ Խանամիրյանի, Մաքսիմ Մարտիրոսյանի, ինչպես նաեւ ամերիկաբնակ բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի պարային բեմադրություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031